Դ. Դեքերն արդեն ինը տարի իր ստեղծագործություններով բարձրաձայնում է Հայոց ցեղասպանությունը: Երգիչը «Ադանա» երգը թարգմանել է 20 լեզուներով: Ստեղծագործությունը կատարել է անգամ թուրք երգիչ: «Ադանա» երգի միջոցով բազմաթիվ օտարերկրացիներ տեղեկացան դարասկզբին իրագործված ոճրագործությանը: Դ. Դեքերը «Արաքս» երգի անզուգական կատարումով օրերս մասնակցեց «Կարոտ» փառատոնին: Նա շուտով կներկայացնի նաեւ իր «Հայ ընտրությամբ» նոր ձայնասկավառակը, որում ընդգրկված է 13 հայկական երգ: Ի դեպ, նոր ձայնասկավառակի վրա երգիչը իր ազգանվան վերջում ավելացրել է հայկական «յան»-ը:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դանիել Դեքերը: Նրան ուղեկցում էին երգչուհի Լեյլա Սարիբեկյանը եւ Գլենդելի «Էքսպրես Թի Վի» հայկական հեռուստաժամի հիմնադիր-տնօրեն Արմեն Ատոմցը: Վերջինս Դ. Դեքերի պրոդյուսերն է եւ ներկայացնում է երգչի բոլոր համերգներն ու ելույթները:
Ողջունելով հյուրին` նախարար Հ. Հակոբյանը խորին շնորհակալություն հայտնեց Դանիել Դեքերին նրա հայանպաստ գործունեության համար, ինչպես նաեւ Արա Գեւորգյանին` ծրագիրը հաջողությամբ իրագործելու համար:
Այնուհետեւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Դ. Դեքերն ասաց. «Կարծում եմՙ առաջին հարցը, որը շատերն ինձ կտան, հետեւյալն է. հայ չլինելով` ինչո՞ւ իմ կյանքի 3 տարիներն անցկացրի սովորելով եւ ձայնագրելով հայկական երգեր: Պատասխանը պարզ է, բայց միաժամանակ բարդ: Ես մի քանի պատճառ ունեմ Հայաստանը սիրելու: Ինձ ոգեշնչում են Հայաստանի մշակութային հարստությունը, երաժշտությունը, քրիստոնեական ժառանգությունը եւ գեղեցիկ բնաշխարհը: Բայց ամենից շատ ես սիրում եմ հայ ժողովրդին: Հայերը շատ փորձությունների ու տառապանքների միջով են անցել, այնուամենայնիվ հայկական ոգին միշտ կանգուն է: Եթե չափենք Հայաստանն իր աշխարհագրական տարածքով, կարելի է ասել, որ փոքր է, բայց եթե չափենք հայի սրտի մեծությամբ, ապա հզոր կայսրություն է»:
Տիկին Հ. Հակոբյանը հայկական երգարվեստի կատարման եւ տարածման համար Դանիել Դեքերին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Մ. Մ.