Հոկտեմբերին Հայաստան կայցելեն Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եւ Սլովենիայի նախագահը, իսկ մինչեւ տարեվերջ Հայաստանում կլինի նաեւ Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցկասը:
Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացնում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան մի շարք հանդիպումների մասին` Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի, Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Յանդրոկովիչի, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի, Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցկասի, Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ, որոնց ընթացքում էլ քննարկվել են այցելություններին առնչվող հարցեր:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Նյու Յորք այցելության երրորդ օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Պատրիսիա Օ,Բրայանին հանձնեց «Միջազգային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի Հայաստանի կողմից վավերացման մասին փաստաթղթերը:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է իր իրաքցի գործընկեր Հոշյար Զեբարիի հետ: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Իրաքի հետ համագործակցության զարգացումը եւ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել վերաբացել Բաղդադում Հայաստանի դեսպանությունը: Իրաքի արտգործնախարարըՙ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը դեսպանություն հիմնելու համար, ասաց, որ իր կառավարությունը եւս մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երեւանում:
Նույն օրը` սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել համանախագահող երկրների ջանքերը ՄԱԿ-ի ԳԱ նախորդ նստաշրջանում ադրբեջանական ապակառուցողական բանաձեւի նախագծի հետկանչման հարցում: Մինսկի խմբի համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են մինչեւ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը իրենց կողմից նախատեսվող քայլերի մասին:
Ա. Հ.