Քաղաքական դաշտում գռեհիկ արտահայտություններ օգտագործող մարդիկ պարտադիր չէ, որ սեռական խանգարումներ ունենան: Այսպիսի կարծիք հայտնեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Եթե մարդը գռեհիկ արտահայտություններ է օգտագործում, միգուցե դա պայմանավորված է նրա սեռական կենսակերպով, սակայն դա միակ պատճառը չէ: «Պատճառները շատ են: Դրանք կարող են լինել սոցիալական, սոցիալ-հոգեբանական, սա մի շղթա է, որը ստեղծում է արատավոր որակ», ավելացրեց սեքսապաթոլոգը: Վերջինիս բացատրություններից հետո միանշանակ ասել, թե քաղաքական դաշտում միմյանց «կզարան» ուղարկող անձինք սեռական շեղումներ ունեն, սխալ կլինի: «Մեր հեռուստամշակույթը բուրում է գռեհկաբանությամբ: Տեսնում ենք, որ դաշտը դուրս է եկել վերահսկողությունից»: Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների հոմոսեքսուալ ու բիսեքսուալ հակումներին, սեքսապաթոլոգը խորհուրդ տվեց չառաջնորդվել մարդկանց միայն արտաքին տվյալներով ու հասարակության մեջ տարածված խոսակցություններով: «Զարմանում եմ, երբ մարդուն առանց ճանաչելու «պիտակավորում» են: Մարդու սեռական կողմնորոշումը նրա պահվածքի հետ ոչ մի կապ չունի: Նույնիսկ մասնագետներս երբեմն չենք կարողանում տարբերել իսկական հոմոսեքսուալին: Մեր քաղաքն էլ փոքր է, եթե մեկի անունը «պիտակավորում» են, բոլորն իմանում են», երեկ «Հայելի» ակումբում ասաց Վրեժ Շահրամանյանը:
Մասնագետը չբացառեց, որ քաղաքական ու մշակութային դաշտերում ունենք ե՛ւ հոմոսեքսուալ, ե՛ւ բիսեքսուալ, ե՛ւ հետերոսեքսուալ ներկայացուցիչներ, սակայն քաղաքական ու մշակութային գործիչների հանդեպ դաժան ագրեսիան երբեմն ճակատագրական է լինում: «Ինչքա՞ն դերասանների ու երգիչների կորցրեցինք այդ ագրեսիայի պատճառով», նշեց սեքսապաթոլոգը: Այն կարծիքին, թե Հայաստանում շատացել է հոմոսեքսուալների թիվը, Վրեժ Շահրամանյանը չհամաձայնեց. «Ո՛չ շատացել են, ո՛չ էլ նվազել, պարզապես շփման առումով դաշտն ավելի ազատ է դարձել: 5-6 տարի առաջ կային հոմոսեքսուալներ, բայց ոչ այսպիսի ակտիվությամբ, հիմա արդեն չեն թաքցնում»:
Ըստ մասնագետի տրամադրած տվյալների` հոմոսեքսուալ է տղաների 5-6 տոկոսը, իսկ աղջիկների` 3-4 տոկոսը: 1973 թվականից հոմոսեքսուալությունը հանվել է հիվանդությունների շարքից: Հիվանդություն է համարվում միայն Էգոդիստոնիկ հոմոսեքսուալությունը. «Սա այն դեպքն է, երբ անձն ամուսնացած է , սակայն գնում է բժշկի եւ ասում, որ հակում ունի նաեւ իր սեռի հանդեպ», բացատրեց սեքսապաթոլոգը: Հոմոսեքսուալության առաջացման պատճառները շատ են, այդ մասին տարբեր տեսություններ կան: Այն կարող է ե՛ւ բնածին լինել, ե՛ւ ձեռքբերովի:
Վրեժ Շահրամանյանն անդրադարձավ նաեւ պատանիների սեռական դաստիարակության խնդրին: Սեքսապաթոլոգը նաեւ դասախոսություններ է կարդում դպրոցներում: Կենսաբանության ուսուցիչները չեն կարողանում աշակերտների հետ խոսել սեռական կյանքին վերաբերող թեմաներով, ուսուցիչները վերապատրաստված չեն, բացի այդ` ամաչում են: Ծնողներն էլ իրենց հերթին են ամաչում, եւ երեխան հեռուստատեսությամբ տեսածը վերցնում է որպես գիտություն:
Ասուլիսի մյուս բանախոսի` էզոթերիկ-աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանի կարծիքովՙ հեռուստատեսությամբ անընդմեջ ցուցադրվող սերիալներն ընտանիքների կազմավորման գործում մեծ ազդեցություն են ունենում: Էզոթերիկ-աստղաբանը դեմ է, որ 13-14 տարեկան տղաները կամ աղջիկները սեռական դաստիրակություն ստանան դպրոցում: Պատճառաբանում է, որ գայթակղություններն առանց այն էլ շատ են: Գուրգեն Հովհաննիսյանը բացատրեց, որ մասնագիտությամբ էզոթերիկները զբաղվում են մարդու ֆիզիկական ու հոգեւոր դաշտերի գաղտնիքներվ: «2003 թվականից տիեզերական դարաշրջանը մտել է ջրհոսի նշանի տակ», ասաց աստղաբանը: Քանի դեռ դարաշրջանը ջրհոսի նշանի տակ է, շատ փոփոխություններ կլինեն: «Այս դարաշրջանում փոխվում է մարդկանց հոգեբանությունը: Մարդկությունը քանի գնումՙ դեգրադացվում է», ասաց Գ. Հովհաննիսյանը: Նրա խոսքով` սկսված ծանր շրջափուլը տեւելու է մինչեւ 2050 թվականը: Էզոթերիկը դժգոհեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո էզոթերիկների գործն իրենց վրա վերցրին շառլատանները:
Էզոթերիկն անդրադարձավ նաեւ ըստ աստղաբանության ամուսնանալ-չամուսնանալու հարցին. «Օրինակ` Հնդկաստանում չկա սեր հասկացություն, աստղաբանն է որոշում, թե ովքեր իրար հետ պետք է ամուսնանան»:
Վ. Շահրամանյանն էլ ասաց, որ մարդու սեքսուալ խառնվածքի մեջ աստղաբանությունն իր տեղն ունի. «Բայց դրան մենք շատ տեղ չենք տալիս»: Ամեն ազգ ունի իր սեքսուալ մշակույթը: «Մենք էլ ունենք մեզ բնորոշ սեքսուալ մշակույթը, որը պետք է հղկել ժամանակի ընթացքում: Մեզանում այդ մշակույթն այնքան էլ բարվոք վիճակում չէ»: Հայ ընտանիքներում այդ թեմաները «փակ» են: «Հիմա խեղդվում ենք ինֆորմացիայի ավելցուկից, որն ավելի շատ ապատեղեկատվություն է», նշեց Վ. Շահրամանյանը: Հեռուստատեսության, ինտերնետի ու չվերահսկվող ամսագրերի ինֆորմացիան մեզանում ձեւավորում են անմխիթար սեռական մշակույթ: Այնուամենայնիվ Վ. Շահրամանյանն ուրախությամբ է նշում, որ սեքսապաթոլոգին դիմողների թիվը ավելանում է, սակայն մարզերի բնակիչների մեջ սեքսապաթոլոգին դիմելու մշակույթը դեռեւս բացակայում է:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ