«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2010-09-09 | #164, 2010-09-10 | #165, 2010-09-11


ԱՐՈՆՅԱՆՆ ԻՐ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ 4-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը կրկին գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը (2826): Հաջորդ տեղերում են բուլղարացի Վեսելին Թոփալովը (2803) եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը (2800): 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լեւոն Արոնյանը (2783): Թեեւ հուլիսի դասակարգման ցուցակի համեմատ Լեւոնն իր վարկանիշը պահպանել է, սակայն մեկ տեղով առաջադիմել էՙ շրջանցելով ներկայումս 5-րդ տեղում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին (2780): Վերջինս վարկանիշը 10-ով նվազեցրել է:

6-րդ հորիզոնական է տեղափոխվել ուկրաինացի Պավել Էլյանովը (2761): Լավագույն տասնյակում են նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (2760), ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2756), ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (2754) եւ Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը (2751):

Բացի Արոնյանից, 100 ուժեղագույնների շարքում ընդգրկված են եւս 3 շախմատիստներ: Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը 2723 վարկանիշով 23-րդն է: Նա պահպանել է իր ցուցանիշը: Վարկանիշը (2691) պահպանել է նաեւ Վլադիմիր Հակոբյանըՙ մեկ հորիզոնականով բարձրանալով 43-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը վարկանիշն (2677) ավելացրել է 4-ով, սակայն 61-րդ տեղից նահանջել է 62-րդ հորիզոնական:

Կանանց վարկանիշային ցուցակի անփոփոխ առաջատարը Հուդիթ Պոլգարն է (2682): 2600-ի սահմանագծին մոտ է հնդիկ շախմատիստուհի Համփի Կոներուն (2593): Լավագույն տասնյակում են նաեւ Հոու Յիֆանը (2578), Տատյանա Կոսինցեւան (2573), Նադեժդա Կոսինցեւան (2565), Անտոանետա Ստեֆանովան (2551), Կատերինա Լահնոն (2539), Աննա Մուզիչուկը (2535), Նանա Ձագնիձեն (2534) եւ Ալեքսանդրա Կոստենյուկը (2524):

100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում Հայաստանի 3 ներկայացուցիչ է ընդգրկված: Լիլիթ Մկրտչյանը 16-ով ավելացրել է վարկանիշը (2484) եւ նախկին 30-րդ տեղից տեղափոխվել է 21-րդ հորիզոնական: Առաջընթաց է ունեցել նաեւ Էլինա Դանիելյանը: Նա վարկանիշը (2466) ավելացրել է 35-ով եւ 52-րդ տեղից տեղափոխվել է 31-րդ հորիզոնական: Իսկ ահա Լիլիթ Գալոյանը վարկանիշը (2373) նվազեցրել է 11-ով ու 78-րդ տեղից նահանջել է 90-րդ հորիզոնական:

ՖԻԴԵ-ի անդամ երկրների ցանկում Հայաստանը 2633 վարկանիշով 9-րդ տեղում է: Ցուցակը նախկինի պես գլխավորում է Ռուսաստանը (2729), որին հաջորդում են Ուկրաինան (2695), Ֆրանսիան (2653), Չինաստանը (2647), Իսրայելը (2639), ԱՄՆ-ը (2637), Հունգարիան (2637) ու Հնդկաստանը (2636): Լավագույն տասնյակը եզրափակում է Բուլղարիան (2630):

Ադրբեջանը 2630 վարկանիշով 11-րդ տեղում է, Վրաստանը (2601) 15-րդն է, Թուրքիան (2494)ՙ 41-րդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4