«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2010-09-08 | #163, 2010-09-09 | #164, 2010-09-10


ԽԱՉՎԵՐԱՑ

Այս տարի սեպտեմբերի 12-ին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարեւոր տոներից է: Այն նաեւ տաղավար հինգերորդ եւ վերջին տոնն է:

Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում` կիրակի օրը:

Տոնի պատմությունը շատ հետաքրքրիր է: Սուրբ խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտիՙ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

614 թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներինՙ Սուրբ Հարության տաճարից գերեւարվում եւ Պարսկաստան է տարվում նաեւ Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում եւ դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սբ խաչը եւ այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդը անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաեւ հունական մասի հայոց զորքըՙ Մժեժ Գնունու գլխավորությամբ:

Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ. Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում եւ իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելովՙ բարձրացնում է Սբ Հարության վերանորոգված տաճարումՙ ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց եւ սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակըՙ Խաչվերացը:

Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուսը խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրելՙ նշանակում է նաեւ զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է եւ գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:

Խաչվերացի տոնը մեզ համար նախեւառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների) մահացած մարդկանց վրա դնելով հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու եւ հարություն տալու զորություն: Քրիստոս խաչի վրա մեռնելով` հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը եւ ջախջախեց սատանայի գլուխը:

Ըստ Գրիգոր Տաթեւացու, խաչը դարձավ երկնքի եւ երկրի միջեւ եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ եւս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի եւ բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում եւ զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես` ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:

Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը եւ ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն են, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:

Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», այսինքն` բացօթյա գիշերողներն այլեւս տանն են գիշերում:

Խաչվերացի հաջորդ օրը` սեպտեմբերի 13-ը, մեռելոց է: Այդ օրն այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4