Լոնդոնի աճուրդներից հայկական ձեռագրեր գնելու եւ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերելու ավանդույթը լոնդոնաբնակ Քյուրքչյանների գերդաստանում սկիզբ դրեց Սարգիս Քյուրքչյանը` իր կենդանության օրոք Մատենադարանին նվիրաբերելով 7 ձեռագիր` 17-րդ դարի «Պատարագամատույց», 16-րդ դարի «Սաղմոսարան», 17 դարի Ավետարան, 16-րդ դարի «Մանրուսմունք» եւ այլն: Հայոց գրի ու գրչության հանդեպ իր պաշտամունքը նա փոխանցեց երկու որդիներին` Ջորջին եւ Ջոնին, որոնց համար բարեգործությունը դարձավ կենսաձեւ, հայրենիքին տեր կանգնելու իրական միջոց:
Սարգիս եւ Աստղիկ Քյուրքչյանների առաջնեկը` Ջորջը, ծնվեց 1928 -ին Եգիպտոսում, որից հետո ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն, ուր Ջորջը փայլուն կրթություն ստացավ` դառնալով մի շարք կազմակերպությունների ղեկավար, այդ թվում` հայկական համայնքի, միաժամանակ նոր թափ տվեց ընտանեկան բիզնեսին` «Սարգիս Նազարեթ Քյուրքչյան» ընկերությանը, որ 1897-ին հիմնել էր պապը` Նազարեթը: Ջորջը հորից ժառանգեց ոչ միայն ֆինանսական հաջող գործարքներ կնքելու հմտություններ, այլեւ Հայ առաքելական եկեղեցուն զորավիգ կանգնելու եւ հայկական ձեռագրերը օտար ափերից հայրենիք հասցնելու հանձնառություններ: Նա դարձավ շարունակողը այն հայրենաշահ ծրագրերի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I-ի օրոք սկսել էր իրականացնել Սարգիս Քյուրքչյանը` նրա հետ հաստատելով ջերմ ու ընտանեկան հարաբերություններ: Քյուրքչյան եղբայրների հովանավորությամբ կառուցվեց ոչ միայն Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին, այլեւ ի նորո վերանորոգվեց Երեւանի Սբ Սարգիս եկեղեցին, որն այն ժամանակ առաջնորդանիստ էր հայաստանյան եկեղեցական կյանքում:
Երկար տարիներ լինելով Հայկական բարեգործական ընդհանուր միության փոխնախագահը, նա իր ուժն ու եռանդը նվիրեց հայրենիքը շենացնելուն եւ հայ հոգեւոր գանձերը փրկելուն: Վազգեն I-ի կողմից նա 1976-ին պարգեւատրվեց Հայ առաքելական եկեղեցու անդամանդակուռ շքանշանով, իսկ 1981-ին` «Ներսես Շնորհալի» շքանշանով:
Վերջին անգամ Ջորջը հայրենիք այցելեց Ջոնի հետ 2002 թվականին` Մատենադարանին նվիրաբերելու 17-րդ դարի նկարազարդ Ավետարան: Ծանր հիվանդությունից հետ 2005-ին նա կնքեց իր մահկանացուն` կիսատ թողած գործերն ու գերդաստանի ավանդույթները հանձնելով Ջոնին:
Օրեր առաջ, աշնան առաջին օրերին Ջոնը իր ընտանիքի ութ անդամների հետ եկավ Հայաստան` Մատենադարանին հանձնելու 17-րդ դարի գիտական եւ իմաստասիրական նյութերի արժեքավոր ժողովածու, 16-դարի նկարազարդ հմայիլ, հետո այցելելու Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` մասնակցելու Սբ Գայանեին կից մանկատան շենքի բացման արարողությանը:
Ջոն եւ Քրիստինա Քյուրքչյաններն իրենց զավակների հետ մոտ երկու ժամ անցկացրեցին Մատենադարանում, իրենց ներկայությամբ մեծագույն հաճույք պատճառելով մատենադարանցիներին, այդ ժամերը լցնելով լույս ու ժպիտով: Շրջեցին ցուցասրահներում, եղան ձեռագրերի վերանորոգման բաժնում, տեսան, թե ինչ բարվոք վիճակում են Քյուրքչյանների նվիրաբերած ձեռագրերը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանից ստացան հայ մանրանկարչության ալբոմներ, Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, Մատենադարանի 50-ամյակին նվիրված տեսաֆիլմը, իսկ Ջոն Քյուրքչյանն արժանացավ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալին:
«Սկզբում հայրս բավականին գործ արեց հայկական ձեռագրեր ձեռք բերելու համար, հետոՙ Ջորջը, ես վերջինն եմ, բայց հույս ունեմ, որ որդիս` Քրիստոֆերը, կշարունակի մեր գործը եւ սրանք վերջին ձեռագրերը չեն լինի: Հուսով եմ, շուտով դրանց կհաջորդեն նորերը», ասաց Ջոն Քյուրքչյանը: Տկն Քյուրքչյանն անչափ երջանիկ էր ձեռագրերը նվիրաբերելու համար. «Ուրախ եմ այս ձեռագրերը ձեզ հանձնելու եւ մասնագետներին ուսումնասիրության նոր նյութ մատուցելու համար», ասաց վեհաշուք եւ համեստ ազնվատոհմիկ տիկինը, որի դեմքից սեր եւ իմաստություն էր ճառագում:
Քյուրքչյանների եկեղեցանվեր գործունեությունը շարունակվում է նաեւ այսօր Գարեգին II- ի հետ իրականացնելով ազգաշահ բազում ծրագրեր, որոնցից վերջինը Սբ Գայանե վանքին կից մանկատան բացումն էր: Շենքը հիմնովին վերանորոգվեց Քյուրքչյանների բարերարությամբ` ի հիշատակ հոգելույս Ջորջ Քյուրքչյանի եւ նրա դստեր` Մարինա Քյուրքչյանի: Մանկատունը նախատեսված է կարիքավոր ընտանիքների եւ ծնողազուրկ 42 մանուկների եւ պատանիների համար: Այն կառուցելու ցանկությունը Ջորջ Քյուրքչյանը հայտնել է մահվան մահճում: Սարգիս եւ Աստղիկ Քյուրքչյանների աճյուններն ամփոփված են Սբ Գայանե գերեզմանատանը, որտեղ էլ մանկատան շենքի բացումից հետո կատարվեց հոգեհանգստյան արարողություն, եւ նրանց շիրիմների կողքին ամփոփվեց մեծ բարերար Ջորջ Քյուրքչյանի աճյունասափորը:
Քյուրքչյանների գերդաստանն, իրոք, այն բացառիկներից է, որոնք իրենց կենսագրությամբ եւ ապրելաձեւով աշխարհին ճանաչելի են դարձնում ազնվատոհմիկ հային: Ջոն Քյուրքչյանը մի քիչ է խոսում ու հասկանում հայերեն, որդին` Քրիստոֆերը հասկանում է, բայց չի խոսում, ցանկանք, որ թոռը Նարեկացու «Մատյանը» կարդա հայերեն:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ