Այսպիսի եզրակացության են հանգել մի քանի օր առաջ Եվրոմիության վիճակագրական գրասենյակի աշխատակիցները: Հիմնվելով վերջին տվյալների վրա, «Եվրոստատը» 31,9 միլիոն օտարերկրացի է գրանցել 27 անդամներից բաղկացած Եվրոմիությունում, որը կազմում է ընդհանուր բնակչության 6,4 տոկոսը: Օտարերկրացիների ամենամեծ քանակը (7,2 միլիոն) գտնվում է Գերմանիայիում, որին հետեւում է Իսպանիան (5,7 միլիոն): Բայց տոկոսային հարաբերակցությամբ օտարերկրացիներով ամենախիտ բնակեցված երկիրը փոքրիկ Լյուքսեմբուրգն է (44 տոկոս), որին հետեւում են Լատվիան (18 տոկոս), Կիպրոսն ու Էստոնիան (16 տոկոս): Լեհաստանում, Ռումինիայում եւ Բուլղարիայում այդ թիվը կազմում է 1 տոկոս:
Օտարերկրացիների ընդհանուր քանակից 11,9 միլիոնը (2,4 տոկոս) եվրոպական այլ երկրների քաղաքացիներ են, իսկ 19,9 միլիոնը (4 տոկոս)ՙ Եվրոպայից դուրս գտնվող երկրներից, որոնց թվում Աֆրիկայիցՙ 4,9 միլիոն, Ասիայիցՙ 4 միլիոն, Ամերիկյան մայրցամաքիցՙ 3,3 միլիոն:
Թուրքիայի քաղաքացիները կազմում են ամենամեծ էթնիկական խմբավորումըՙ 2,4 միլիոնով կամ 8 տոկոսով: Նրանց հաջորդում են Մարոկկոյի (1,8 միլիոն կամ 6 տոկոս) եւ Ալբանիայի բնակիչները (1 միլիոն կամ 3 տոկոս):
Եվրոմիության ընդհանուր բնակչության ավելի քան մեկ երրորդը ապրում է ԵՄ անդամ երկրներից մեկ ուրիշ երկրում, ընդ որում ամենամեծ խմբավորումը Ռումինիայից է (2 միլիոն կամ 6 տոկոս), որին հետեւում են Լեհաստանի (1,5 միլիոն կամ 5 տոկոս) եւ Իտալիայի (1,3 միլիոն կամ 4 տոկոս) խմբավորումները:
Վիճակագրական այս տեղեկությունները հրապարակել է «Ասոշիեյթեդ պրեսը» Բրյուսելից:
Հ. Ծ.