«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2010-09-28 | #176, 2010-09-29 | #177, 2010-09-30


«ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԴՐՆ ԷՐ»

«Ժառանգությունը» համոզված է, որ փոխխոսնակի փոփոխությամբ քոչարյանական թեւը ԱԺ-ում թուլացավ

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությամբ` քաղաքական գործիչներն ու կուսակցությունները երկու տարի շուտ են պատրաստվում 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ դինամիկ փոփոխությունների ժամանակաշրջան է սպասվում: Մարտիրոսյանի մեկնաբանությամբՙ ՕԵԿ նախարարների փոփոխությունները, ԱԺ փոխխոսնակի տեղափոխությունը տեղավորվում են քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ:

Ժառանգական գործիչը համոզված է` այս ընթացքում Ղարաբաղի հարցով արտակարգ իրավիճակ չի ստեղծվի, քաղաքական դաշտն էլ կգնա ընտրությունների:

Անդրադառնալով Աժ փոխխոսնակի փոփոխությանըՙ Մարտիրոսյանը նշում է, որ այս փոփոխությունից ԲՀԿ-ն չի ակտիվանա: Ակտիվությունը միայն փոխխոսնակով պայմանավորված չէ:

«Արեւիկ Պետրոսյանին հեռացնելով քոչարյանական թեւը փաստորեն թուլացավ, որովհետեւ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի կադրերից էր: Սակայն ինձ համար առավել հաճելի էր ամբիոնում տեսնել գրագետ եւ կիրթ կնոջ»: Մարտիրոսյանը հավելում է, որ Պետրոսյանի հետ ունեցել են անհամաձայնություններ, համոզված է, որ անհամաձայնություններ կլինեն նաեւ Սամվել Բալասանյանի հետ, որովհետեւ ԲՀԿ-ն իշխանության մաս է եւ ընդունում է կեղծված ընտրությունները:

Մարտիրոսյանը ԲՀԿ-ին ընդդիմադիր թեւում չի պատկերացնում: Նա մեկնաբանում է, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տնտեսական գործունեությամբ է զբաղվում, հետեւաբար նա չի կարող ընդդիմադիր լինել:

«Բոլորն էլ գիտեն, թե իշխանություններն ինչպես են վարվում ընդդիմադիր բանակում հայտնված գործարարների հետ: Դրա թարմ օրինակը Խաչատուր Սուքիասյանն է»: Նա հավելում է, որ բացի Ծառուկյանից, ԲՀԿ-ում կան բազմաթիվ տնտեսվարող սուբյկետներ: «Նրանց էլ ձեռնտու չէ ընդդիմությունը, ինչպես ՕԵԿ-ում եղած տնտեսական գործունեություն ծավալող պատգամավորները ցույց տվեցին, որ իրենք պետք է միայն իշխանության մաս կազմեն»:

ԱԺ պատգամավորը համոզված է, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը ձեւական բնույթ է կրում, եւ ԲՀԿ-ի վրա հանրապետականները ճնշումներ չեն գործադրում: «Եթե գործադրեին` արձագանքը հսկայական կլիներ: Իսկ մենք ձայներ չենք լսում»:

Մարտիրոսյանը շեշտում է, որ ի տարբերություն 2007-իՙ այսօր ձայները հստակ կողմնորոշված են, վարչական ռեսուրսների ճնշման տակ կամ ընտրակաշառքի ենթակա ձայներ քիչ են մնացել, դրա համար էլ ՀՀԿ-ն փորձում է ձայները կենտրոնացնել եւ պայքարել դրանց համար: «ժառանգության» մասով էլ վստահ է, որ այս ընտրություններից հետո ավելի մեծ ներկայացվածություն կունենան ԱԺ-ում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ին չեն սատարի: Երեւանի ավագանու ընտրությունները «ժառանգության» համար լավ դաս են եղել, եւ ժառանգականները պայքարից դուրս չեն մնա ՀԱԿ-ին սատարելու համար, սակայն շատ ուրախ կլինեն, եթե ՀԱԿ-ի հետ միասնական ցուցակով հանդես գան:

Նախագահական ընտրությունների ժամանակ էլ «Ժառանգությունը» առաջին նախագահին չի սատարի: Մարտիրոսյանի համոզմամբՙ միեւնույն գետը երկրորդ անգամ չեն մտնում. կուսակցությունը կառաջադրի նախագահի իր թեկնածուին` Րաֆֆի Հովհաննիսյանին:

Լրագրողների ներկայացրած տեղեկատվությանը, որ ՕԵԿ-ը մարզային այցելություններ է իրականացնում եւ բազմաթիվ գյուղապետներ փոխում են իրենց կուսակցությունն ու անդամագրվում «Օրինացին», Մարտիրոսյանն ասաց, որ այդ գործելակերպն անընդունելի է: «Սակայն ի՞նչ ասել կուակցությանը, որ խոսում է մահափորձի մասին, դրանից հետո Ազատության հրապարակում դատապարտում կեղծված ընտրությունները, իսկ դրանից մի քանի օր անց կոալիցիոն համաձայնագիր կնքում եւ դառնում իշխանության մաս: Ավելացնելու ոչինչ չկա»:

Անդրադառնալով վերջերս, իր խոսքերով, «ժառանագագիտությամբ» զբաղվողներին` Մարտիրոսյանը հստակեցրեց, որ 2008-ին սատարել են Լեւոն Տեր-Պետրոսյանին` ներկայացնելով հասարակության շահերը եւ ցանկանալով իշխանափոխություն: Սակայն «Ժառանգությունը» համամիտ չէ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տերպետրոսյանական մոտեցումներին:

Մինչդեռ տրամաբանական է, եթե իշխանության գլուխ գար Լեւոն Տեր-Պետրոսյանը, իշխանափոխությունից եւ մի շարք ծրագրեր իրականացնելուց զատ ղարաբաղյան հարցը «Ժառանգության» համար դատապարտելի ձեւով կլուծեր: Այդ դեպքում ինչո՞ւ սատարել: Մի՞թե Ղարաբաղյան հիմնախնդիրը հասարակության շահի մեջ չի տեղավորվումՙ դիտարկմանն էլ Մարտիրոսյանն ասաց, որ Լեւոն Տեր Պետրոսյանին սատարել են իշխանափոխության համար, այդ ժամանակ այդքան սուր դրված չէր ղարաբաղյան հիմնահարցը: Դաշնակցության հետ էլ համագործակցել են ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների` մասնակցելով «ՈՉ»-ի հանրահավաքներին:

Ինչ վերաբերում է պատգամավորների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ օրինագծին, Մարտիրոսյանն ասաց, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր օլիգարխ չեն եւ ապրում են պատգամավորական աշխատավարձով:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4