Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 5 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Հովհաննես Գաբուզյանը: Մինչեւ 16 տարեկան պատանիների մրցաշարում նա 5 հնարավորից վաստակած 4,5 միավորով ռուսաստանցի Վյաչեսլավ Տիլիչեեւի հետ գլխավորում է աղյուսակը: Գաբուզյանը հաղթել է Կախաբեր Ծերեթելուն, Օթար Մանգիաշվիլուն, Զաուր Մամադովին, Ջենս Կոթայնիին եւ հաշտություն է կնքել Օսկար Վիզորեկի հետ: 4 միավորով առաջատարներին հետապնդում է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Հաջող է հանդես գալիս նաեւ մրցաշարում մեր մյուս գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը մինչեւ 18 տարեկանների մրցաշարում 4 միավորով Միխայիլ Մասոնի, Մարիան Պետրիսորի եւ Ստանիսլավ Բոգդանովիչի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Առաջատարն ադրբեջանցի Վասիֆ Դյուրարբեյլին է, որն ունի 4,5 միավոր:
Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում էլ Արման Միքայելյանը 4 միավորով առաջատարների խմբում է: Նրանց թվում է նաեւ Ֆրանսիան ներկայացնող Գարի Գիրոյանը, որը նույնպես 4 միավոր ունի: Առաջատարը վրացի Իրակլի Բերաձեն է, որն ունի 4,5 միավոր:
Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեն 3,5 միավոր վաստակած Արփինե Գրիգորյանը (մինչեւ 10 տ.), Մարիա Գեւորգյանը (մինչեւ 16 տ.) եւ Շուշան Սարգսյանը (մինչեւ 18 տ.):