«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2010-09-04 | #161, 2010-09-07 | #162, 2010-09-08


ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆ ԱՆՓՈՓՈԽՙ 7.25 ՏՈԿՈՍ

2010 թ. սեպտեմբերի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:

2010 թ. օգոստոսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 1.8 տոկոսային կետով` կազմելով 9.6%:

Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի արագացումը հիմնականում արդյունք է պարենային ապրանքների միջազգային շուկաների եւ գյուղատնտեսության ոլորտի զարգացումներով պայմանավորված` «Հացամթերք», «Բանջարեղեն եւ կարտոֆիլ» եւ «Միրգ» ապրանքախմբերում գների աճի: Խորհուրդը գնահատում է, որ չնայած գնաճի ցուցանիշը էապես գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը, այդուհանդերձ, այն առաջարկի շոկերի արդյունք է, որոնք, քիչ հավանական է, որ կունենան շարունակական բնույթ: Ակնկալվում է, որ հետագա ամիսներին 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնում ձեւավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ:

Միաժամանակ Խորհուրդը միակարծիք է, որ ներքին պահանջարկի աստիճանական վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի առաջացնում, ավելին, տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը եւ արժութային շուկայի ներկա զարգացումները շարունակում են նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը:

Հաշվի առնելով բացառապես առաջարկի գործոններով գնաճի արագացման փաստը, ինչպես նաեւ պարենային ապրանքների միջազգային շուկաների ապագա զարգացումների անորոշությունները, Խորհուրդը նպատակահարմար գտավ շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4