ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանի համար սպասելի էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ԳԱ) ադրբեջանական կողմը կհետաձգի հակահայ բանաձեւի ներկայացումը:
Նա դա կապում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կատարած վերջին հայտարարությանը: «Համանախագահների հայտարարության նպատակն էր թույլ չտալ Ադրբեջանին բանաձեւն անցկացնել ՄԱԿ-ի ԳԱ-ում, որովհետեւ դա կնշանակեր բանակցությունների տապալում: Առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանը նման քայլի է գնում, փորձում է շեղել գործընթացը եւ հարցը այնպիսի ատյաններ տանել, որտեղ ավելի մակերեսորեն կմոտենան խնդրին: Հայկական կողմի գլխավոր խնդիրն այն է, որ ՄԱԿ-ի ԳԱ երկրները հասկանան` սա այն հարցերից է, որի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է, որ աջակցում է ԵԱՀԿ-ի կողմից տարվող գործընթացին», ասաց Կիրո Մանոյանը «Ազգ»-ի հետ զրույցում:
Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ Սուրեն Սարգսյանի մեկնաբանությամբՙ Ադրբեջանը հրաժարվեց բանաձեւի ներայացումից, որովհետեւ ՄԱԿ-ում հայկական ներկայացուցչությունը լավ աշխատեց: Նպաստեց նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Երեւան եւ Բաքու: «Բաքվում հասկացան, որ բանակցությունների ֆորմատի ձեւափոխումը բացասական ազդեցություն կունենա եւ վերաբերմունքն էլ Ադրբեջանի նկատմամբ կփոխվի»: Սարգսյանի մատուցմամբ` ընդամենը փոքրիկ դրական տեղաշարժ է եւ ոգեւորվելու անհրաժեշտություն չկա: Սարգսյանի հավաստմամբ հետագա աշխատանքում մեծ դերակատարություն պետք է ունենա լոբբիինգը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ կարծում է, որ հայկական կողմը միշտ արձագանքողի դերում է: «Մենք միշտ պատասխանում ենք ադրբեջանական սադրանքներին եւ երբեք որեւէ հարցում նախաձեռնող չենք»: Նա հավելում է, որ ՄԱԿ-ում բանաձեւի հետաձգումը չի կարելի անվանել հաղթանակ: Հայկական կողմը ոչ ՄԱԿ-ում, ոչ էլ ԵԱՀԿ ՄԽ-ում իր փաթեթը չի ներկայացրել: «Միշտ մեկնաբանողի դիրքերից է խոսում Հայաստանը, սպասում է, որ Ադրբեջանում բանաձեւ ներկայացնեն, որպեսզի պատասխանի եւ քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի մադրիդյան անսկզբունքայնության դիրքն է պաշտպանում, ապա պետական դիվանագիտության նախաձեռնությունը պետք է գնահատել զրոյական»:
«Հայաստանի դիրքորոշումը արցախյան խնդրի շուրջը մեկն է. այն պետք է իրականացվի Մինսկի խմբի ձեւաչափով»: Սա էլ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի տեսակետն է: Բանաձեւի հետաձգմամբ ադրբեջանական դիվանագիտությունը ֆիասկո ապրեց եւ հրապարակայնորեն արժանացավ ապտակի, որովհետեւ միջազգային հանրության համբերության բաժակը լցվել է:
Շարմազանովը շեշտում է, որ ՄԱԿ-ում ունենալով Իսլամական կոնֆերանսի երկրների հսկայական աջակցությունը, այնուամենայնիվ, Ադրբեջանը բանաձեւը դուրս հանեց, ինչը պարտություն է:
Հայկական կողմի դիրքորոշումն էլ չի փոխվել ու հայտնի է Ադրբեջանին. խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն. ԼՂՀ-ն բանակցությունների կողմ է, եւ առանց ԼՂՀ ժողովրդի ցանկության եւ համաձայնության որեւէ մեկը չի կարող հարց լուծել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ