Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության» գիրքը ներկայացնում է 1920-ականներից սկսած ստամբուլահայության վարած կյանքը: Գրքում հեղինակն անդրադարձել է Ստամբուլի հայ համայնքի իրավիճակին, խնդիրներին, կրթությանը, խառնամուսնություններին եւ համայնքի տնտեսական կյանքին:
Հատկապես սարսափելի վիճակում է կրթության որակը: Ներկայումս Ստամբուլում գործում է 16 հայկական դպրոց` 3000 աշակերտներով: Թիվը տարեցտարի նվազում է: Հատկապես շատ սուր է հայերենի խնդիրը: Ստամբուլահայերի միայն 18 տոկոսն է կենցաղում օգտագործում հայերենը, իսկ 19-24 տարեկան հայ երիտասարդության 92 տոկոսը հայերենն ընդհանրապես չի կիրառում: «Հայկական դպրոցների մեծ մասում ուսուցումը կատարվում է թուրքերենով, որովհետեւ ուսուցիչների մեծ մասը նույնպես վատ է տիրապետում հայերենին»:
Եթե նախկինում համայնքում ամաչում էին բացահայտ խառնամուսնություններից, ապա այժմ դա հրապարակային բնույթ է կրում: Խառնամուսնությունների թիվը կազմում է 40 տոկոս, որն արդեն վատ ցուցանիշ է: Մելքոնյանի փոխանցմամբ` նախկինում եկեղեցին բոյկոտում էր խառնամուսնությունները, այժմ օրհնում է նորապսակներին:
Անդրադառնալով համայնքի տնտեսական կյանքինՙ Մելքոնյանը հավաստիացրեց, որ համայնքում միջին մասշտաբի 10 գործարար կա: Նրանք հիմնականում սննդի եւ հագուստի արտադրության ոլորտում են գործում: Ստամբուլ-Երեւան չվերթն էլ պատկանում է հայ գործարարի:
Մելքոնյանը հայ համայնքը բաժանում է 3 խմբի` ազգային, կրոնական հարցերում անտարբերների, ճնշումներին չդիմադրող համակերպվողների:
Ամենափոքր, սակայն ակտիվ խումբն էլ պայքարում է ազգային խնդիրների համար. հիմնականում ընդգրկված են ձախակողմյան քաղաքական դիրքորոշում ունեցող երիտասարդները:
Հ. Հ.