«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2010-09-18 | #171, 2010-09-22 | #172, 2010-09-23


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ՎԵՐՋԵՐՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի պատրաստած «Դեռահասների եւ երիտասարդների շրջանում բռնության եւ սառը զենքի հետ կապված հանցավորության կանխարգելման մասին» զեկուցագրում Ռուսաստանը սպանությունների գծով առաջին տեղն է գրավում Եվրոպայում:

10-29 տարեկան անձանց տարիքային խմբում բռնության հետ կապված մահացության մակարդակը Ռուսաստանում 15,85 է 100 հազար մարդու հաշվով: Սա ամենաբարձր ցուցանիշն է զեկուցագրում ընդգրկված 53 երկրների տվյալների մեջ: Երկրորդ տեղում Ալբանիան էՙ 11,2 սպանություն 100 հազար բնակչի հաշվով, երրորդումՙ Ղազախստանը (10,66):

Բռնության հետեւանքով դեռահասների եւ երիտասարդների մահացության ամենացածր մակարդակը Գերմանիայում է (0,47), Հայաստանում (0,5) եւ Ավստրիայում (0,54):

Հետազոտության հեղինակները նշում են, որ բռնի մահվան ամենաբարձր մակարդակներն արձանագրված են մեկ շնչին ընկնող եկամուտների ցածր եւ միջին մակարդակներ ունեցող երկրներում: Տարածաշրջանում վերջիններիս ընկնում է բոլոր սպանությունների 90 տոկոսը:

Երկրի ընդհանուր տնտեսական վիճակից անկախ, ամենամեծ թվով սպանություններ տեղի են ունենում բնակչության սակավ ապահովված խավերում, ըստ որում 5 սպանվածից 4-ը տղամարդ է:

Զեկուցագրի հեղինակները նաեւ պարզել են, որ եվրոպական տարածաշրջանում 10-29 տարեկան տարիքային խմբում բոլոր մահերի մոտ 40 տոկոսը կապված է դանակի վերքերի հետ: Հեղինակները եզրակացնում են, որ պատշաճ ջանքերի գործադրման դեպքում 10 սպանությունից 9 հնարավոր կլիներ կանխել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4