2011-ի հունվարի 1-ից Հայաստանում կսկսի գործել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ): Այդ կապակցությամբ Կենտրոնական բանկը տեղեկատվական եւ ուսուցման գործընթաց է սկսել, որի շրջանակներում երեկ լրագրողներին ներկայացվեց, թե ի՞նչ է ԱՊՊԱ-ն, ինչպե՞ս է իրականացվելու Հայաստանում, եւ ի՞նչ հարցեր կարող են առաջանալ:
Սեմինարի ժամանակ նախ ներկայացվեցին ԱՊՊԱ համակարգի ներդրման հիմնախնդիրները եւ միջազգային փորձը: Մասնավորապես նշվեց, որ այն նախ եւ առաջ ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժողի համար երաշխավորում է վնասների հատուցում: Խոսքը անձնական վնասներիՙ կյանքին եւ առողջությանը հասցված, եւ գույքային վնասների մասին է: Հայաստանի համար որպես ԱՊՊԱ մոդելային համակարգ ընտրվել է CREEN CARD համակարգը, որն ընդունված է բազմաթիվ երկրներում:
Ավտոապահովագրության պայմանագրեր պետք է կնքեն ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծողները եւ ֆինանսական վարձակալությանՙ լիզինգի դեպքումՙ վարձակալները: Պայմանագիրը ապահովագրական ընկերությունների հետ կնքվում է նվազագույնը 3 ամսով, առավելագույնըՙ 1 տարով, ինչպես նաեւ 10 օր ժամկետով, եթե ավտոմեքենան Հայաստան է ներմուծվել «տարանցիկ փոխադրում» եւ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմներով եւ տրանսպորտային միջոցների առեւտրով զբաղվող իրավաբանական անձանց կողմից: Լրագրողները տեղեկացան, որ հոկտեմբեր ամսից վերոնշյալ անձինք եւ կազմակերպությունները պետք է սկսեն պայմանագրերի կնքման եւ պոլիսների ձեռքբերման գործընթացը, որպեսզի մինչեւ եկող տարվա հունվարի 1-ը բոլոր հաշվառված մեքենաներն արդեն ունենան պայմանագրեր:
Ա. Մ.