«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


Ո՞Վ Է ՎԵՐՋԱՊԵՍ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ

Հունիսի 2-ին «Ազգը» գրել էր միայնակ թոշակառու, աշխատանքային երկրորդ խմբի հաշմանդամ Վեներա Անտոնյանի մասին, որը փետրվարին դիմել էր դատախազություն: Անտոնյանն «Ազգին» պատմել էր, որ Ազատության պողոտայի 2/ա շենքի 14 բնակարանի իր հարեւանը տարիների ընթացքում գողության եւ վնասարարության միջոցով մեծ գումարի վնաս էր տվել իրեն, ինքը դիմել էր Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Սակայն ոստիկանությունում, իր դիմումը քննելով, հանցադեպ չեն գտել, ինչին համաձայն չէ թոշակառուն եւ այդ պատճառով դիմել է գլխավոր դատախազություն: (Այս պատմության մանրամասներին ընթերցողը կարող է ծանոթանալ «Ազգի» այս տարվա հունիսի 2-ի համարում):

Փետրվարի 24-ին գլխավոր դատախազություն դիմելուց մեկ շաբաթ հետո գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետ Գ. Նավասարդյանը Վ. Անտոնյանին պատասխանել է, որ դիմումն ուղարկվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների դատախազ Գ. Միքայելյանին` հանձնարարելով ստուգել դիմումում նշված փաստերը եւ արդյունքների մասին հայտնել դիմումատուին: Վերը նշված դատախազությունից այս դիմումն ուղարկվում է ոոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Վ. Մամիկոնյանին` ստուգելու դիմումի փաստերը. այսինքն` դիմումն ուղարկվել է այն հիմնարկին, որը նախապես ստուգել եւ հաջողությամբ «ջրել» էր Վ. Անտոնյանի առաջին դիմումը: Հուլիսի 15-ից մինչեւ օրս Վեներա Անտոնյանը ոչ մի տեղից պատասխան չունի իր դիմումի ընթացքի մասին:

  «Ազգը» խոստացել էր հետեւել թոշակառուի իրավական դեգերումներին, այս փոքրիկ հրապարակումը այդ խոստման դրսեւորումներից է: Իրավասու մարմիններին կոչ ենք անում վերջապես սատար կանգնել թոշակառուին, որն այլ պաշտպան չունենալով` հայացքն ուղղել է իրավական համակարգին, սակայն ինչպես երեւում է` իզուր:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4