«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2010-09-04 | #161, 2010-09-07 | #162, 2010-09-08


ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՊԱՐԳԵՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ավելի քան 100 երկրների 1500 ըմբիշներ են ժամանել Մոսկվա, որտեղ մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Մրցաշարը սկսվեց հունահռոմեական ոճի ըմբիշների մրցավեճով: Մրցումների առաջին օրն իրենց հարաբերությունները պարզեցին մինչեւ 55, 66 եւ 96 կգ քաշային ըմբիշները: Մրցագորգ դուրս եկած հայաստանցի 3 ըմբիշներից առավել հաջող ելույթ ունեցավ Ռոման Ամոյանըՙ արժանանալով բրոնզե մեդալի:

Հայ ըմբիշն առաջին երեք գոտեմարտերում ոչ մի միավոր չզիջեց մրցակիցներինՙ հաջորդաբար առավելության հասնելով եգիպտացի Մուստաֆա Հասան Աբդելալի (7-0), ճապոնացի Կոհեյ Հասեգամայի (10-0) եւ կուբացի Գուստավո Բալարտ Մարինի նկատմամբ (4-0): Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցն իրանցի անվանի ըմբիշ, աշխարհի քառակի եւ Ասիայի եռակի չեմպիոն Համիդ Մոհամադ Սորիան էր: Մրցակիցները միմյանց քաջ ծանոթ էին: Անցյալ տարի Հեռնինգում անցկացված աշխարհի առաջնությունում նրանք գոտեմարտել էին եզրափակիչում: Հաղթել էր իրանցի մարզիկը: Այս անգամ էլ հաջողությունն ուղեկցեց իրանցի ըմբիշին, որն առավելության հասնելով 3-0 հաշվով, մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Սուրիան 5-0 հաշվով պարտության մատնեց կորեացի Կյու Ջին Չոյուին եւ 5-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Իսկ Ռոման Ամոյանը ստիպված էր բրոնզե մեդալի համար գոտեմարտել բուլղարացի Վենելին Վենկովի հետ: Հայ ըմբիշի առավելությունը բացահայտ էր (27-0): Այսպիսով, աշխարհի առաջնությունում Ռոման Ամոյանն առաջին մեդալը պարգեւեց Հայաստանի հավաքականին: Ռոմանը մեր բազմափորձ ըմբիշներից է: Նա Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է, 2006-ին Մոսկվայում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, 3 անգամ էլ Եվրոպայի առաջնություններում 2-րդ մրցանակակիր է դարձել: Աշխարհի առաջնություններում Ռոմանը 2-րդ մեդալը նվաճեցՙ արծաթին ավելացնելով բրոնզե պարգեւը: Ամոյանը 2001-ին հռչակվել է երիտասարդների աշխարհի չեմպիոն, իսկ հաջորդ տարի հաջողությունը կրկնել է Սուբոտիցայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մինչեւ 66 կգ քաշայինների մրցաշարում Հայաստանի պատվիրակ Արման Ադիկյանն անհաջող հանդես եկավ: Առաջին գոտեմարտում հաղթելով վրացի ըմբիշ Մանուչար Չխադային (6-3), Արմանը 2-րդ մրցամարտում 4-6 հաշվով զիջեց ադրբեջանցի Վիտալի Ռահիմովին ու դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ Ռահիմովը դարձավ բրոնզե մեդալակիր:

Այնուամենայնիվ, քաշային այս կարգում էլ հայ ըմբիշն արժանացավ մեդալի: Խոսքն Ուկրաինան ներկայացնող Արմեն Վարդանյանի մասին է: Նա միեւնույն 2-1 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Ֆաբիեն Գուենոտի եւ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ, ապա պարտության մատնեց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆարուկ Սահինին (3-0) եւ թուրք Վասիֆ Արզիմանովին (2-1): Աշխարհի չեմպիոնի կոչման համար գոտեմարտում Արմենի մրցակիցը Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Ամբակո Վաչաձեն էր: Գոտեմարտն ավարտվեց վրացի ըմբիշի հաղթանակով (3-0):

28-ամյա Արմենը եւս տիտղոսակիր ըմբիշ է: Նա Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն: Վարդանյանն աշխարհի առաջնություններում 2-րդ անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Առաջին անգամ նա նման հաջողության էր հասել 2003-ին:

Մինչեւ 66 կգ քաշային կարգում հանդես եկավ եւս մեկ հայ ըմբիշՙ Շվեդիան ներկայացնող Շարուր Վարդանյանը: Նա անհաջողության մատնվեց առաջին իսկ գոտեմարտումՙ զիջելով Ջուլիան Պանաիտին (0-6):

Անհաջող էր նաեւ մինչեւ 96 կգ քաշայինների մրցավեճին մասնակցած Սարգիս Տոնոյանի ելույթը: Նա պարտվեց ուկրաինացի Օլեգ Կրյոկային (6-7) ու դուրս մնաց հետագա պայքարից: Չեմպիոնի տիտղոսին արժանացավ իրանցի Ամիր Ալիկբարին, որը եզրափակիչում հաղթեց բելառուսցի Տիմոֆեյ Ձինիչենկոյին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4