«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2010-09-04 | #161, 2010-09-07 | #162, 2010-09-08


«ԱՆՑՅԱԼԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»ՙ ԳԼԽԱՎՈՐԱՊԵՍ ԱՆԳԼԻԱԽՈՍ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ԵՎ ՕՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լոնդոնում գրոծող «Օստին եւ Մակոլի» հրատարակչատունը հուլիսին լույս է ընծայել Սերժ Մոմճյանի «Անցյալի հիշողություններ» («Memories of the Past», London, Austin & Macauley publishers) գիրքը. «Ազգ» -ի խմբագրությունը, բացի մամուլի հաղորդագրությունից, շնորհակալությամբ ստացել է նաեւ, իր խնդրանքով, մեկ օրինակ հատորիցՙ ընթերցողներին ներկայացնելու նպատակով:

«Անցյալի հիշողություններ» գիրքը (190 էջ, գինըՙ 7,99 ֆունտ ստեռլինգ) ձոնված է հայազգի ընթերցողների ներկա եւ ապագա սերունդներին, ովքեր հետաքրքրություն կցուցաբերեն ծանոթանալու իրենց անցյալի հարուստ մշակույթի ժառանգությանըՙ դրանով իսկ փորձելով ավելի լավ ճանաչել իրենք իրենց:

Գրքում ներկայացված է Վարդան Աբելյանի պատմությունը (բոլոր գործող անձանց անուններն ու դեպքերի նկարագրությունները հնարովի են), ով երկու տարեկանում 20-րդ դարի առաջին եւ խոշորագույն կոտորածում կորցնում է իր ծնողներին եւ ինքըՙ մազապուրծ ու Կահիրե (Եգիպտոս) է փոխադրվում իր հորեղբորՙ Հովսեփի հոգատար խնամքի ներքո: 1930-ական թվերին, ԱՄՆ-ի համար ճգնաժամային այդ տարիներին, նա տեղափոխվում է «Նոր աշխարհ», որտեղ մի կերպ հաղթահարելով ինչպես լեզվական, այնպես էլ սոցիալական դժվարություններըՙ հետզհետե սկսում է խորամուխ լինել ոչ միայն իր սեփական արմատների, այլեւ իր ժողովրդի անցյալի հարուստ պատմության ամենափառավոր էջերի մեջ: Վարդանի կյանքն ամբողջովին փոխվում է, երբ հերթական անգամ «Հայ տուն» մշակութային կենտրոն այցելելովՙ պատահաբար, թերթում տպագրված մի փոքրիկ լրատվության միջոցով իմանում է, որ մայրը Թուրքիայում ողջ է, բայց մահմեդականացած եւ բոլորի կողմից մոռացության մատնված: Մոտ յոթ տասնամյակի բաժանումից հետո նա հասնում է իր ծննդավայրՙ Ուրֆա եւ ողջագուրվում հարազատ մոր հետ:

Սերժ Մոմճյանը ծնվել է Բեյրութում (դժբախտաբար չի նշված գրքում ծննդյան տարեթիվը): Երիտասարդ տարիքում Լոնդոն տեղափոխվելովՙ նախ սովորել է լրագրության, իսկ հետո հետեւել գեղարվեստական վեպեր գրելու վկայական շնորհող հատուկ կուրսերի: Որպես գրող եւ գրախոսող աշխատել է մի շարք հրատարակչություններում, ներառյալ Բեյրութի «Դեյլի Սթարը», որը Մերձավոր Արեւելքում անգլերեն հրատարակվող առաջնակարգ օրաթերթ է, եւ Լոնդոնի «Իվենտս» պարբերականին: Հեղինակ է «Հակամարտային խթաններ» (1994 թ.), «Անտեսանելի գիծը» (2000 թ.) եւ «Օպերայի երգիչը» (2004) վեպերի, որոնք Լոնդոնում են հրատարակված եւ գրաքննադատների ուշադրությանն արժանացած իրենց ներկայացրած հարցերին ոչ ստանդարտ, յուրահատուկ մոտեցում ցուցաբերելու համար: «Անցյալ հիշողությունները» նրա առաջին պատմական վեպն է:

Վերջին տարիներին նմանատիպ գրքեր շատ են գրվում: Պատճառը հավանաբար մեծագույն ողբերգության մոտալուտ 100-ամյակն է: Այս մեկը հիշեցնում է 1997-ին հրատարակված Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» հատորը, բայց անշուշտ չունի նրա սուր եւ հրաշալի սյուժետային զարգացումը: Բավականին թույլ է գեղարվեստական պատկերների, մարդկային բնավորությունների, տրամադրությունների եւ դեպքերի նկարագրությունների մատուցումը: Պակասում են ազգային պատկանելության, ժամանակաշրջանի, միջավայրի, կենցաղի եւ այլ առանձնահատկությունները բնութագրող գեղարվեստական գունավորումը, ապրումների, երեւույթների ընկալման եւ գնահատման գեղագիտական զգացմունքը: Երբեմն (13-18-րդ գլուխներում) նյութը սահմանափակվում է դեպքերի սոսկ հաջորդական նկարագրությամբ, որը դրանց տալիս է դասագրքային բնույթ: Եվ ամենակարեւորըՙ նշված բոլոր հերոսական դեմքերի (Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Մեսրոպ Մաշտոց, Լեւոն Ա եւ այլք) շարքում, որոնցում երբեմն երկրորդական-երրորդական անուններ կան, անտեսված է Զորավար Անդրանիկը, որի անվան հետ են կապված մեր պատմության կարեւորագույն հաղթարշավները: Եվ եթե Արարատ լեռան առնչությամբ նշվում է Դորպատի համալսարանի պրոֆ. Ֆ. Պարրոտի անունը, ապա պետք է նշվեր նաեւ Խաչատուր Աբովյանի անունը: Այդուհանդերձ գիրքը հետաքրքրությամբ է կարդացվում, դյուրըմբռնելի է, շարադրանքը զերծ է բարդ կառուցվածքներից, եւ որոշ հատվածներ (Լաթիֆ Օդօղլու իրական դեմքի բացահայտումը, Ուրֆայում մոր հետ հանդիպումը, Նարեկացու «Մատյան ողբերգության» ներկայացումն ու մեկնաբանությունները) ուղղակի ցնցող են եւ առինքնող:

Չլինելով պատմաբանՙ չենք անդրադառնում գրքում նշված պատմական փաստերի ճշգրտությանը, սակայն ենթադրում ենք, որ իրողությունները ներկայացված են ճշմարտացիորենՙ հիմնվելով այն երախտագիտական խոսքերի վրա, որ հեղինակը հատորի սկզբում հայտնում է ընդհանրապես Հայկական հանրային գրադարանի աշխատակիցներին եւ մասնավորապես Դիըրբոռնի Միչիգան համալսարանի պատմության դասախոս, պրոֆ. Արա Սանջյանին այդ բնագավառում իրեն ցուցաբերված անշահախնդիր օժանդակության համար:

Գիրքը արդարացիորեն կարող է ծառայել, ինչպես նշված է «Ձոնված է» էջում, հայազգի, բայց այլալեզու ընթերցողների այն սերունդներին, ովքեր նոր են բացահայտում իրենք իրենց եւ ծանոթանում իրենց անցյալի պատմությանը:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4