«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2010-09-09 | #164, 2010-09-10 | #165, 2010-09-11


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԸՆԴԳԾՈՒՄ, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՄԻԱԿ ՁԵՎԱՉԱՓՆ Է

Զգուշացումներն Ադրբեջանին ակնհայտ են դառնում ոչ միայն Եվրոմիության, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից

2001 թ.-ից հետո առաջին անգամ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդները վերջին տարածաշրջանային այցելության ընթացքում հատեցին շփման գիծը: Ամենից առաջ սա է կարեւորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան) հայտարարության մեջ, որ երեկ տեղադրվել էր ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում, թեեւ թվագրված է սեպտեմբերի 9-ով, եւ որպես հայտարարության վայր նշված է Երեւանը:

Սեպտեմբերի 6-ից 9 տարածաշրջան կատարած այցելության ընթացքում համանախագահները եղան Բաքվում, Լեռնային Ղարաբաղում եւ Երեւանում, ընդ որում, համանախագահները հայտարարության մեջ չեն նշել Ստեփանակերտ այն նույն տրամաբանությամբ, ինչպես նշել են Երեւան եւ Բաքու, այլ միայնՙ Լեռնային Ղարաբաղ: Այդուհետեւ միայն, երբ ներկայացնում են Բաքվից Ղարաբաղ շփման գիծը, ոտքով հատել են բոլոր կողմերի թույլտվությամբ, որպես ուղղություն է նշվում «Ստեփանակերտ/խանքենդի» տարբերակը: Այս ամենը ընդգծում է, որ «շփման գիծը հարեւան ժողովուրդների միջեւ մշտական պատնեշ դառնալու չէ», շեշտադրմամբ, որ 1994թ.-ի զինադադարը պետք է պահպանվի բոլոր կողմերի կողմից:

Հայտարարությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում այդ երկրների ղեկավարներին է ներկայացվել աշխատանքային այն պլանը, որի մասին արդեն իսկ հայտարարությամբ համանախագահները հանդես էին եկել դեռեւս սեպտեմբերի 6-ին:

«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ այդ պլանի համաձայն, սեպտեմբերի 13-18-ը համանախագահները կմեկնեն Վաշինգտոն, ապա Նյու Յորք` կողմերի հետ աշխատելու Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Այդուհետեւ, սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում Մինսկի խմբի համանախագահները կվերադառնան տարածաշրջան` «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակի գնահատման դաշտային առաքելությունն իրականացնելու համար»:

«Բարձրակարգ խորհրդատուների եւ փորձագետների խումբը, որ կներառի նաեւ Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին, առաքելության իրականացման ժամանակ կմիանա համանախագահներին», նշվում էր համանախագահների հայտարարության մեջ: Այս առաքելության իրականացումից հետո համանախագահները ծրագրում են արդյունքները ներկայացնել արդեն Վիեննայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հանդիպմանը, որից հետո Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարեկան հաշվետվությունը կներկայացնեն ԵԱՀԿ մշտական խորհրդին` «կողմերի հետ ակտիվորեն նախապատրաստվելով Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին»:

Երեկ հրապարակված հայտարարությամբ արդեն համանախագահները ընդգծել են, որ «բոլոր կողմերի առավել կառուցողական մոտեցումն է անհրաժեշտ իրենց պլանն իրագործելու եւ մինչեւ ԵԱՀԿ գագաթաժողով ընկած ամիսների ընթացքում առաջընթաց գրանցելու համար»: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարակից տարածքներ առաքելության իրականացմանը, ապա համանախագահներն այս առնչությամբ քննարկումներ են ունեցել բոլոր կողմերի հետ, ներկայացրել են առաքելության տարրերը, իսկ ընդհանուր առմամբ իրենց նախապատրաստական աշխատանքները համանախագահները կավարտեն «մոտ ապագայում»:

Համանախագահները բոլոր կողմերին խստորեն կոչ են արել պահպանել զինադադարը եւ զսպվածություն ցուցաբերել տեղերում եւ իրենց հանրային հայտարարություններում` շփման գծի երկայնքով ներխուժումներին-հարձակումներին վերջ տալու կոչով: «Չնայած բոլոր կողմերը վերահաստատել են իրենց պարտավորությունը 1994-ի զինադադարի առումով, համանախագահները կրկնում են, որ մեծապես կարեւոր է, որ այդ պարտավորությունը իրականացվի գործնականում», նշված է հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, համանախագահները ողջունել են Ադրբեջանի որոշումը` հետաձգելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ներկայացրած բանաձեւի քննարկումը: «Միաժամանակ, համանախագահները կրկնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ ձեւաչափը», հայտարարել են համանախագահները:

Ինչպես ասում են, այս վերջին միտքը հատկապես դժվար հասկացողների համար է: Այս ընդգծումն էլ հուշում է, որ Ադրբեջանի` այլ ատյաններում հարցը քննարկման առարկա դարձնելու մոտեցումն արդեն բավականին հոգնեցրել է Մինսկի խմբի համանախագահներին, այլապես նման ընդգծում չէր լինի մի փաստաթղթում, որն ինքը վկայություն է, որ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է: Ավելին, Ադրբեջանի կողմից բանաձեւի քննարկման հետաձգումը մինչեւ մյուս նստաշրջան, ասել է թեՙ մեկ տարով, բնավ էլ սպառնալիք չէ Հայաստանի համար, քանի որ դժվար թե մեկ տարում որեւէ այլ ձեւաչափում ընթանա այն գործընթացը, որով հիմա փորձում են կարգավորել ղարաբաղյան հարցը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4