«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2010-09-18 | #171, 2010-09-22 | #172, 2010-09-23


ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Հայ շախմատիստուհիներն առաջին պարտությունը կրեցին

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 2-րդ տուրն էլ հաջող էր օլիմպիական կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար: Այս անգամ մեր թիմը 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց մրցաշարի մասնակիցների մեջ 49-րդ վարկանիշն ունեցող Ավստրալիայի շախմատիստներին: Վերջիններս մեկնարկային տուրում 4-0 հաշվով հաղթել էին Բահրեյնի հավաքականին: Նախորդ տուրի համեմատ այս անգամ առաջին խաղատախտակին խաղաց մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը, որը սպիտակներով արդեն 28-դ քայլին պարտության մատնեց Ժաո Ժոնգ-Յուանին: Առաջինն իր մրցավեճն ավարտած Վլադիմիր Հակոբյանը 22-րդ քայլին հաշտություն կնքեց Դավիթ Սմերդոնի հետ: Հաղթանակներ տոնեցին 3-րդ եւ 4-րդ խաղատախտակներին հանդես եկած Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանըՙ պարտության մատնելով համապատասխանաբար Վենդի Քսիեին եւ Ստեպեն Սոլոմոնին:

Իսկ ահա Հայաստանի կանանց հավաքականի համար 2-րդ տուրն անհաջող էր: Մեր շախմատիստուհիները 1,5-2,5 հաշվով պարտվեցին 20-րդ վարկանիշն ունեցող Չեխիայի ընտրանուն, որը նախորդ տուրում 4-0 հաշվով պարտության էր մատնել Հորդանանին: Մեր թիմից հաղթանակ տոնեց միայն

1-ին խաղատախտակի վրա հանդես եկող Էլինա Դանիելյանըՙ երկարատեւ պայքարից հետո պարտության մատնելով Եվա Կուլովանային: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Քրիստինա Նավլիկովայի հետ: Լիլիթ Գալոյանը պարտվեց Օլգա Սիկորովային, իսկ Նելլի Աղինյանը զիջեց Թերեզա Օլսարովային:

Երկու տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4 միավորով առաջատարների շարքում է: Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ ուկրաինացիները Շոտլանդիայի հավաքականի հետ մրցավեճում հաղթեցին բոլոր չորս պարտիաներում: Ռուսաստանի առաջին հավաքականը 3-1 հաշվով առավելության հասավ սերբերի նկատմամբ: Չինաստանի հավաքականը նույնպիսի հաշվով հաղթեց բրազիլացիներին, որի կազմում 3-րդ խաղատախտակի վրա Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաշտություն կնքեց Բու Քսյանջիի հետ:

Սլովակիայի շախմատիստները 3-1 հաշվով հաղթեցին լիտվացիներին: Կրկին հաղթանակ տոնեց սլովակների առաջատար Սերգեյ Մովսիսյանըՙ պարտության մատնելով Էդուարդաս Ռոզենթալիսին: Վրաց շախմատիստները սինգապուրցիներին հաղթեցին բոլոր 4 պարտիաներում:

Ներկայացնենք եւս մի քանի ուշագրավ արդյունքներ. Ռուսաստան-2-Վենեսուելաՙ 3,5-0,5, Մոնղոլիա-ԱՄՆՙ 0,5-3,5, Իսրայել-Ինդոնեզիաՙ 2-2, Ալբանիա-Լեհաստանՙ 0-4, Կուբա-Թուրքմենստանՙ 3-1, Ադրբեջան-Վիետնամՙ 1,5-2,5, Արգենտինա-Հունգարիաՙ1,5-2,5, Բոսնիա-Անգլիաՙ 2,5-1,5, Իսպանիա-Ֆիլիպիններՙ 2,5-1,5:

Կանանց մրցաշարում Ռուսաստանի առաջին հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց բոսնիացիներին: Ուկրաինա-Շվեյցարիա, Չինաստան-Նորվեգիա հանդիպումներն ավարտվեցին զույգերում առաջինը նշված թիմերի հաղթանակով (3,5-0,5): ԱՄՆ-ի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց էստոնացիներին: Այս անգամ ամերիկացիների կազմում չէր խաղում Տաթեւ Աբրահամյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4