«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2010-09-08 | #163, 2010-09-09 | #164, 2010-09-10


ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

Քաշային երկու կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը իր հերթական մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 18-ին Կալիֆոռնիայում կամ Լաս Վեգասում: Նրա մրցակիցը կլինի մեքսիկացի Աբներ Մարեսը: Այդ մենամարտը կանցկացվի թեթեւագույն քաշային կարգում 4 ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ անցկացվելիք մրցաշարի շրջանակներում: Դեկտեմբերի 18-ին ռինգ դուրս կգան նաեւ մյուս երկու մասնակիցներըՙ թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Յոնի Պերեսը եւ այդ տիտղոսի նախկին դափնեկիր Ժոզեֆ Ագբեկոն: Երկու մենամարտերում հաղթողները հաջորդ տարի ուժեղագույնի կոչումը կվիճարկեն եզրափակիչում:

Նախապես որոշված էր, որ առաջին մենամարտերը կայանալու են նոյեմբերի 6-ին: Սակայն մրցաշարի կազմակերպիչ Showtime հեռուստաընկերությունը որոշել է այդ օրը ցուցադրել Ռաֆայել Մարկեսի եւ Խուան Մանուել Լոպեսի հետաձգված հանդիպումը:

Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում 38 մենամարտ է անցկացրել: Դրանցից 35-ում նա հաղթել է (27-ըՙ ժամկետից շուտ), մեկն ավարտել է ոչ-ոքի, կրել է 2 պարտություն: Վերջին մենամարտը Դարչինյանն անցկացրել է այս տարվա մայիսի 20-ինՙ հաղթելով Էրիկ Բարսելոնային:

28-ամյա Աբներ Մարեսը 6 տարով փոքր է Դարչինյանից: Նա պրոֆեսիոնալ ռինգում 21 մենամարտերում առայժմ անպարտելի է մնացելՙ միայն մեկն ավարտելով ոչ-ոքի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4