«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2010-09-08 | #163, 2010-09-09 | #164, 2010-09-10


ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ԽԱՎԱՐ ԹԲԻԼԻՍԻՆ

Մեկ լարի. Հենց այսքան արժե մեկ գավաթ սառը սուրճը Թբիլիսիի երբեմնի հայկական Ավլաբար թաղամասում, երբ վաճառողն իմանում է, որ դու օտարերկրացի ես: Իսկ սովորաբար մեկ գավաթ սառը սուրճը Կովկասի ամենաթանկՙ Վրաստանի մայրաքաղաքում արժե ութսուն տերրի:

Ավլաբար-օփեն

Նեղլիկ փողոցներով Ավլաբար, ավելի ճիշտՙ Ավլաբարի, ավելի արդարացիՙ կրկին Հավլաբար: Այս թաղամասում ամբողջովին կարելի է տեսնել Թբիլիսին, հիշել հին Թիֆլիսը: Կախովի, դուրս ցցված պատշգամբներից կարող է թվալ, որ «աղջիկ-պարոնները» քննարկում են դուքաններում հայտնված նոր շլյապաները կամ անցնող տղամարդու բեղ-մորուքը: Սակայն դա միայն կարող է թվալ. Երբ հայացքդ կտրում ես Թիֆլիսը հիշեցնող պատշգամբներից, ամեն ինչ ես տեսնումՙ դուքաններըՙ էստի համեցեք գոչողներով, դրանք հիմա «Օփեն» մակագրությամբ խանութներ են, որտեղ եթե օտար ես, ապա բարի եղիր խոսել միայն անգլերեն, վճարել ավելի ժլատ: Հավլաբարի սալահատակ փողոցներում այլեւս չես լսի ֆայտոնների կտկտոցը. Հավլաբարն այլեւս Ավլաբարի է:

«Բարւ ձեզ, ո՞նց եք»

Վրացական դրոշն ամենուր է, խանութների, պանդոկների, անգամ բնակարանների վրա: Այս մեկը, սակայն, փոքր-ինչ ավելի մեծ էրՙ կախված խանութի պատից: Անցնում էինք խանութի մոտով, հեռվից էլ զգացվում էր` իրար դիմաց նստած երկու կանայք ակտիվորեն քննարկում էին ինչ-որ բան: Երբ մոտեցանք, լսեցինք նրանց խոսակցությունը. «Բա իմացա՞ր, Նունիկի մարդը գնացել է Ռուսաստան, Նոր տարվա մոտ նոր գալու է», հավլաբարցի այս երկու կանայք խոսում էին հայերեն: Մոտեցանք, «Բարեւ ձեզ, ո՞նց եք», հարցնում ենք... Երբ գրվել է «Հայի աչքերը» երգը, հեղինակը թերեւս նկատի է ունեցել նաեւ այս կանանց աչքերը, երբ հայերեն լսեցինք: Այստեղ արդեն վերականգնվեց հին ու իրական Հավլաբարըՙ իր ավանդական էստի համեցեքով. Կանայք մեզ խանութ հրավիրեցին, ամեն ինչ իրենց գներով վաճառեցին, ես էլ նույնիսկ անվճար սառը սուրճ ստացա: «Արխային հայերեն խոսեք, ձեր ցավը տանեմ. Մենք մերոնցով ենք», ասաց կանանցից մեկը: Խանութից դուրս գալուց հետո, երբ քննարկում էինք հավլաբարցի հայուհիներին, փողոցի անկյունից ամբողջովին սեւ հագած մի կին, վրացերեն ինչ-որ բան մրմնջալով, դեպի մեզ եկավ: Հայ լրագրողներիցս մեկը, հասկանալով կնոջ ով լինելը, ասացՙ մուրացկան է: «Հա, բալեք ջան, մուրացկան եմ, հայ եմ, մի քիչ օգնեք», վրա բերեց կինը հայերենով: Օգնեցինք, սեւազգեստ կնոջ փոխարեն պատասխանեցինք բոլոր թիֆլիսահայերին ուղղված մեր իսկ հարցին. «Բարեւ ձեզ, այնքան էլ լավ չենք:

Լույս, խավար, լույս, խավար...

Սամեբա (Սուրբ Երրորդություն). Հիրավի նոր Թբիլիսիի խորհրդանիշ: Հավլաբար-Ավլաբարիի հենց սրտում վեր խոյացող վրաց ուղղափառ հրաշք եկեղեցին տեսանելի է քաղաքի բոլոր անկյուններից, իսկ գիշերը իր անմոռանալի լուսավորվածությամբ ամրագրում էՙ Վրաստանը քրիստոնյա երկիր է: Եվ սա անկախ նրանից, որ այդ քաղաքում կան մի քանի մզկիթներ, հրեական տաճար... Գիշերային Թբիլիսին պարզապես կախարդում է. Բոլոր վրացական եկեղեցիները լուսավորված են, բոլորըՙ անխտիր:

Սամեբայի ճանապարհին մի քանի խավար, մութ վայրերի էլ հանդիպեցինք, եւ երբ նկատեցինք եկեղեցու գմբեթ, մոտեցանք. Եկեղեցին տարօրինակորեն լուսավորված չէր: Երբ արդեն եկեղեցու բակում էինք, հասկացանք, որ կանգնած ենք Վրաստանում իրավական որեւէ կարգավիճակ չունեցող հայկական եկեղեցու առջեւ, որի ճաքած պատերի տակ տեղադրված էր հայկական խաչքարՙ մակագրությամբ. «Հայ ժողովրդիցՙ Թբիլիսիին: Թբիլիսիում, սակայն, լուսավորված վրացական եկեղեցիների կողքին կանգնած են չլուսավորված հայկականները, որոնցից մեկի բակում յոթ-ութ տղա ֆուտբոլ էին խաղում:

Սամեբայի բակում ենք. Հրաշք տեսարանՙ երիտասարդներ, տարեցներ, երեխաներ, բոլորը եկեղեցու բակում են. Վրաց եկեղեցու լույսը միայն ֆիզիկական չէ: Գլխաշորերով օրիորդներն ու երիտասարդները գիշերվա ժամը քսաներեքին մոտ եկեղեցում են: Մեր բարձր հայերենը լսելովՙ մի տարեց մարդ հանկարծ դիմեց մեզ, երբ պատրաստվում էինք մտնել Սամեբա. «Ո՞ւր եք գնում, ի՞նչ եք անում, այ երեխեք»: Շփոթվեցինք անգամ, երբ հարցական հայացքներով նայեցինք ծերունուն, ասաց. «Էս եկեղեցին կառուցվել է հին Հավլաբարի հայկական գերեզմանոցի վրա. Դա քրիստոնեությո՞ւն է»: Չտեսանք Սամեբանՙ ներսից, իսկ եկեղեցու բարձունքից մինչեւ ներքեւ իջանք լուռ, միայն խավարամած հայկական եկեղեցիների դիմացՙ կրկին լուռ կանգ էինք առնում... Տղաները շարունակում էին ֆուտբոլ խաղալ, խանութպան հայուհիները ձեռքով հրաժեշտ տվեցին մեզՙ «Նորեն համեցեք» ասելով: Կարծես մեզանից ոչ ոք պատրաստ չէր ասելուՙ անպայման:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4