Վրաստանը Հայաստանից չի նեղանում, երբ վերջինս չի հայտնվում այնպիսի բանաձեւերի կողմ երկրների ցանկում, որպիսիք ներկայացնում է Վրաստանը: Այդպիսի մի բանաձեւի վերջին օրինակ է ՄԱԿ-ում երեքշաբթի անցկացված վրացական բանաձեւը, որը վերաբերում էր իրենց բնակության նախկին վայրեր փախստականների վերադարձին: Խոսքը մասնավորապես Աբխազիա եւ Հարավային Օսիա վերադարձի մասին էր, որի առնչությամբ ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումը, ի դեպ, Վրաստանում «դիվանագիտական փոքր հաղթանակ» է ներկայացվում:
Վրացական լրատվամիջոցները այս հարցում Վրաստանի դիրքորոշումը ներկայացնելիս բավականին հետաքրքրական ձեւակերպումներ են օգտագործել` վրաց կառավարության փոխարեն նեղացածի կերպարն իրենցով ներկայացնելով: «Գրուզիա օնլայն» կայքէջի մատուցմամբ, «փախստականների վերադարձի, Վրաստանի տարածքային ամբողջականության եւ փաստացի Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման դեմ են հանդես եկել 17 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը եւ Հայաստանը»:
Այս առնչությամբ է, որ Վրաստանը գտնում է, որ Երեւանի հետ այս բանաձեւին կողմ քվեարկելու բանակցություններում արդյունքի չի հասել, ու չնայած դրան, Երեւանի քայլերը ՄԱԿ-ում չպետք է առիթ դառնան երկու երկրների հարաբերություններում խնդիրների առաջացման համար: Այսպիսի հայտարարություն է արել վրաց փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն:
«Հայաստանը, բնականաբար, ունի իր ինքնուրույն շահերը, որոնց հիման վրա էլ որոշումներ է ընդունում: Տվյալ դեպքում Երեւանը ղեկավարվել է իր շահերով: Որոշումը, որ ընդունեց պաշտոնական Երեւանը վրացական բանաձեւի առնչությամբ, իհարկե, ափսոսանք է հարուցում, սակայն դա չպետք է առիթ դառնա մեր երկկողմ հարաբերություններում ճաքերի առաջացման համար», ասել է Քալանթաձեն:
Միեւնույն ժամանակ, վրաց արտաքին գերատեսչությունը լռություն է պահպանում մեկ այլ հարցում հերթական ոչ կոռեկտ հայտարարության առնչությամբ, որ Հայաստանի հասցեին այս անգամ արել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Գրիգոլ Վաշաձեն: «Ազգն» արդեն ներկայացրել է, թե ինչպես, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վաշաձեն իբր հայտարարել է, թե ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը սպառնում է Հայաստանի անկախությանը:
Մինչդեռ նույն վերը մեջբերված տիկին Քալանթաձեն հենց արձանագրության ստորագրման օրերին հայտարարել էր, թե այդ հարցը Հայաստանի գործն է, եւ նման արձանագրության ստորագրումը Վրաստանը չի դիտարկում որպես սպառնալիք: Վաշաձեի այս հայտարարության առնչությամբ իր մեկնաբանություններն էր ներկայացրել նաեւ Հայաստանի ԱԳ նախարարությունը, նշելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի կիսում Վրաստանի արտգործնախարարի կարծիքը:
«Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացրած այդ տեղեկատվությունը, սովորության համաձայն, աղավաղում է պարունակում», մեկնաբանել էր ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվելու Հայաստանի գործերին եւ մեկնաբանություններ անելու Հայաստանի անվտանգության հարցերի վերաբերյալ:
Չեն հաստատվում, սակայն չեն հերքվում նաեւ տեղեկությունները, թե վրաց արտաքին գերրատեսչությունը հայտարարություն է պատրաստում ադրեբջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության առնչությամբ: Ամեն դեպքում, եթե հաշվի առնենք վրացական լրատվամիջոցների նեղացած տոնն ու վրաց փոխարտգործնախարարի ափսոսանքը Հայաստանի կողմից վրացական բանաձեւին դեմ քվեարկելու առնչությամբ, հատկապես որ Հայաստանի հետ բանակցել են դրական արձագանքի ակնկալիքով, ապա ստացվում է, որ Վաշաձեն կարող էր այդ «ափսոսանքով» պահին Հայաստանի հասցեին ոչ կոռեկտ հայտարարություն անել:
Վրաց քաղաքական գործիչների, նաեւ դիվանագետների պարագայում այսպիսի հայտարարությունները բնավ էլ զարմանալի բան չեն: Բայց դե մի օր պիտի Վրաստանում էլ հասկանան, որ ում հասցեին եւ ինչ ասես ասել, հետո ողջագուրվել ու եղբայր ներկայանալ չի կարելի. առնվազն անտակտ է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ