«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2010-09-04 | #161, 2010-09-07 | #162, 2010-09-08


ԵՐԳԻ ԹԵՎԵՐՈՎ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ

Հայ երգը... Հայ երգը մի վսեմ պատմություն է... Հայ երգը «բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թեւին թռչելով» Հայոց աշխարհի գավառից գավառ, դարեդար վառել է հայ մարդու հոգու մեջ օջախի, ապրելու եւ հարատեւելու անմար ճրագը: «Ամպի տակից դոշ տալով փրփրուն», «դարիվ-դարիվ խփվելով» ժամանակի հունի մեջ, խնկարկված սեգ լեռների կարկաչախոս ու վճիտ աղբյուրների օրհներգով, գեղատեսիլ հովիտների, դաշտերի ու անդնդախոր կիրճերի բազմերանգ ծաղիկների արբեցնող բույրով, եկել հասել է մեզ եւ շարունակվում է մեզանով: Հայ երգը հայ մարդու կեցության անբաժանելի մասն է եղել եւ հիմա էլ կա: Այն, ինչպես աղոթքը, մշտապես հնչել է նրա օջախում, արտահայտել է նրա նիստուկացը, ավանդույթները, կատակն ու տխրությունը, հավատքն ու աշխատանքը, կարոտն ու կանչը, վաստակը, հույսն ու երազանքը...

Հայ երգը հայ մարդու հոգեւոր աշխարհի` «Անլռելի զանգակատան», արթուն ժամահարն է եղել... Հայ երգը քարացել է մեր հիասքանչ խաչքարերում, վսեմաշուք վանքերի ու եկեղեցիների սրբացած պատերի մեջ, ամփոփվել մեր գողտրիկ, նախշուն կարպետներում ու գորգերում:

Հայ երգը հայի ոգու երգն է, որն արտահայտվել է դյուցազնական Սասնա ծռերով, հոգեզմայլ ու մեռոնաշաղ շարականով ու տաղով, աստվածային Նարեկացու Ողբերգության Մատյանով, զարմանահրաշ մանրանկարչությամբ, կոմիտասյան արեւախանձ ու քրտնաբույր հորովելով, «մեր հին սազի ողբանվագ, լացակումաց լարով», «նաիրյան աղջիկների հեզաճկուն պարով», ոսկեհնչյուն ու գունագեղ, անուշահամ մեր բարբառներով...

Վկաՙ աստվածաշնչյան լյառն Արարատ, որի գագաթի պես «լուսապսակ գագաթ չկա», ուր իջեւանեց Նոյն իր տապանով, եւ մաքրագործված մարդկությունը սկսեց իր առաքինի կյանքը:

Այդ երգը կլսի նա, ով ոտք կդնի «Հայաստան, երկի՛ր դրախտավայր»:

Դարերի երգն է դա: Եվ այդ երգի մեջ են ամփոփված Հայը եւ Հայկազունք:

Նրա համար երգը ճակատագիր է

60-ականների վերջին երգի դաշտ իջավ Ռոբերտ Ամիրխանյանը եւ այնտեղ գրավեց մի տեղ, ուր ոչ ոք ոտք չէր դրել: Եվ ահա քառասուն տարի է նա այնտեղ է եւ մշակում է պարտեզը իր հոգեզմայլ երգերի, որ պտուղն են իր պարարտ հոգու: Այդ հոգու պարտեզից մեզ են հառնում նրա երգերը տարվա եղանակների նման, երբեմն գարնանային զարթոնքի ուժով եւ բույրով, առավել` ամառային թովիչ գիշերվա զմայլանքով, մերթ աշնանային անուշ տրտմությամբ ու հազվադեպ` ձմեռային խստությամբ: Այդ երգերում կա հայի աչքերի կարոտը... Ի՞նչն է մեզՙ լսողներիս, հուզում. անկեղծությունը, մեղեդայնությունը, բանաստեղծական շունչը: Նրա մեղեդիները հարուստ են զգացողության բոլոր նրբագույներով, որոնք հատուկ են մարդուն. հումոր, սենտիմենտալություն, ուրախություն, տխրություն, կարոտ, հայրենասիրություն, հավատ, սեր, որոնք պարուրում են մեր հոգին ու շարժում միտքը:

Ռոբերտ Ամիրխանյանի մեղեդիական քանքարը նախաստեղծ մաքրություն ունի եւ բխում է իր միջից մեր հայրենի բնության լեռնային բազմաչ, վճիտ աղբյուրների պես: Նրա երաժշտական խոսքն ունի մարդկային ջերմություն, այս պատճառով էլ նրանք սիրելի են ե՛ւ երիտասարդ, ե՛ւ միջին, ե՛ւ ավագ սերունդներին: Նրա մի շարք երգերը դասվում են 40-50-ականներին ստեղծված հանճարեղ երգերի շարքը, երգեր, որոնք մշտապես ուղեկցել են իմ սերնդի մարդկանց եւ մինչեւ հիմա էլ շարունակում են հուզել: Ռ. Ամիրխանյանը վերջին քառասուն տարիների հայ քնարաշխարհի ամենաերաժշտական ուղեղն է, կենդանի դասական: Ռ. Ամիրխանյանի բազմաթիվ երգերը, իսկ այդ երգերի գենը սերված է հայ ժողովրդի արվեստի գենից, մնալու են մշտապես, քանի դեռ ապրում է հայը:

Չկա կոմպոզիտորի համար ավելի մեծ երջանկություն, քան այն, որ մի քանի տասնյակ տարիներ հետո, երբ ինքն այլեւս չի լինի, իր մի քանի երգերը ժամանակի ընթացքում կդառնան, ավելի ճիշտՙ կընկալվեն, իբրեւ ժողովրդական: Մարդիկ կերգեն, չիմանալով, որ դրանք ստեղծել է կոմպոզիտոր: Իսկապես մեծագույն երջանկություն, որը սպասում է Ռ. Ամիրխանյանին: Եվ տարիների խորքից նրա պատմական ժպիտը ժամանակի մեջ կուղեկցի բոլոր սերունդներին, քանի այդ երգերը երգվում են:

Ուրեմն այդ երգերը կլինեն մշտապես ներկա ապագայի ներկայում:

***

Երգը` մարդու էության առհավատչյան, նրա բազմաբովանդակ կյանքի մշտական ուղեկիցը, մենք լսում ենք դեռ աշխարհ չեկած, մամիկների սրտի բաբախումի տակ, մայրական կաթը ուտելիս, օրորոցում, մեր կյանքի ամբողջ ընթացքում, մեր օրերի արշալույսին` ցնծության, երիտասարդ տարիներինՙ ավելի ուրախության եւ պակաս տրտմության ժամերին, ծերության օրերինՙ որպես կարոտ անցած ու անվերադարձ, հուշ դարձած կյանքի, եւ երբ մարդուն ուղեւորում են հավերժություն...

Կյանքը սկսվում է երգով եւ ավարտվում է երգով:

Օրհնյալ է երգը:

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Դիրիժոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4