Երեկ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղ էին եկել նաեւ հարեւան համայնքների բնակիչները, որոնք դիմավորեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտանտային, պատվավոր հյուրերին եւ ԱՄՆ-ից ժամանակ դեսպանի մորը:
Նորատուս (կամՙ Նորադուզ) գյուղը հիմնվել է 1829 թ., սակայն բրոնզե դարի գտածոների ու միջնադարյան կառույցների առկայությունը փաստում է, որ հինավուրց պատմություն ունեցող մի բնակավայր է, որի տարածքը զբաղեցնում է շուրջ 800 խաչքարՙ փորագրված 9-17-րդ դարերում, եւ համարվում է աշխարհում ամենամեծ գերեզմանադաշտ-խաչքարի բացօթյա թանգարան, իհարկե, Ջուղայի (Նախիջեւան) պատմական գերեզմանատնից հետո: Եվ ահա մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի միջոցներով, հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի (AMAP) նախաձեռնությամբ 2,5 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել Նորատուսի գերեզմանզատան վերանորոգման, կանաչապատման, մոտ 900 մետր ցանկապատման, ճանապարհի բարեկարգման աշխատանքներին: Մեկ տարի տեւած աշխատանքների ավարտի եւ հանդիսավոր բացման արարողությունը կատարվեց խաչքարերի դամբարանադաշտի մուտքի մոտ, որի ընթացքում ելույթներ ունեցան դեսպան Յովանովիչը, Ռալֆ Յիրիկյանը (գլխ. հովանավոր), Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, գյուղապետ Մուրադ Հարությունյանը եւ ուրիշներ: Ծրագրին իրենց մասնակցությունն են բերել մի շարք դոնոր կազմակերպություններ, որոնք էլ մասնակցում էին տոնական միջոցառմանը: Համայնքը ծրագրին հատկացրել է 1 միլիոն դոլար ու դեռ շարունակում է բարեկարգել գյուղի ճանապարհը:
Ծրագրի մասնակիցները կարեւորեցին պատմական հնավայրի պահպանությունն ու այն սերունդներին փոխանցելու գաղափարը եւ խոստացան, որ դրանով չի սահմանափակվի համագործակցությունը: Ջերմ ու շնորհակալական խոսք հղեց Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս եպս. Հովհաննիսյանը, նշելով, որ 7000 բնակչություն ունեցող Նորատուսի բնակչության հոգատարության շնորհիվ է, որ մեզ է հասել իր տեսակով ու չափերով աշխարհում եզակի կանգուն խաչքարերի դամբարանադաշտը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Նորատուս