Կովկասում ժամանակին այսպիսի արտահայտություն կար` «Բաքվում աշխատիր, Թբիլիսիում քեֆ արա, Երեւանում զբոսնիր»: Սովետական «եղբայրական» ժամանակներից մի քանի տասնամյակ անց այս արտահայտությունը շատ քիչ է կորցրել իր արդիականությունը: Հիմնվելով ադրբեջանցի լրագրողների խոսքերի վրա, Բաքվում այժմ էլ կարելի է «լավ փող աշխատել», Ադրբեջանի մայրաքաղաքը հիմա էլ խոշոր արդյունաբերական կետրոն է, առաջին հերթին, անշուշտ, նավթաարդյունաբերական, Թբիլիսիի պանդոկներում ու նորահայտ «Փաբ»-երում էլի կարելի է ուզածիդ պես քեֆ անել (եթե, իհարկե, ունես կլորիկ գումար), իսկ Երեւանում կարող ես անցկացնել ամենալավ էքսկուրսիաները` կովկասյան մայրաքաղաքներից, սա, ի դեպ, նաեւ վրացի ու ադրբեջանցի լրագրողների խոսքերով:
Ռուսթավելի-Աբովյան
Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելու պողոտայում, առաջինն, ինչ աչքի է ընկնում, բացի, իհարկե, պետական հիմնարկներից, մուրացկաններն են` յուրահատուկ սեւ զգեստներով, գրեթե հինգ մետրը մեկ, կանգնած են նրանք, եւ, տարօրինակորեն, խոսում են հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, անգամ երբեմն անգլերեն: Երեւանի Աբովյան փողոցում նույնպես կարելի է տեսնել մուրացկանների, սակայն ոչ այդքան շատ... եւ եթե մուրացկանների քանակով կարելի է որոշել քաղաքի սոցիալական ճիշտ մակարդակը, ապա Երեւանը շատ ավելի բարեկեցիկ քաղաք է:
Երեկոյան ժամերին Ռուսթավելիում ավելի քիչ մարդ կարող ես տեսնել, քան մեր Աբովյանում: Սա, սակայն, չի նշանակում, որ Վրաստանի մայրաքաղաքը սակավամարդ է, պարզապես շատերը պանդոկ-ռեստորաններում են: Իսկ մանավանդ տաք եղանակին Աբովյան փողոցի անցուդարձի մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է. ինչպես արդեն նշեցինք` Թբիլիսիում քեֆ արա, Երեւանում զբոսնիր: Հետաքրքական է, որ այս վերջինն այն պարագայում, որ թիֆլիսյան կենտորանական ռեստորաններում կամ թեթեւ պանդոկներում ավելի թանկ են «բոլոր տեսակի հաճույքները», քան Երեւանում, սակայն, ինչպես ասում են` ավանդույթի դեմ այլ գործոններն անզոր են:
Մի ավանդույթ, սակայն, բազմազգ Թբիլիսիում խախտվել է. անգամ Ռուսթավելիում անզեն աչքով չես գտնի որեւէ խանութ, որեւէ ռեստորան` վրացերենից բացի այլ մակագրությամբ. ամենուր վրացական դրոշներ (ինչը, խոստովանենք` ընդօրինակելի է, եւ աչք շոյող - Հ. Ա.), վրացերեն մակագրություններով ռեստորաններ: Մտնենք դրանցից մեկը: Նախ նշենք, որ Թբիլիսում ոչ ոք ուշադրություն չի դարձնում ռեստորանի արտաքին ու ներքին շքեղ դիզայնին: Այնտեղ չես տեսնի երեւանյան գերժամանակակից սրահներով, պատերով ռեստորաններ. Թբիլիսում սիրում են իրենց` վրացական պատմությունը եւ կարողանում են պահպանել այն, նույնիսկ երբեմն չափազանցելով: Օրինակՙ երեւանյան ռեստորանի շքեղ ջահերի փոխարեն` Թբիլիսում կարելի է տեսնել ճրագաջահեր` առաստաղից կախ, պատերին, ասենք` եղջերուի գլուխ, գորգեր... Սպասարկման առումով մեր մայրաքաղաքը, կարծում ենք, առաջատարն է. օրինակՙ 10 խինկալին Երեւանում կբերեն առավելագույնը 10 րոպեից, Թբիլիսում, սակայն, կարող է տեւել անգամ 40 րոպե: Իսկ ընդհանուր առմամբ` թիֆլիսյան ռեստորանը շատ ավելի հետաքրքրական է երեւանյանից. աղմուկ, անգամ ամենաթանկ ռեստորաններում` հասարակական, նույնիսկ, ընտանեկան մթնոլորտ, որտեղ սեղան-սեղան երգում են, որտեղ մի սեղանի տղամարդը կարող է պարի հրավիրել մեկ այլ սեղանի կնոջը, որտեղ կարող ես միանալ հարեւան սեղանի տղամարդկանց ու պարզապես խմել նրանց հետ` վերջիններիս հաշվին: Երեւանում նման բան ուղղակի անհնար է:
«Բիճո-ախպեր»
Սրանք գրեթե համարժեք «երեւույթներ» են, սակայն նրանց առօրյան` ոչ այնքան: Եթե «բիճոն» սովորաբար եվրոպական սանրվածքով, ազատ հագուստով, գրեթե միշտ` աղջկա ուղեկցությամբ երիտասարդ է, ապա «ախպերը»` կարճ սանրվածքով, հիմնականում սեւ հագուստով ու հաստ ոսկյա շղթայով ու հիմնականում իր նման ախպերների ուղեկցությամբ երիտասարդն է: Միակ բանը, որը միավորում է այս երկուսին, որպես կանոն, մեքենայի առկայությունն է, մեքենայում բարձր միացված երաժշտությունը, եւ, անշուշտ, կովկասյան տաքարյունությունը: Բացի սրանիցՙ բիճոն ռեստորան-պանդոկում լիարժեք կարող է քեֆ անել ոչ միայն «ուտել-խմելով», այլեւ երգելով` անգամ ազգային երգեր, ախպոր համար, սակայն, ռեստորան գնալը «հաց ուտելու» խորհուրդ ունի, ոչ միայն չեն երգում ազգային երգեր, այլեւ... շատերը անգամ չգիտեն:
Իսկ օրիորդների վերաբերյալ` կրկին տարբերություններն ավելի շատ են, քան նմանությունները. ամենակարեւորը, ինչն աչքի է զարնում` վրացուհիները... ժպտում են, ընդ որումՙ հաճախ առիթը պարտադիր չէ, նրանք կարող են ժպտալ անծանոթին անգամ: Նրանք բոլորովին ուշադրություն չեն դարձնում առօրյա զգեստին, ավելի մարդամոտ են, ավելի շատ եւ հաճախ են ծխում:
Ռուսթավելին արդեն ավարտվում էր. փողոցի մի անկյունում 7-8 հոգի` աղջիկ-տղա, գարեջուր էին խմում, ծխում, աղմկում... Երեւանում այսպիսի «բացահայտ բաներ» չես տեսնի` այն էլ կենտրոնական փողոցներում...
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Թբիլիսի-Երեւան
Նկար 1. Պատկերներ Թբիլիսիից