«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2010-09-16 | #169, 2010-09-17 | #170, 2010-09-18


ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՆ` ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՐ

Հուլիսի 18-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ Բաթումում հանդիպմանը հանդես եկավ վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծման առաջարկով: Օգոստոսի 20-ին Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նինո Քալանթաձեն վերահաստատեց նախագահի այդ առաջարկը, հայտարարելով, որ տեխնիկական առումով Վրաստանի համաձայնությունն արդեն տրված է, իսկ ինչ ձեւեր կընդունի այդ նախաձեռնությունըՙ կապված է դիվանագիտական բանակցություններից:

«Վրացական իշխանությունների այս անհեթեթ եւ արկածախնդիր նախագիծը հղի է լուրջ վտանգներով: Հետեւանքները Վրաստանի շատ ավելի ծանր կարող են լինել, քան 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո կրած կորուստները: Ջավախահայությունը չի կարող անտարբեր մնալ իր բնույթով հակահայկական այս նախագծի նկատմամբ», այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի Ռուսթավ քաղաքի թիվ 6 քրեակատարողական հիմնարկում գտնվող, 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը:

Ըստ նրա, ջավախահայության համար նման համադաշնության գաղափարն անընդունելի է, քանի որ դրա ստեղծումը անխուսափելիորեն հանգեցնելու է Վրաստանի որպես համադաշնության առավել թույլ անդամի, Ադրբեջանի գերիշխանության տակ ընկնելուն: «Վրաց-ադրբեջանական համադաշնությունը նաեւ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի եւ Հայաստանը շրջափակող այլ ծրագրերի տրամաբանական շարունակությունն է: Ջավախահայությունը երբեք անտարբեր չի հետեւի, թե ինչպես վրացական իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված նպաստելու են Հայաստանի ու Արցախի «վզին» գցված խեղդապարանի սեղմմանը», ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի կառավարությունը պարտավոր է հաշվի առնել այս նախագծի նկատմամբ իր երկրի հայ քաղաքացիների սկզբունքային բացասական վերաբերմունքը: Ըստ Չախալյանիՙ «Գուցե վրաց ժողովուրդը համաձայն է Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը դառնալու հեռանկարին, սակայն ջավախահայությունը Անկարայի եւ Բաքվի գերիշխանության տակ հայտնվելու վտանգին երբեւիցե չի համակերպվելու»:

Եթե, այնուամենայնիվ, վրացական իշխանությունները խոսքերից անցնեն գործի, ապա, Չախալյանի հայտարարության համաձայն, ջավախահայությունը, հաշվի առնելով կոտորածների եւ բռնի տեղահանության ենթարկված Բաքվի, Սումգայիթի եւ Նախիջեւանի հայության ճակատագիրը, իրեն իրավունք է վերապահում միջազգային նորմերի հիման վրա ձեռնարկել ինքնուրույն քայլեր` ուղղված իր գոյության անվտանգությանը սպառնացող այս օրհասական վտանգի չեզոքացմանը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4