Մհեր Սիմոնի Մելքոնյանը եզակի այն անհատներից է, ովքեր հարազատ ժողովրդի պատմության էջերում իրենց առանձնահատուկ տեղն ունեն: Սեպտեմբերի 18-ին Մհեր Մելքոնյանին ճանաչողները, նրա ղեկավարած հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները, հարազատները մեծ հարգանքով նշում են անվանի ու մեծավաստակ գիտնականի, իր ժողովրդի նվիրյալ զավակի, իսկական հայրենասերի ծննդյան 90-ամյակը:
Լոռվա գեղատեսիլ անկյուններից մեկումՙ Մեծ Պարնի գյուղում է ծնվել Մհեր Մելքոնյանը: Աչք բացելով ու հասակ առնելով արդար աշխատանքով, կյանքի բազմապիսի խնդիրները հոգացող մարդկանց շրջապատում` դեռ մանկուց նա սիրել է ազնիվ ու ստեղծագործ աշխատանքը, հասու դարձել մարդկանց խոհերին ու մտորումներին, նվիրվել նրանց հուզող խնդիրների լուծմանը:
Քիչ են լինում մարդիկ, որոնք աշխատանքի մեջ անընդհատ վեր են բարձրանում: Դրա համար մշտական ինքնահաղթահարում է պահանջվում: Մհեր Մելքոնյանի պահանջկոտությունը ուրիշների նկատմամբ, նախ եւ առաջ, խստապահանջություն էր իր հանդեպ:
Ավարտելով Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, զուգահեռաբար սովորել է մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1943-ին, հրաժարվելով չզորակոչվելու արտոնությունից, կամավոր մեկնում է ռազմաճակատ ու անձնուրացաբար մարտնչում մարտադաշտում: 1946-49թթ. նրան է վստահվում Սպիտակի շրջանային խորհրդ գործկոմի անասնապահության եւ գյուղատնտեսության բաժնի վարիչի պաշտոնը:
Միաժամանակ ղեկավարելով Շիրակի եւ Լոռվա տարածաշրջանների անասնաբուծության վիճակն ուսումնասիրող արշավախմբերը` Մհեր Մելքոնյանը, դրանց արդյունքներից կազմված նյութերի հիման վրա, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Բազմաթիվ են անվանի գիտնական, գյուղատնտեսության քաջ գիտակի զբաղեցրած պաշտոններըՙ 1949-57 թթ. Արփի լճի տոհմային տնտեսության տնօրեն, Կիրովականի օկրուգային գյուղվարչության պետ, գյուղատնտեսության նախարարության անասնաբուծական-անասնաբուժական գլխ. վարչության պետ: 1958-ին Մհեր Մելքոնյանը նշանակվել է Սպիտակի շրջխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնում, իսկ մեկ տարի անց, արժանանալով աշխատանքային բարձր գնահատականի, նշանակվում է ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար, իսկ 1961-72 թթ. զբաղեցնում է ՀԿԿ Կենտկոմի քարտուղարի աթոռը:
Շուրջ 10 տարի Մհեր Մելքոնյանը եղել է գյուղատնտեսության նախարարի տեղակալը, գիտության ու կրթության վարչության պետը, 1983-94 թթ.` Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ռեկտորը, ապա` հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորի խորհրդականն ու էկոնոմիկայի ամբիոնի պրոֆեսորը:
Ցանկացած պաշտոնում էլ դոկտոր Մհեր Մելքոնյանը մշտապես նորամուծություններ է ներդրել հանրապետության գյուղատնտեսության արտադրության կազմակերպման եւ բարձրարդյունավետ զարգացման, գիտական առաջավոր մեթոդների հիման վրա արտադրության կայուն վերելքի ապահովման, գիտական կադրերի պատրաստման գործում: Նրա մշտական ուշադրության կենտրոնում են եղել ինստիտուտի գիտական ներուժի կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքների, ուսանողների ուսումնական ու դաստիարակչական եւ արտադրական բազայի ճիշտ փոխկապակցման հարցերը:
Մ. Մելքոնյանը 174 գիտական աշխատանքների, 16 դասագրքերի, 11 արտոնագրերի հեղինակ է: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 16 դոկտորական եւ թեկնածուական ատենախոսություն: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մելքոնյանը եղել է ՀՀ գյուղատնտեսական գիտությունների եւ Ռուսաստանի Դաշնության ագրարային կրթության եւ գիտության ակադեմիաների իսկական անդամ:
Մհեր Մելքոնյանը հայրենասեր էր բառիս բուն իմաստով: Նրա ողջ կյանքը գործնական հայրենասիրության տիպար է ներկայացնում: Կամավոր ռազմաճակատ մեկնելը, հերոսաբար կռվելը եւ հաղթանակով տուն վերադառնալը կամ մեծ երկրաշարժի օրերին ուժերի գերագույն լարումով հարազատ ժողովրդին օգնության հասցնելը նրա բնական կենսակերպի արտահայտություններն են:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա բազմիցս պարգեւատրվել է շքանշաններով, մեդալներով ու այլ բարձրագույն պարգեւներով: Մհեր Մելքոնյանին բնորոշ էին մարդամոտությունը, սրտացավությունը, գործի եւ մարդկային հոգսերի նկատմամբ բացառիկ ուշադրությունը: Նա մեծի հետ մեծ էր, փոքրի հետՙ փոքր, միշտ հմայիչ ու թիկնեղ իր կեցվածքով, ժպիտով, հումորի բարձր զգացումով, հրաշալի սեղանապետ էր ու յուրօրինակ բաժակաճառերի հեղինակ:
Նա տեսնում էր յուրաքանչյուր առանձին մարդու, անհրաժեշտ եւ հասկանալի էր յուրաքանչյուրին: Մեծահոգի եւ անքինախնդիր լինելով, բոլորին օգնել ձգտելով հանդերձ, նա ավելորդ անգամ խոստումներ չէր շռայլում, քանի որ խոստանալը նրա համար կատարել էր նշանակում: Նրա խոսքի եւ գործի միասնությունը անխախտ էր:
Ցավոք, այսօր անվանի գիտնականի հոբելյանը նշվում է առանց իր ֆիզիկական ներկայության, սակայն նրա թողած պատգամըՙ «Սերունդների բնական համագործակցություն` հանուն սեփական ժողովրդի բարօրության», սրբորեն իրականացնում են նրա բոլոր տարիների ուսանողները, նրան ճանաչողները:
Մհեր Մելքոնյանի «Հուշեր, մտորումներ» գրքում, որը լույս է տեսել նրա մահվանից հետո, զետեղված է մեծ հայրենասերի, գիտնականի անցած գնացած օրերի անդրադարձըՙ զերծ ուսուցողական եւ խրատական ոճից:
Մհեր Մելքոնյանը եկավ, արարեց, թողեց հարուստ ժառանգություն սերունդների համար ու հեռացավ անցորդի անվերադարձ ճամփով: Ծնունդդ շնորհավոր, մեծատառով Հայ Մարդ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ