ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել կազմակերպության գործկոմի հերթական նիստը: Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության պատասխանատու Նաթելա Հովասափյանից, Սինգապուրում անցկացված օլիմպիական պատանեկան առաջին խաղերի մասնակցության արդյունքների մասին հաշվետու եղավ ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ՀՀ մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանի 14 պատվիրակներ մրցեցին 12 մարզաձեւերում: Ծանրամարտում Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե, իսկ Սմբատ Մարգարյանը` բրոնզե մեդալ: Երրորդը ճանաչվեցին նաեւ ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը եւ ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը: Հուսալի մրցելույթ ունեցավ մարմնամարզիկ Վահան Վարդանյանը, որը 24 ուժեղագույնների պայքարում 10-րդ արդյունքով մտավ եզրափակիչ եւ ի վերջո հանգրվանեց 8-րդ տեղում: Հայաստանի մյուս պատվիրակները տեղ զբաղեցրին միջին հորիզոնականներում: Դ. Գաբրիելյանը խոսեց նաեւ մեր պատվիրակությանը մշտապես աջակից եղած Սինգապուրի հայ համայնքի ներկայացուցիչների մասին:
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը դրական գնահատեց մեր պատվիրակների ելույթները: Այդ գործում նա կարեւորեց մեր մարզիչների, մարզիկների եւ ՀԱՕԿ-ի աշխատակազմի նպատակային աշխատանքը: Պարոն Ծառուկյանն անդրադարձավ նաեւ թերություններին: Հատկապես ընդգծեց մարզիչների վերապատրաստման, սպորտային բժշկության կարեւորությունը: Պետք է շարունակել մասնագետների համար կազմակերպել սեմինարներ ` Հայաստանում եւ արտերկում: Մեծ ուշադրություն պետք է հատկացվի մանկապատանեկան մարզադպրոցներում հերթափոխի հետ տարվող աշխատանքներին:Պարապող աղջիկներն ու տղաներն են համալրելու մեր ազգային հավաքականները: Իսկ հաջորդ պատանեկան օլիմպիական խաղերին, որն անցկացվելու է Չինաստանի Նանկին քաղաքում, անհրաժեշտ է նախապատրաստվել այսօրվանից:
Գ. Ծառուկյանը նշեց, որ Սինգապուրի խաղերի բոլոր մեդալակիրներն ու նրանց մարզիչները կստանան համապատասխան պարգեւներ:
Հայաստանի մարզիկների մասնակցությունն առաջին պատանեկան խաղերում գործկոմը գնահատեց բավարար: Միաժամանակ ՀԱՕԿ-ին հանձնարարվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, մարզական ֆեդերացիաների հետ վերլուծել մեր մարզիկների մասնակցությունը եւ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկներ մարզիչների վերապատրաստման, մարզիկների շրջանում տարվող բժշկական, հոգեբանական աշխատանքների հետագա բարելավման, ազգային եւ միջազգային ֆեդերացիաների միջեւ կապերի ամրապնդման, գործունեության համատեղ ծրագրերի մշակման եւ հավաքականների մարզումային գործընթացի կազմակերպման համար նյութատեխնիկական բազայի ամրապնդման վերաբերյալ:
Սինգապուրի խաղերին ներկա է եղել ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն: Նրա անունից ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին հանձնվեց հուշանվեր:
Օրակարգի հաջորդ` ՀԱՕԿ-ի աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ կատարելու մասին հարցը կքննարկվի հերթական նիստում:
Այս տարի լրանում է ՀԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյակը: Այդ առթիվ նախատեսված են մի շարք միջոցառումներ: Աշխատանքների կազմակերպման համար ստեղծվեց համապատասխան հանձնախումբ, որտեղ ընդգրկվեցին ՀԱՕԿ-ի փոխնախագահներն ու գործկոմի անդամները: Տոնական արարողությունները տեղի կունենան նոյեմբերի 13-14-ին: Միջոցառումներին մասնակցելու համար կհրավիրվեն ՄՕԿ-ի, ԵՎՕԿ-ի եւ միջազգային տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ: