«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2010-09-28 | #176, 2010-09-29 | #177, 2010-09-30


Ի՞ՆՉ ՍՏԱՑԱՎ ՄՈՍԿՎԱՆ` ԹԵՀՐԱՆԻՆ C-300 ՉՎԱՃԱՌԵԼՈՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հարկ է նկատել, որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին վաճառել ոչ միայն C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, այլեւ ռազմական տեխնիկայի մի ամբողջ ցանկ` տանկեր, ինքնաթիռներ, նավեր, զրահամեքենաներ եւ այլն: Ինչպես արդեն նշել ենք թեմային առնչվող նախորդ հրապարակումներում, Մոսկվան իր այս քայլը հիմնավորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ` սահմանել նոր պատժամիջոցներ Իրանի դեմ: Ի դեպ, ՌԴ-ի նախագահ Մեդվեդեւի հրամանագիրը չի սահմանափակվում միայն Իրանին զինամթերք վաճառելու արգելքով. արգելված է նաեւ ռուսական ֆինանսական գործունեությունը Իրանում, ինչպես նաեւ այդ երկրի զինուժին Ռուսաստանից հատկացվող տեխնիկական օգնությունը: Բացի այս` Մեդվեդեւի հրամանագրով արգելված է այն իրանցիների մուտքը Ռուսաստան, որոնք «այս կամ այն կերպ կապված են Իրանի ատոմային նախագծերին»:

Հատկանշական է, որ Ռուսաստանի այս որոշումը անմիջապես չհաջորդեց ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներին: Ավելին` երբ այս տարվա հուլիսի 9-ին Անվտանգության խորհուրդը սահմանեց նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ, Մոսկվան հայտարարեց. «Դա ոչ մի կերպ չի առնչվում Թեհրանի հետ ունեցած մեր պայմանավորվածություններին»: Սակայն դեպքերի հետագա ընթացքը, իսկ թերեւս ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը, համոզեց Մոսկվային, որ «այնուամենայնիվ առնչվում են»: Սակայն Ռուսաստանն, անշուշտ, այն երկիրը չէ, որ հրաժարվի 800 մլն դոլարի պայմանագրից զուտ նրա համար, որ իրեն ստիպում են, կամ որ փոխարենը չի ստանա այլ բան: Առաջին հայացքից Մոսկվայի ստացած միակ բանը, որ երեւում է այսօր, հակաիրանական Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավումն է` գործողությունների փոխադարձ համաձայնեցման հիմքով:

Ավելի անվտանգ Մերձավոր Արեւելք

Երբ հայտնի դարձավ Մեդվեդեւի հրամանագրի տեքստը, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մայք Համմերը անմիջապես հայտարարեց, որ Վաշինգտոնը ջերմորեն ողջունում է ՌԴ նախագահի հրամանագիրը, իսկ ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի փոխնախագահ Իլան Բերմանը BBC-ին տված հարցազրույցում նշեց. «Մեդվեդեւի ազդանշանը անչափ կարեւոր է. այն ուղղված է դեպի Վաշինգտոն եւ հաղորդում է վերջինիս, որ Ռուսաստանը իրապես պաշտպանում է այն պատժամիջոցները, որոնցով իրապես կճնշենք Իրանին»: Չուշացավ նաեւ Իսրայելի արձագանքը: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա. Թել Ավիվում շատերը կարծում են, որ շատ ավելի դյուրին կլինեն հավանական ռազմական գործողությունները հակահրթիռային պաշտպանության համակարգ չունեցող Թեհրանի դեմ: Ավելին` Իսրայելում եւ ԱՄՆ-ում ոմանք այն կարծիքին են, որ եթե Ռուսաստանն, այնուամենայնիվ, վաճառեր C-300 Իրանին, ապա այդ քայլը նոր պատերազմ կհիմնավորեր, հետեւաբար` «Մոսկվայի քայլը խաղաղասիրական գործողություն է», նշել է Իլան Բերմանը, որի հետ համաձայնում են շատերը Իսրայելի դիվանագիտական շրջանակներում. «Իսրայելը ողջունում է Ռուսաստանի որոշումը` ընդունված միջազգային հանրության օժանդակությամբ, որն ուղղված է ընդդեմ Իրանի ռազմական, ատոմային եւ հրթիռային ծրագրերի դեմ», հայտարարել են «Ինտերֆաքս» գործակալությանը Իսրայելի դիվանագիտական շրջանակներից: Միեւնույն ժամանակ, սակայն, BBC-ին տված հարցազրույցում Քնեսեթի պատգամավոր Մարինա Սոլոդկինան նշել է. «Մոսկվայի որոշման հետ կապված Իսրայելում ոչ մի էյֆորիա էլ չկա: Օրերս Ռուսաստանը հաստատեց այն տեղեկությունները, որ պատրաստվում է զինամթերք մատակարարել Սիրիային, որը, նախ, դաշինքի մեջ է Իրանի հետ, ապա նաեւ` մեր տարածաշրջանում գործող բոլոր իրանամետ կառույցների հետ` «Համասի» եւ «Հըզբոլլահի»»:

Հեղինակության կորուստ

Ռուսաստանի այս քայլը կարող է հանգեցնել նաեւ այլ արդյուքների: Այդ երկրի «Ռազմավարական եւ տեխնոլոգիական վերլուծությունների կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Կոնստանտին Մակիենկոն , օրինակ, կարծում է, որ Մոսկվայում քչերն են հաշվարկել, որ նման քայլը կարող է լրջորեն հեղինակազրկել Ռուսաստանին` որպես զինամթերքի վստահելի մատակարարի, իսկ ընդգծված իրանասեր, ադրբեջանցի Ռաջաբ Սաֆարովը, որը գլխավորում է «Արդի Իրանի ուսումնասիրման» կենտրոնը, նշել է, որ իր քայլով Ռուսաստանը հեղինակազրկվել է ոչ միայն Իրանում եւ Մերձավոր Արեւելքում, այլեւ Արեւմուտքում. «Նույնիսկ Արեւմուտքում շատերը ոչ այնքան դրականորեն կարձագանքեն Մոսկվայի այս որոշմանը, քանի որ այն ցույց է տալիս, որ Կրեմլի քաղաքականությունը Իրանի նկատմամբ կարող է ենթարկվել ճնշման եւ ազդեցության: Նրանք հասկանում են, որ այս որոշումն ընդունված է Արեւմուտքի, կոնկրետՙ Իսրայելի ցանկությամբ», նշել է իրանագետը:

ԱՄՆ-ի եւ Իսրայելի փոխհատուցումը

Պետք չէ մոռանալ, որ Իրանին զենք մատակարարելու պայմանագիրը Ռուսաստանի համար ոչ միայն քաղաքական նշանակություն ուներ. նաեւ բավական հաջող ֆինանսական գործարք էր, ինչը կապահովեր Մոսկվային 800 մլն դոլար: Հետեւաբար հետաքրքրական է դառնում, թե ի՞նչ փոխհատուցում կստանա Մոսկվան պայմանագրից հրաժարվելով: Ամերիկացի դիվանագետ, վերլուծաբան Իլան Բերմանը BBC-ին նշել է, որ Ռուսաստանը Վաշինգտոնից արդեն իսկ ստացել է որոշակի փոխհատուցում, օրինակՙ ԱՄՆ-ը համաձայնել է սահմանափակել «հարձակման միտված զինամթերքի» չափաքանակները, բացի այդ` «ԱՄՆ-ը կգնա նաեւ այլ քայլերի, որոնք ձեռնտու են Ռուսաստանին», նշել է Բերմանը չմանրամամասնելով` կոնկրետ ի՞նչ: Արդյոք այն, որ, ըստ բազմաթիվ փորձագետ-քաղաքագետների, «Վաշինգտոնը Ռուսաստանին է թողնում Կովկասը», այդ քայլերից չէ՞:

Ինչ վերաբերում է Իսրայելի փոխադարձ քայլին` դեպի Մոսկվան, ապա պատգամավոր Սոլոդկինան կարծիք է հայտնել, որ բարելավելով հարաբերությունները Իսրայելի հետ` Մոսկվան կշահի քաղաքական առումով. «Բացի այդՙ ռուսները կստանան դաշնակից համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ նոր ու վստահելի գործընկեր զինամթերքի շուկայում», նշել է Քնեսեթի պատգամավորը: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ վերջերս Մոսկվա ժամանեց Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, որը ռուս գործընկերների հետ ստորագրեց համագործակցության մի շարք պայմանագրեր ռազմատեխնիկական ոլորտում:

Իրանին շատ են պետք այդ համալիրները

Նման կարծիք է հայտնել BBC-ին ռազմական մեկնաբան Իլյա Կրամնիկը , որը նշել է, որ Թեհրանի ունեցած հակահրթիռային պաշտպանության համակարգերը բավական հնացած են: Մինչդեռ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդն ընդգծել է, որ C-300-ը ամենեւին էլ «կենսական նշանակություն» չուներ Թեհրանի համար, ճիշտ է` իր հետագա խոսքում Վահիդը շեշտել է. «Մենք կստեղծենք C-300-ի իրանական համարժեքը, որը ամենեւին էլ չի զիջի»: Այս վերջին հանգամանքին, ի դեպ, մի շարք ռազմական փորձագետներ այնքան էլ չեն հավատում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4