«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2010-09-23 | #173, 2010-09-24 | #174, 2010-09-25


ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ՆՎԱՃՈՒՄԸ

Հայ դյուցազնն ուժեղագույնն է աշխարհում

Ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական օրն անսահման հրճվանքի եւ հպարտության պահեր պարգեւեց հայ մարզասերներին, մեր ողջ ազգին: Մինչեւ 77 կգ քաշային կարգում Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը չափազանց դժվարին եւ դրամատիկ պայքարում երկամարտի 373 կգ (173+200) արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն: Ի պատիվ հայ դյուցազնի փառահեղ հաղթանակի, Անթալիայի մարզասրահում բարձրացվեց հայկական եռագույնը եւ հնչեց Հայաստանի օրհներգը: Սա իրոք պատմական պահ էր հայկական ծանրամարտի տարեգրությունում: Տիգրանը շարունակեց մարզաձեւի լավագույն ավանդույթները եւ Նազիկ Ավդալյանից հետո դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտից աշխարհի 2-րդ չեմպիոնը: Այս փաստն ավելի ծանրակշիռ է դարձնում Տիգրանի նվաճումը:

Մինչեւ 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Տիգրանի գլխավոր մրցակիցը Լյույ Սյայուցզյունն էր, որն անցյալ տարի Կորեայում կայացած աշխարհի առաջնությունում գերազանցել էր Մարտիրոսյանինՙ երկամարտում ցույց տալով 378 կգ (174+204) արդյունք: Տիգրանը 370 կգ (170+200) արդյունքով նվաճել էր աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Եվ ահա Անթալիայում հայ ծանրորդը ռեւանշի հասավ չինացու նկատմամբ:

Տիգրանը շատ վստահ սկսեց ելույթներըՙ պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացնելով 165, 170 եւ 173 կգ: Չինացին 3-րդ մոտեցմամբ փորձեց աշխարհի ռեկորդ սահմանել, սակայն չկարողացավ բարձրացնել 175 կգ-ը: Այսպիսով, Տիգրանը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց, իսկ չինացին 170 կգ-ով գրավեց 2-րդ տեղը:

Բավական հետաքրքրական եւ դրամատիկ պայքարում ընթացավ հրում վարժությունը: Տիգրանն անձնական քաշով 300 գրամով ծանր էր իր գլխավոր հակառակորդից, ուստի պետք է ձգտեր նրանից շատ բարձրացնել երկամարտում: Առաջին մոտեցման ժամանակ նա չկարողացավ գլխավերեւում ֆիքսել 200 կգ ծանրությունըՙ դա թողնելով 2-րդ փորձին: Չինացին առաջին մոտեցմամբ հաղթահարելով 200 կգ-անոց ծանրաձողը, միանգամից պատվիրեց 208 կգ, որպեսզի սկզբում մրցահարթակ դուրս գա Տիգրանը: Ցավոք, հայ ծանրորդը չկարողացավ բարձրացնել 205 կգ-ը: Այժմ ոսկե մեդալի բախտը չինացի ծանրորդի ձեռքում էր: Բարեբախտաբար, նա երկու անգամ էլ չկարողացավ բարձրացնել 206 կգ-ը եւ Տիգրան Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Հրում վարժությունում Տիգրանը միայն անձնական քաշի պատճառով ոսկե մեդալը զիջեց չինացուն:

22-ամյա Տիգրան Մարտիրոսյանն արդեն տիտղոսակիր ծանրորդ է: Նա Եվրոպայի կրկնակի չեմպիոն է (2008-ին Լիգնանոյում 69 կգ քաշային կարգում, 2010-ին Մինսկում, 77 կգ), 2009-ի աշխարհի եւ 2007-ի Եվրոպայի առաջնությունների փոխչեմպիոն, 2008-ի Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր:

Ցավոք, անհաջողության մատնվեց մեր 2-րդ պատվիրակըՙ Գեւորգ Դավթյանը: Նա մի տեսակ անվստահ մոտեցավ ծանրաձողին ու 163 կգ-ը չկարողացավ բարձրացնել, միաժամանակ վնասելով մեջքը: Հաջորդ երկու մոտեցումներն էլ անհաջող էին, որի պատճառով Գեւորգը 0 ստացավ ու այլեւս մրցահարթակ դուրս չեկավ:

Մինչեւ 85 կգ քաշայինների մրցավեճում շատ ցավալի միջադեպ տեղի ունեցավ Արա Խաչատրյանի հետ, որը պոկում վարժությունում 175 կգ արդյունքով նվաճել էր փոքր ոսկե մեդալը ու հիանալի հնարավորություն ուներ պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ, 201 կգ-ը բարձրացնելիս նա ծանր վնասվածք ստացավ ու անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց: Նրա բացակայության պայմաններում աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 383կգ (173+210) արդյունքով նվաճեց լեհ Ադրիան Զելինսկին:

Հայաստանի 2-րդ պատվիրակը` Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել նախնական 170 կգ քաշը ու 0 ստանալով, հրաժարվեց հետագա պայքարից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4