«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2010-09-04 | #161, 2010-09-07 | #162, 2010-09-08


ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՌԱԴԻՈՆ

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի ազգանունը պաշտոնի հավակնորդների ցանկում չկա:

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի փոխանցմամբՙ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն պետք է միավորվեին, ինչի առնչությամբ Ամիրյանը ստացել էր առաջարկ, սակայն առաջիկայում կառույցների միավորում չի սպասվում: Ամիրյանը երկար մտորելուց հետո ընտրել է իրեն հոգեհարազատը` ռադիոն: Հանրային ռադիոն պահպանելու է ծրագրերի` օրենքով սահմանված բոլոր ուղղությունները` մանկական, երաժշտական, մշակութային, քաղաքական-վերլուծական:

Վերանայվել է ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակվող ծրագրերի աշխարհագրությունը: Հոկտեմբերի 1-ից դրանք կհեռարձակվեն ավելի հասանելի ռադիոալիքներով: Նախատեսվում է ռադիոյի 17 հազար ձայնագրություններից մոտ 7.000-ը տեղադրել կայքէջում, որպեսզի հասանելի լինի բոլորին:

Նոր եթերաշրջանում նորություններ եւ փոփոխություններ կլինեն նաեւ Հանրային հեռուստատեսությունում: Հիմնական փոփոխությունները լրատվական, քաղաքական եւ վերլուծական ծրագրերի հետ են կապված: «Հայլուրի» թղթակցական կետերը կընդլայնվեն ու տաղավարը կթարմացվի: Արթուր Աբրահամի մարտերն էլ կցուցադրվեն միայն Հ1-ի եթերում:

Հանրային հեռուստառադիոխորհրդի որոշմամբ Գագիկ Բունիաթյանը երկրորդ անգամ նշանակվել է Հ1-ի գլխավոր պրոդյուսեր, Հրաչ Քեշիշյանը` հեռուստառադիոընկերության խորհրդի գլխավոր խորհրդական եւ խորհրդին կից ստեղծված գեղարվեստական հանձնաժողովի նախագահ, «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Գեւորգ Ալթունյանը` «Հայլուր» լրատվական հաղորդաշարի տնօրենի տեղակալ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4