«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2010-09-15 | #168, 2010-09-16 | #169, 2010-09-17


ԵՐԳԸ` ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ

Ռուսաստանի հայերի միության պատվիրակության մարզային այցելությունները` ռուսական երգի փառատոնի շրջանակներում

Արարատի մարզում 112 դպրոց կա, որոնք ամենայն պատրաստակամություն են հայտնում մասնակցելու «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական փառատոնին: Ավելին, մարզում գտնում են, որ լավ կլինի` նման միջացառումներն ավանդույթ դառնան, քանի որ երեխաներն իսկապես կարիք ունեն ռուսական մշակույթին շփվելու ու դրանով հարստանալու:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի գլխավորած պատվիրակությունը մարզային այցելությունների շարքը շարունակող հերթական այցով Արարատի մարզում էր, մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանն էլ հենց «Ազգի» թղթակցին վստահեցրեց, որ իրենց մարզի դպրոցներն ամենայն ակտիվությամբ են մասնակցում նման նախաձեռնություններին:

Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը եւ դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի, որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը:

Փառատոնը կազմակերպվում է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության, "Русский Мир" հիմնադրամի (Ռուսաստանի Դաշնություն) կողմից, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության, մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության աջակցությամբ: Փառատոնը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին եւ Ռուսաստանի հայերի միության 10-ամյա հոբելյանին:

Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանի հետ պատվիրակության հանդիպմանը, որին մասնացկում էր նաեւ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության առաջատար մասնագետ Լիլյա Բալասանյանը, Վլադիմիր Աղայանը ներկայացրեց փառատոնի մանրամասները: Ըստ այդմ, փառատոնը անցկացվում է չորս փուլով` նախապատրաստական, առաջին, երկրորդ եւ եզրափակիչ, որոնց ընթացքում յուրաքանչյուր մասնակից դպրոցից բոլոր անվանակարգերում մեկական աշակերտ կարող է հայտնվել եզրափակիչում, եթե, իհարկե, կհաղթահարի դպրոցից հետո շրջանային, մարզային մակարդակները:

Աղայանը շեշտեց, որ Ռուսաստանի հայերի միությունն այս փառատոնի անցկացմամբ փորձում է իր նպաստը բերել ռուսերենի կարեւորմանը, սակայն որեւէ պարագայում դա չպետք է դիտարկվի կամ իրականացվի ի վնաս հայերենի եւ հայ մշակույթի:

Փոխմարզպետ Մինասյանը տեղեկացրեց, որ Արարատի մարզում գործում է 17 երաժշտական դպրոց, որտեղ հանրակրթական դպրոցների երեխաներն են սովորում, ուստի մեծ է հավանականությունը, որ մարզը հաղթողներ կունենա:

Սեպտեմբերի 15-ին Արարատի մարզ այցելությունից հետո ՌՀՄ պատվիրակությունը Լիլյա Բալասանյանի հետ եղավ նաեւ Վայոց ձորի մարզում: Մարրզպետ Սերգեյ Բագրատյանի հետ հանդիպմանը, որին, բացի ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանից, փառատոնի կոորդինատոր Ջուլիետա Հովումյանից եւ կրթության ու գիտության նախարարության ներկայացուցիչ Լիլյա Բալասանյանից, մասնակցում էին նաեւ մարզպետարանի այն աշխատակիցները, որոնք անմիջականորեն առնչվում են դպրոցների ու փառատոնի նման միոցառումների կազմակերպման հարցերին:

Մարզպետ Բագրատյանը փառատոնի ծրագիրը գերազանց որակեց, ընդգծելով, որ եւս մեկ ուրախալի ու հպարտացնող հանգամանք էլ այն է, որ փառատոնը նախաձեռնողը` ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը նույն մարզից է: Նման փառատոն անցկացնելու գաղափարի կարեւորության եւս մեկ հատկանիշ էլ, ըստ մարզպետի, այն է, որ այդ ամենն արվում է երեխաների համար, որպեսզի վերջիններս կրթվեն ու դաստիարակվեն, քանզի միակ մնայուն արժեքը գիտելիքն է:

  Սերգեյ Բագրատյանը պատրաստակամություն հայտնեց մարզում փառատոնի անցկացմանն օժանդակելու առնչությամբ, քանի որ կարեւորում է լավ կրթություն ունեցող եւ մրցունակ աշակերտներ ունենալը: Վայոց ձորի մարզպետի ներկայացմամբՙ ռուսերենի իմացությունն այսօր նահանջել է, սակայն այդ լեզուն մնում է մեզանում կարեւորված ու անհրաժեշտ թեկուզ այն հիմքով, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է Հայաստանին:

ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանն, իր հերթին, ողջունեց նման պատրաստակամությունն ու ըմբռնումը, ընդգծելով, որ փառատոնի անցկացումը նաեւ հեռահար նպատակներ ունի, այն է` նախ դարձնել ավանդական, ապաՙ միջազգային: Ավելին, ըստ Աղայանի, նպատակ կա հասնելու նրան, որ ինչպես ՌՀՄ անցկացրած այլ մրցույթների արդյունքներով, այնպես էլ այս փառատոնի դեպքում հաղթողները հնարավորություն ստանան կրթությունը շարունակելու Ռուսաստանի կոնսերվատորիայում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նկար 1. Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւ ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը

Նկար 2. Քննարկում Վայոց ձորի մարզպետարանում


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4