«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


ԲԱՔՎԻ «ՄՈՍԿՎԱՑԻ ՏՂԵՐՔԸ»

Վերջին օրերին ադրբեջանական լրատվական դաշտում հետաքրքրական իրարարանցում է տիրում: Դա ամենեւին կապված չէ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, որոնց արդյունքները, չանցկացված էլ, հայտնի են: Պարզապես Բաքուն սեփական «հեռադիտակով» Մոսկվայում եւ այլ` նախկին միութենական խոշոր քաղաքներում գտնում, եթե ոչ «պեղում» է մարդկանց, տարբեր պաշտոնյաների, որոնք, բնականաբար, «գիտեն ողջ ճշմարտությունը Ղարաբաղի մասին»: Ադրբեջանական կայքերի հյուրեր են լինում նախկին ԽՍՀՄ ՊԱԿ-ի սպաներ, գեներալներ, թե ի՞նչ են նրանք խոսում, անհրաժեշտ չենք համարում նշել, որովհետեւ նախկին ՊԱԿ-ի սպան չի կարող պարզապես ճշմարտությունն ասել` նույն այդ ճշմարտությունը, սակայն, շատ լավ գիտենալով: Ինչո՞ւ, օրինակ, ադրբեջանցի մեր գործընկերները չեն զրուցում այլ «ռուսների» հետ` այլ միայն նրանց հետ, որոնք ի պաշտոնե պետք է Ղարաբաղում պաշտպանեին ԽՍՀՄ շահերը: Եթե այդ մարդիկ հանկարծ որոշեն ճշմարտությունն ասել, ապա նույն վայրկյանին կխոստովանեն, որ իրենց` այդ տարիների գործունեությունը սխալ է եղել. այնպես որ հասկանալ կարելի է Բաքվի «մոսկվացի տղերքին»:

Ոմանց, սակայն, անդրադառնանք. Ալեքսեյ Օստրովսկի: 1976-ին ծնված, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Պետդումայի այս երիտասարդ պատգամավորը, որը նաեւ գլխավորում է Պետդումայի ԱՊՀ-ի հետ հարաբերությունների հանձնաժողովը, ըստ ադրբեջանական աղբյուրների, հրապարակավ քննադատել է հանձնաժողովում իր իսկ տեղակալ Կոնստանտին Զատուլինին` նրա «միակողմանի» մոտեցումների համար: Զատուլինին ներկայացնելու կարիք թերեւս չկա. վերջերս ՀՀ նախագահից «Մեսրոպ Մաշտոց» մրցանակին արժանացած գործիչը նաեւ ընդգրկված է Ադրբեջանի «սեւ ցուցակում» ԼՂՀ պարբերաբար այցելությունների համար: Օստրովսկին «ըմբռնումով» է մոտեցել ադրբեջանցի լրագրողի մտահոգությանը Զատուլինի դիրքորոշումների առչությամբ. «Եթե դուք բողոքներ ունեք, դիմեք Զատուլինի կուսակցությանը` «Եդինայա Ռոսիային», եւ ասեք` ինչո՞ւ եք ձեր շարքերում նման քաղաքական գործիչ պահում: Դումայում ընթացակարգն այնպիսին է, որ ես չեմ կարող ընտրել իմ տեղակալներին»: Ավելի ուշ Մոսկվայում հանդիպելով Հարավային Կովկասի լրագրողների հետ, Օստրովսկին նշում է. «Միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ես արդյունավետ չեմ համարում Հեյդար Ալիեւի հայտարարությունը, որը նշել էր, թե քանի որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին հարցն է, ապա Ադրբեջանը կարող է այն լուծել իր ցանկացած ձեւով: Պետք է նկատել, որ Ղարաբաղի հարցն այսօր ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հարցն է. այն վաղուց արդեն դուրս է եկել այդ շրջանակից: Եվ հիմա Երեւանն ու Բաքուն միայն կարող են լուծել խնդիրը»: Օստրովսկու այս խոսքերն ու դրանց բարձրաձայնման պատճառը հասկանալու համար պետք է իմանալ, որ նրա լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Ռուսաստանում «այնքան էլ չի սիրում» «Եդինայա Ռոսիային», հետեւաբար` «...դիմեք «Եդինայա Ռոսիային» Օստրովսկու արտահայտությունը` պետք է հասկանալ այդ համատեքստում: Այստեղ տարօրինակը մեկ այլ բան է. այդ ինչպե՞ս է, երիտասարդ լիբերալ-դեմոկրատի կարծիքով, «միջազգային հանրությունը պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», եթե նույն այդ միջազգային հանրության ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի փոխնախագահ, նույն Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովկսին, օրինակ, Ղարաբաղն այլեւս չի պատկերացնում Ադրբեջանի կազմում: Այնպես որ Օստրովկսու խոսքերը այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, նվազագույնը` սեփական կուսակցության նախագահի տեսակետին:

Ադրբեջանական հաջորդ «հերոսը» ՌԴ ԱԳՆ «4-րդ բաժանմունքի» տնօրեն Անդրեյ Կելինն է: Նախ նշենք, որ Կելինի խոսքերը մեջբերում ենք ադրբեջանական «ԱՊԱ»-ին տված հարցազրույցից եւ նախօրոք ներողություն ենք խնդրում, եթե ստիպված կլինենք հերքել. հիշեցնենքՙ նույն «ԱՊԱ»-ն ոչ վաղ անցյալում հարցազրույց էր պատրաստել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Կելինը նշել է. «Անվանել Ղարաբաղը բանակցությունների երրորդ կողմՙ անհնար է: Մի ժամանակ Երեւանում կային մարդիկ, որոնք պահանջում էին դա, սակայն հետո հասկացան, որ եռակողմ բանակցություններից հնարավոր չէ արդյունք ակնկալել, շատ ավելի հեշտ է բանակցել երկուսով»: Անկեղծ ասած` տարակուսանք է առաջացնում, թե ինչպես կարող է ՌԴ ԱԳՆ բաժանմունքի պետը նման բան ասել, չէ՞ որ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը կոնկրետ չի հոգնում կրկնելուց, որ ԼՂ-ն անպայման կներառվի բանակցություններում, չէ՞ որ բանակցությունները, եթե դրանք տարվում են հանուն երկարատեւ խաղաղության, պետք է լինեն ոչ այնքան հեշտ, որքան արդարացի: Ինչեւէ, ադրբեջանական «ԱՊԱ»-ում կարծես ամեն ինչ հնարավոր է:

Եվ վերջապես` կումունիստ Իլյուխինը «Վեստի.ազ»-ի հետ օրեր առաջ հարցազրույց ունեցավ: Անդրադառնալ դրան` էական չէ, «ինչ-որ նավթի հոտ է գալիս»: Նշենք միայն, որ Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը, Կրասնոդարի «Երկրամաս» պարբերականի փոխանցմամբ, հանդես է եկել հայտարարությամբ. «Հարցազրույցում ներկայացվում են ծայրահեղ միակողմանի մոտեցումներ, սովորաբար նման հայտարարություններ` ուղղված հայ ժողովրդին եւ գործիչներին, մենք լսում ենք Բաքվի ռեժիմից: Մենք կոչ ենք անում ռուս պատգամավորներին, ինչպես նաեւ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին` ուշադրություն դարձնել եւ արժանի գնահատական տալ իրենց գործընկերոջ հայտարարություններին: Մենք հայտարարում ենք, որ պատգամավոր Իլյուխինի արտահայտությունները հայ համայնքի աչքերում ստվեր են նետում այն քաղաքական ուժի վրա, որը ներկայացնում է նա»: Ավելի ուշ նույն Իլյուխինը կրկին «Վեստի. ազ»-ի էջերում շարունակում է... արդեն միայն շեշտելով, որ ինքը ռուս է, ոչ մի հոսանքի ու առավել եւս երկրի ազդեցության տակ չի ընկնում, եւ իր երեխաների արյունը ինչ-որ չափով հայկական է. «Ես հպարտանում եմ, որ ռուս եմ եւ ինձ ոչ ոք չի կարող ստիպել մտածել հայամետաբար, վրացամետաբար եւ այլն: Ես, իհարկե, կարող եմ ինչ-որ հարցերում սխալվել, բայց ես միշտ պատրաստ եմ երկխոսության` հիմնված բացառապես փաստերի վրա», նշել է Իլյուխինը: Երկխոսությո՞ւն` հիմնված փաստերի վրա՞, այն էլ կոմունիստական կուսակցության ներկայացուցչի՞ հետ` հաճույքով. Ղարաբաղը անցել է Սովետական Ադրբեջանի կազմ Ռուսաստանի կումունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921-ի հուլիսի 5-ի որոշմամբ. կուսակցական մարմնի ցանկացած նման մասշտաբի որոշում չի համապատասխանում միջազգային իրավունքին: Փաստերը, արդարացի փաստերը, բազմաթիվ են:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4