«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2010-09-28 | #176, 2010-09-29 | #177, 2010-09-30


ԵՎՍ ՄԻ ՀԱՅՑ` ՆԱԽԿԻՆ ՍԽԱԼՈՎ

Որ հարեւան Ադրբեջանում որոշ շրջանակներ (ոչ ժողովուրդը) կարիք ունի միեւնույն բանը մի քանի անգամ բացատրելու, ոչ ոքիս համար գաղտնիք չէ: Ստրասբուրգում տեղակայված Մարդու իրավունքերի եվրոպական դատարանում դատավորները դեռ չեն հրապարակել իրենց որոշումը` «Չիրագովն ու մյուսներն` ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի առնչությամբ, սակայն Ադրբեջանն արդեն նախապատրաստել է երկրորդ հայցը: Հիշեցնենքՙ էթնիկ քուրդ Չիրագովն ու «մյուսները», որոնք ապրել են Լաչինում, բողոք են ներկայացրել այն չվերահսկող ՀՀ-ի դեմ. եւ, ամենակարեւորը` Եվրոպական դատարանը հանգամանքը նկատել է, իսկ դատավորի հարցը` «Դիմե՞լ եք արդյոք ԼՂ իշխանություններին», ադրբեջանցիները թողել էին անպատասխան: Սակայն չհասկանալով թերեւս դատավորի հարցի իմաստը, Ադրբեջանի «Շրջափակված տարածքներում մշակութային ու պատմական կոթողների պաշտպանության կազմակերպությունը» պատրաստվում է առաջիկա նոյեմբերին նոր հայցով մտնել Եվրոպական դատարան` ընդդեմ ՀՀ-ի: Ընդ որում, «ԱՊԱ»-ի տեղեկացմամբ` գործընթացը հովանավորում է Ադրբեջանի նախագահին առընթեր «Պետական օգնության խորհուրդ»-ը: «Այս պահին փորձագետներն ու իրավաբանները մանրամասն ուսումնասիրում եւ վերլուծում են առկա փաստաթղթերը», գրում է «ԱՊԱ»-ն:

Հարեւաններին կարելի է պարզապես երկու խորհուրդ տալՙ «մանրամասն ուսումնասիրությունների եւ վերլուծությունների» ընթացքում չանտեսեն, որ նախ` Ղարաբաղը «շրջափակված ադրբեջանական տարածք է» միայն իրենց կարծիքով, բացի այդ, ՀՀ-ն որեւէ առնչություն չունի «ադրբեջանական տարածքում» մշակութային կամ պատմական կոթողների ոչնչացման հետ, եթե, իհարկե, դրանք ոչնչացվել են, ՀՀ-ն նաեւ որեւէ առնչություն չունի Ջուղայի հազարավոր հայկական կոթողների ոչնչացման հետ, որոնք իհարկե ոչնչացվել են:

Հուսանք` «Ադրբեջանի քաղաքացիների խախտված իրավունքները` ՀՀ-ի կողմից» խորագրով ադրբեջանական նոր հայցի քննման ժամանակ, ադրբեջանական պատվիրակությունը եվրոպացի դատավորների հարցերը անպատասխան չի թողնի` չէ՞ որ «մանրամասն ուսումնասիրում եւ վերլուծում են բոլոր առկա փաստաթղթերը»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4