«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2010-09-15 | #168, 2010-09-16 | #169, 2010-09-17


ՎԱՐԿԵՐ` ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՎԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՈՎ

«Ամերիաբանկը», լինելով առաջիններից մեկը տարածաշրջանում, որը ներդրել է շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ, հոլանդական FMO եւ DEG ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ հաջողությամբ ավարտին է հասցրել վերոհիշյալ համակարգի ներդրման գործընթացը: Այս կապակցությամբ երեկ Երեւանում FMO-ի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Յուրգեն Ռիգտերինկը շնորհակալական վկայական շնորհեց «Ամերիաբանկին»` ի դեմս գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի , եւ հայտարարեց, որ իջեցնում է 2009-ի դեկտեմբերին FMO-ի, DEG-ի եւ «Ամերիաբանկի» միջեւ կնքված պայմանագրով նախատեսված «Ամերիաբանկից» ներգրավված միջոցների տոկոսադրույքը: Համաձայն պայմանագրի «Ամերիաբանկին» տրամադրվել է 30 մլն ԱՄՆ դոլար երկարաժամկետ վարկ, որից, ինչպես տեղեկացրեց Արտակ Հանեսյանը, 20 մլնն ուղղվել է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ոլորտ, իսկ 10 մլնը` վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը:

2010-ի ապրիլից «Ամերիաբանկը» սկսել է շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ուսումնասիրումը` համապատասախան ներքին քաղաքականության, ընթացակարգերի եւ այլ ակտերի մշակման: Այս նպատակով տեղի են ունեցել բանկի անձնակազմի վերապատրաստում եւ համակարգի գործարկում: 2010-ի հուլիսին արդեն շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը ինտեգրված էր եւ կիրառվում էր «Ամերիաբանկի» բոլոր ընթացիկ կորպորատիվ վարկավորման եւ ֆինանսավորման գործառնություններում:

Երեկ FLO-ի ներդրումների գծով տնօրենի հետ համատեղ ասուլիսում Արտակ Հանեսյանը նշեց. ««Ամերիաբանկի» համար կայուն զարգացումը բիզնեսի ռացիոնալ կառավարման հիմնական գործոններից մեկն է: Բանկի նպատակն է կառավարել իր գործունեության հետ կապված էկոլոգիական եւ սոցիալական ռիսկերը` շրջակա միջավայրին եւ բանկին առնչվող անձանց վրա ազդեցությունը նվազեցնելու եւ բաժնետերերին երկարաժամկետ եկամուտներ ապահովելու համար: Բանկի` շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականության նպատակն է ստեղծել մոդելներ եւ մշակույթ` էկոլոգիական եւ սոցիալական ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը, ռիսկերն ու հնարավորություններն առավել լավ հասկանալու եւ կառավարելու համար: Ես, անշուշտ, չեմ կարող ասել, թե որքանով վարկավորման այս մոդելը կնվազեցնի բիզնես վարկերի տրամադրման չափը, սակայն, վստահ եմ, որ սա լրացուցիչ կշահագրգռի հայ գործարարներին` մտածելու նաեւ շրջակա միջավայրի մաքրության կարեւորության մասին»: Իր հերթին FMO-ի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Յուրգեն Ռիգտերինկը ասաց. «Ամբողջ ԱՊՀ-ում սա առաջին նման գործարքն է, որ մենք կատարում ենք: Բացի այդ, առաջին անգամ FMO-ն իր գործընկեր DEG-ի հետ որոշում է ընդունում, որպես խրախուսման միջոց, իջեցնել ֆինանսավորման տոկոսադրույքը: Երբ մենք պատրաստվում ենք մտնել որեւէ երկիր, նախ մանրամասն ուսումնասիրում ենք եւ համագործակցելու հնարավորություն տեսնելու պարագայում դա անում ենք միայն առավել թափանցիկ, առաջատար բանկերի հետ: «Ամերիաբանկի» հետ մեր վարկային պայմանագրի կնքումից այսքան կարճ ժամանակ անց համակարգի ներդրումը իսկապես օրինակելի է: Սա իրոք օրինակելի գործարք է, որը կփոխի մեր եւ մեր գործընկերների մոտեցումը շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի նկատմամբ»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4