«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2010-09-15 | #168, 2010-09-16 | #169, 2010-09-17


ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

Ամերիկահայ ճանաչված լրագրող Ֆլորենս Ավագյանը վերջերս ՀՕՖ-ի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանի հետ Գյումրի այցելելովՙ բարեփոխված շատ դրական երեւույթներ է նկատել, որոնց մասին գրում է ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:


Բարեփոխումները նկատելի են ամենուրեք Հայաստանի այս երկրորդՙ 130 հազար բնակչություն ունեցող քաղաքում: Եվ այդ բարոփոխումներին նպաստող մի քանի ծրագրեր մշակվում են, համադրվում եւ ֆինանսավորվում Հայ օգնության ֆոնդի միջոցներով: Դրանցից մեկը Մարգարիտ եւ Նշան Աթինիզյանների անվան ծերանոցն է, որն իր դռները 2000 թվին բացեց մոտ 200 անտեր մնացած ավագ սերնդի ներկայացուցիչների առաջ: Մեծամասնությունը կանայք են, որոնց վիճակը խիստ հուսահատական կլիներ առանց ՀՕՖ-ի օժանդակության:

Յոթանասունամյա Հայկանուշ Սարգսյանը , ում երկու դուստրերն ու մեկ որդին զոհ էին գնացել երկրաշարժին, տառապում է արյան բարձր ճնշմամբ եւ չէր կարող հոգալ իր անմիջական կարիքների ծախսերը 45 դոլարին համարժեք իր թոշակով: 60-ամյա Վարդան Խադրյանի վիճակն ավելի վատ է: Նա վերջերս սրտի տագնապ է ունեցել եւ ստանում է ընդամենը 30 դոլարին համարժեք թոշակ: 74 տարեկան Լամարա Վարդապետյանի կույր ամուսնուն Բաքվում 1990 թվին ազերիներն այնքան էին ծեծել, որ մահացել էր:

Այս մարդկանց եւ նրանց նմաններին սննդարար ճաշերով, հոգատար մթնոլորտով օգնության են հասնում իրենց գործին նվիրված անձնավորություններ Մարինա Բազաեւան (ՀՕՖ-ի Շիրակի բաժնի տնօրենը), Գագիկ Լաճիկյանը (ծրագրի ընդհանուր համադրող), Գոռ Սիմոնյանը (ճաշարանի հարցերի համադրող) եւ ուրիշներ: Հուլիսին նրանց միացան նաեւ ACYOA հայկական ծառայությունների ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած ամերիկահայ 18 ուսանողներ, որոնք ուսանելի փորձառություն ձեռք բերեցին այնտեղ:

ՀՕՖ-ի հաջողված մյուս նախաձեռնությունը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցն է, որը լինելով լավագույնը Հայաստանում, դեռեւս «դոմիկում» է շարունակում ծավալել իր գործունեությունը: Օգոստոսին Հայաստան այցելած ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը հանձն առավ մասնակցել դպրոցի վերակառուցման ծրագրին, որը 250 հազար դոլար է արժենալու: Նա հետեւում է «Դիփ Փարփլ» ռոք խմբի նախկին վոկալիստ Իեն Գիլանի եւ «Բլեք Սաբաթի» ու «Հեվն էնդ Հել» խմբերի կիթառահար Թոնի Սյոմիի օրինակին, որոնք, նրանից առաջ ելույթ ունենալով, 45 հազար դոլար տրամադրել էին ծրագրին: Կառավարությունն էլ իր հերթին 27 հազար դոլար էր հատկացրելՙ ընդհանուր գումարը հասցնելով 72 հազարի: Մեր այցելության ժամանակ դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը ծանոթացրեց մեզ տաղանդավոր ուսանողների հետ, որոնք հանպատրաստից համերգ տվեցին մեր պատվին:

ՀՕՖ-ի երրորդ նախաձեռնությունը, որը չափազանց կարեւոր է քաղաքի տնտեսական վերելքի համար, Գյումրիի «Ինտերնետ տեխնոլոգիական կենտրոնի» կազմավորումն ու գործունեությունն է: Երկու տարվա կրթական այս ծրագիրը նպաստում է, որ երիտասարդները, փոխանակ լքելու իրենց քաղաքը, մնան տեղում եւ աշխատանքի անցնեն այնպիսի ճանաչված միջագային ընկերություններում, ինչպիսիք են «Բումերանգը», «Սիներջին», «Վիրաժ լոջիքը» եւ այլն:

«Արդեն 60 ուսանողներ ավարտել են կրթօջախը հիմնադրման օրից եւ տեղավորվել աշխատանքի բարձր աշխատավարձով: Ծրագիրը նոր շունչ ու նոր հույս է ներշնչում երիտասարդներին», ասում է կենտրոնի փոխտնօրեն Ամալյա Եղոյանը :

ՀՕՖ-ը շարունակում է իր առաքելությունը Գյումրիում: Արեւը մայր էր մտնում, երբ մենք դուրս եկանք պատմական հարուստ անցյալ ունեցող այս քաղաքից, որը երկար ժամանակ հուսահատ թմբիրի մեջ լինելուց հետո վերջապես պայծառ ապագային միտված իր կենսունակությունն է վերակերտում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4