Ադրբեջանը քվեարկությունից հանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացված բանաձեւը: Հերթական անգամ, հերթական հակահայկական ձեւակերպումներով ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանի օրակարգում քվեարկության էր դրվելու մի բանաձեւի նախագիծ, որ շրջանառության մեջ էր դրել Ադրբեջանը:
«Միջազգային հումանիտար եւ մարդու իրավունքների միջազգային նորմերի պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անվանումը կրող բանաձեւի նախագիծը, որ, որոշ տեղեկությունների համաձայն, կարող էր քննարկման առարկա դառնալ սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական` 64-րդ նիստում, ի հայտ էր եկել դեռեւս հուլիսի սկզբներին, սակայն, ինչպես տեղեկանում ենք, այդպես էլ բանաձեւ չդարձավ:
Թե ինչն է վերջին պահին դրդել Ադրբեջանին, իսկ գուցե նաեւ ստիպել, որ քվեարկության չդնի իր իսկ ներկայացրած բանաձեւը, դեռեւս կպարզվի: Սակայն պետք է ընդունել, որ այդ հարցում, ամենայն հավանականությամբ, իր դերակատարությունն են ունեցել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, այնպես էլ Հայաստանը:
Ա.Հ.