«Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել» գրքի նպատակն է աշխարհին տեկեղացնել ԼՂ հիմնահարցի պատմական, քաղաքական, էթնիկ-մշակութային կողմերը, ներկայացնել հիմնահարցի իրական պատմությունն ու առանձին դրվագներ ռազմական գործողություններից:
ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը: Շուտով լույս կտեսնեն նաեւ անգլերեն, ռուսերեն եւ պարսկերեն տարբերակները: ԼՂ անկախության 19-ամյակի կապակցությամբ գիրքը բաժանվել է բուհերին եւ ավագ դպրոցներին: Գիրքն իր ուրույն տեղը կգտնի նաեւ տարբեր երկրներում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու պատվիրակությունների գրապահարանում, որ, ներկայացնելով ճշմարտությունը Արցախի մասին, համարժեք պատասխան լինի ադրբեջանական կեղծիքին: Քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ-ի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը գիրքը կազմելու ժամանակ ուշադրությունը սեւեռել է այն հանգամանքին, որ ԼՂ անկախության ճանաչմանը խոչընդոտող իրավական, պատմական, քաղաքական հիմք ու փաստարկ չկան: «Որեւէ փաստարկ չկա, որ Ադրբեջանը կարող էր օգտագործել մեր դեմ ազնիվ պայքարի դաշտում: Իհարկե, Բաքվից կեղծ փաստարկների հեղեղ է թափվում, բայց այդ փաթեթում որեւէ ճշմարիտ փաստարկ չկա», ասաց նա:
Քաղաքագետը նշում է, որ բազմաթիվ փաստերի առկայությունն իրադրությունը չի փոխում, եւ դրանք բանակցություններում ներառել չի հաջողվում: «Դեռ չենք համոզել աշխարհին, որ Ադրբեջանի բերած փաստարկները կեղծ են»:
Գրքում Մանասյանը զարգացրել է այն գաղափարը, որ Արեւմուտքը պատասխանատվություն է կրում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համար: «1991 թ. Արեւմուտքը որոշեց հետխորհրդային տարածքում նորանկախ պետությունները ճանաչել նախկին Խորհրդային Միության սահմաններով: Բոլոր պետությունների համար դա արդարացված էր, բացառությամբ` Ադրբեջանի: Խորհրդային Ադրբեջանի սահմաններում կային տարածքներ` Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը, որոնք ԽՍՀՄ իրավական-քաղաքական դաշտից դուրս նրա ենթակայության տակ լինել չէին կարող»:
Մանասյանը շեշտում է, որ Ադրբեջանի ինքնիշխանությունն այդ տարածքներում սահմանափակող որոշումներ կան: Արեւմուտքի նպատակն էր կազմաքանդել ԽՍՀՄ-ը. ամենահեշտ տարբերակը Ադրբեջանը ճանաչելն էր, ինչը հակասում է միջազգային իրավունքին, ինչի հետեւանքով Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահել պատերազմ սանձազերծել ու իր տարածքում ապրող հայերին ենթարկել ցեղասպանության: «Արեւմուտքը պատերազմ սանձազերծելու իրավունք է տվել մի երկրի, որը 1988-ից սկսած ցեղասպանություն է իրականացրել: Արեւմուտքը դա մոռացավ` ինչը հետագա գործողությունների համար վճռորոշ գործոն հանդիսացավ»:
Մանասյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի սահմաններին եւ դրանց նկատմամբ լեգիտիմ ինքնորոշման բացակայության փաստին: «Եթե յուրացնենք այն դրույթը, որ սահմանները հանդես են գալիս ինքնորոշման ակտով, ապա կտեսնենք, որ ադրբեջանական մերօրյա հանրապետությունը լեգիտիմ սահմաններ չունի, հետեւաբար տարածքային ամբողջականության սկզբունքն այսօր էլ Ադրբեջանի համար կիրառելի չէ: ԼՂՀ-ն կայացել է լեգիտիմ ձեւով միջազգային իրավունքի տեսանկյունից, իսկ Ադրբեջանը տարածքային ամբողջականության եւ սահմանների լեգիտիմության տեսակետից օրինական պետություն չէ»: Մանասյանը խորհուրդ է տալիս այս փաստն անընդհատ շահարկել, ներկայացնել միջնորդներին: «Ժողովրդավարությունը շրջափակման մեջ» ենթավերնագրում էլ Մանասյանն անդրադառնում է ԼՂՀ-ին: Արեւմտյան դիտորդների վկայությամբ ԼՂՀ-ում կայացած որեւէ ընտրություն գերազանցում է եվրոպական չափանիշները, սակայն միջազգային հանրությունն ու եվրոպացիները չեն ճանաչում այդ երկրի անկախությունն ու ընտրությունները, ինչը նույնպես հակասություն է: Փաստորեն Եվրոպան մերժում է իր իսկ առաջադրած սկզբունքները:
Գրքում օգտագործվել է ավելի քան 50 փաստաթուղթ: Մանասյանը կարեւորում է ոչ թե փաստաթղթերի քանակը, այլ նշանակությունը: Ներկայացված նյութերը հիմանվորվում են փաստական նյութերի, սկզբնաղբնյուրների, նկարների եւ իրավական ակտերի, պայմանագրերի բնօրինակների պատճեններով:
ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի փորձագետ Ալեն Ղեւոնդյանի փոխանցմամբՙ գրքում ներառված են սումգայիթյան ողբերգությանը, Բաքվի ջարդերը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումն ու Մարաղայի ցեղասպանությունը: «Նմանօրինակ գրքերի հրատարակությունը շարունակական բնույթ կկրի: Ի տարբերություն մեր հարեւանի, որ էժանագին սենսացիաների է դիմում եւ կեղծում պատմությունն ու արժանանում եվրոպացիների ծաղրանքին, հայկական կողմը գրքում ներկայացնում է միայն փաստեր, լուսանկարներ», ասաց նա:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ