«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2010-09-10 | #165, 2010-09-11 | #166, 2010-09-14


ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՈՉ ԽԻՂՃ ՈՒՆԵՆ, ՈՉ ԷԼ ՀՈԳԻ

Կարծես ընդունված կարգ է դարձելՙ հատկապես նախատոնական օրերին մինչեւ 6 անգամ արհեստականորեն սննդամթերքի, ծաղիկների, անգամ որոշ ծառայությունների գները բարձրացնելը: Քանի որ հայերս, մեկս-մեկին նայելով, պարտք ենք անումՙ ուրախության, տխրության առիթները նշելու, հիշատակելու համար: Ուրախությանը դեռ ոչինչ, գոնե ուրախանում ես, երգում, պարում, իսկ տխուր առիթները պարզապես դառնում են սնանկանալու շարժառիթ: Հայ առաքելական եկեղեցու վերջին տաղավար տոնինՙ Խաչվերացին հաջորդող օրը մեռելոց էր հայտարարված: Սակայն մեռելոցից երեք օր առաջ շուկաներում, այսպես կոչված սուպերմարկետներում գները «թռել էին ու հասել աստղաբաշխական չափերի»:

Տավարի մսի 1 կգ-ըՙ 3400 դրամ, ոչխարինը կամ ուլինըՙ 2800-3000 դրամ, թարմ վարունգի 1 կգ-ըՙ 800 դրամ, լոլիկինըՙ 600 դրամ, կարտոֆիլինըՙ 300 դրամ, լավաշ հացի 1 հատըՙ 90-100 դրամ, եւ այսպես շարունակ: Գների արհեստական բարձրացումից անմասն չէին մնացել ծաղկավաճառներըՙ 1 կապ թրաշուշանը (10 հատը արժեր 1000 դրամ) վաճառում էին 4000 դրամով, մեխակի հատըՙ 300, աստրայի 5 ճյուղըՙ 2000, աքլորի կատարըՙ 1500, 1 փոքր տուփ խունկը (100-200 դրամ)ՙ 400 դրամ, չոր ածուխը (1 հատըՙ 100 դրամ)ՙ 500 դրամ եւ այլն: Հոգեհաց մատուցող հատուկ ռեստորաններում նույնպես գները եռակի էին դարձելՙ 40 մարդու համար նախորդ շաբաթՙ 60.000 դրամ, իսկ երեկՙ 160.000, եւ այսպես շարունակ: Չկա հսկող, կարգավորող: Մի խոսքովՙ անտերություն ամենուր եւ ամեն ինչում: Դե պատկերացրեք, թե որքան գումար է ծախսվում գյուղերում այս երեք օրերի ընթացքում, որոնք «մեկը մեկին աչք տալով» վրաններ են խփում ու 400-500 մարդու համար հոգեհացի սեղաններ պատրաստում, որ չասենՙ էսինչի տունը հաց չտվեց... Իսկ թե ե՞րբ կվերանան այդ սովորույթը եւ դրանից բխող երեւույթներըՙ անհայտ է: Միայն հայտնի ու տեսանելի է, որ այդ օրերին էլի գռփում ու թալանում են ժողովրդին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4