«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2010-09-18 | #171, 2010-09-22 | #172, 2010-09-23


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸՙ 3,1 ՏՈԿՈՍ

Սակայն օգոստոսին կտրուկ աճ է արձանագրվել հուլիսի համեմատ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010-ի հունվար-օգոստոս ամիսների օպերատիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական աճը կազմել է 3,1 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 2 տրիլիոն 42 մլրդ դրամ: Տնտեսական աճի տեմպը շարունակել է նվազել, քանի որ հունվար-մայիս ամիսներին կազմել էր 8,8 տոկոս, հունվար-հունիսինՙ 6,7 տոկոս, հունվար-հուլիսինՙ 4 տոկոս: Միաժամանակ, օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է կտրուկՙ 79,3 տոկոս աճ, այն դեպքում, երբ հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել էր 19,2 տոկոս անկում: Տնտեսական աճի տեմպի նվազումը դարձյալ պայմանավորված է գյուղատնտեսության արտադրանքի եւ շինարարության ծավալների նվազմամբ, թեեւ օգոստոսին այս ճյուղերը նույնպես աճի ցուցանիշներ են ունեցել:

Այս տարվա հունվար-օգոստոսին աճի տեմպը պահպանվել է արդյունաբերությունումՙ 11,5 տոկոս, եւ 2,2 տոկոս աճՙ օգոստոսին հուլիսի նկատմամբ: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-օգոստոսին աճել է 17,1 տոկոսով, իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբ աճը կազմել է 0,9 տոկոս: Ամենաբարձր աճն արձանագրվել է հենց այս ճյուղում, ընդ որում, չնայած ոչ սեզոնային ժամանակահատվածին, ապաՙ արդյունաբերությունում:

Շինարարությունում տարվա առաջին 8 ամիսներին գրանցվել է անկումՙ 2,4 տոկոսով, բայց օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 4,7 տոկոս աճ: Մեկ անգամ եւս նշենք, որ սա առավելապես պետական ծրագրերով իրականացվող շինարարությանՙ ճանապարհաշինության, աղետի գոտու կառուցման շնորհիվ է, իսկ մասնավոր շինարարությունը դեռ հեռու է նախաճգնաժամային ակտիվությունից: Գյուղատնտեսությունում անկումը փոքր-ինչ նվազել է եւ կազմել 18 տոկոս, իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 7,3 տոկոս աճ:

Ծառայությունների ոլորտում այս տարվա հունվար-օգոստոսին արձանագրվել է 7,2 տոկոս աճ, իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբՙ 3,4 տոկոս անկում: Մանրածախ առեւտրում արձանագրվել է փոքրՙ 0,3 տոկոս աճ, իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբՙ 14,4 տոկոս աճ:

Առեւտրում հունվար-օգոստոսին արձանագրված աննշան աճի ցուցանիշն առնվազն տարակուսանք է հարուցում, քանի որ հակառակ ճգնաժամին, 2009-ին այստեղ նկատելի աճ էր արձանագրվում: Դա պայմանավորված էր ՀԴՄ-ների կտրոնների դիմաց բոնուսներ տրամադրելու կառավարության քաղաքականությամբ, ինչը բացահայտում էր ստվերային շրջանառությունը: Մինչդեռ այս տարի այդ բոնուսների չափն իջեցվեց մինչեւ 1 տոկոսի, ինչն ուղղակի հիասթափություն առաջացրեց սպառողների մեջ եւ էապես նվազեցրեց կտրոն պահանջելու նրանց ակտիվությունը: ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար մի քանի օր կասեցված առեւտրի օբյեկտները բացվելուց հետո էլ շարունակում են այն չտրամադրել: Անգամ հանրահայտ սուպերմարկետներում են սկսել մերթընդմերթ «մոռանալ» կտրոն տրամադրելը:

Պետական միջին աշխատավարձերի աճի ցուցանիշը կազմել է 4,7 տոկոսՙ հասնելով 85,3 հազար դրամի, ոչ պետական հատվածում միջին աշխատավարձն ավելացել է 9 տոկոսով եւ կազմել 132,54 հազար դրամ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը հունվար-օգոստոս ամիսներին ավելացել է 25,3 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 958 մլն դոլար: Արտահանումը կազմել է 598 մլն դոլարՙ արձանագրելով 43,8 տոկոս աճ եւ օգոստոսին հուլիսի նկատմամբՙ 22,4 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 2 մլրդ 360 մլն դոլարՙ աճելով 21,3 տոկոսով, իսկ օգոստոսին հուլիսի համեմատՙ 2,4 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակել է խորանալՙ կազմելով գրեթե 2,5 մլրդ դոլար:

Գնաճը հուլիսին հունիսի նկատմամբ աճել է 0,3 տոկոսով եւ հունվար-օգոստոսին կազմել 7,7 տոկոս:

Այսպիսով, հուլիսին արձանագրված կտրուկ անկումից հետո, օգոստոսին Հայաստանի տնտեսական ցուցանիշները սկսեցին շտկվել: Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերից դրանք ավելի կբարելավվեն, քանի որ տարվա վերջին 3-4 ամիսները ավանդաբար տնտեսապես ամենաակտիվն են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4