Հայաստանըՙ հնագույն աստղագիտական կենտրոն
Հայ-բրիտանական «Քարեր եւ աստղեր» ծրագրի հայաստանյան արշավախմբի գլխավոր գիտական խորհրդական Վաչագան Վահրադյանն արդեն երկար ժամանակ հետազոտում է Քարահունջը: Հետազոտություններով բացահայտվել են հուշարձանի եւ Կարապի համաստեղության կապը, հուշարձանի աստղագիտական նշանակության վարկածն ու կապը անգլիական Սթոունհենջի հետ: Սրանք ու էլի մի շարք փաստեր Վահրադյանն ուղարկել է Օքսֆորդի համալսարան. պատասխանը չի ուշացել. փաստերը հետաքրքրական են, համագործակցությունը` անհրաժեշտություն:
Վերջին շրջանում գրեթե ամեն շաբաթ Վահրադյանը նոր բացահայտումներ է արել. Նա համոզված է, որ հայկական Քարահունջն ավելի հին ծագում ունի, քան Սթոունհենջը:
Հնագետները Քարահունջին վերագրում են 3800-ամյա պատմություն, հենվելով այնտեղ հայտնաբերված իրերի վրա, մինչդեռ Վահրադյանի մաթեմատիկական եւ աստղագիտական հաշվարկների հիման վրա Քարահունջն ունի շուրջ 7000-ամյա պատմություն:
Զուգահեռներ անցկացնելով Քարահունջի եւ Սթոունհենջի միջեւ, Վահրադյանը շեշտում է երկու կառույցների նմանությունը: Հայկական եւ բրիտանական կառույցներում հստակ ուրվագծվում են դեպի հյուսիս-արեւելք ուղղված քարե միջանցքները, որոնք հնարավորություն են տալիս պարզելու ամառային արեւադարձի օրը: Նրա ներկայացմամբ, սա փաստում է, որ երկու կառույցների հեղինակներն էլ միեւնույն մշակութային արժեքների կրողն են եւ լավ տիրապետել են աստղագիտությանը:
Վահրադյանը մեջբերում է Տրոյան հայտնաբերած Հենրիխ Շլիմանի խոսքերը. «Եվրոպայի ողբերգությունն է, որ իր քաղաքակրթության հիմք ընդունեց ոչ թե հայկական, այլ հին հունական մշակույթը»: Շլիմանը ոչ միայն հավասարեցնում էր երկու մշակույթներ, այլեւ նախապատվությունը տալիս էր հայկականին: Հայկական մշակույթի եւ հին շրջանում քաղաքակրթության առաջնորդողի լավագույն օրինակներից մեկն էլ Արեւմտյան Հայաստանի Պորտասար վանական համալիրն է: Համադրելով երեք կառույցների լուսանկարները, քարերի ձեւն ու համաստեղությունները, Վահադյանը փաստում է, որ հուշարձանները կարծես միմյանց շարունակությունը լինեն: Երեք կառույցների քարերի վրա պատկերված է համաստեղությունների բաժանված աստղային երկինքը` Անգղի (Կարապի) համաստեղության շուրջը: Հնագետ Կարլ Շմիդտը կառույցին վերագրում է 12.000 տարվա պատմություն, ինչը փաստում է, որ Հայկական լեռնաշխարհում Աստղային երկինքը համաստեղությունների էր բաժանված 12.000 տարի առաջ:
Այսօր թուրքերը հայկական Պորտասար վանական համալիրն անվանում են Turkish Stonehenge եւ ներկայացնում որպես թուրքական աստղագիտության ժառանագություն: Թուրքական խեղաթյուրման դեմ գիտնականները ոչինչ չեն ձեռնարկում:
Մյուս շաբաթ Հայաստան կժամանի Օքսֆորդի համալսարանի պատվիրակությունը` աշխարհագրագետ, հոգեբան, մաթեմատիկոս, աստղաբաններ: Պեղումները կտեւեն շուրջ 2 շաբաթ:
Մինչ գիտնականը փորձում է աշխարհին մատուցել Քարահունջի հսկայական արժեքը, այնտեղ մարդիկ ոչխար են արածացնում: Թեպետ կառույցն ընդգրկված է հուշարձանների պահպանման ցանկում, սակայն ոչ միայն անվտանգությունը, այլեւ պահակի ներկայությունն ապահովված չէ: Անտարբերության պարագայում հուշարձանի 35-րդ քարը վերջերս գողացել են:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ