Օրերս` սեպտեմբերի 23-28-ը Սիրիայում տեղի ունեցան «Հայկական մշակութային օրերը»: Դրանց շրջանակում անցկացվող միջոցառումները նախաձեռնել եւ կազմակերպել էին երկու երկրների մշակույթի նախարարությունները, ինչպես նաեւ Սիրիայում ՀՀ դեսպանությունը, Հալեպում ՀՀ հյուպատոսարանը եւ Դեր Զորի պատվո հյուպատոսարանը: Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց սեպտեմբերի 23-ին Դամասկոսի` Ալ-Ասադի անվան մշակույթի եւ արվեստների պալատի օպերայի շենքում: Արարողությանը ներկա էին Սիրիայի մշակույթի նախարարը, ՀՀ մշակույթի փոխնախարարը, Սիրիայում ՀՀ դեսպանը, այլ պաշտոնյաներ, սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ: Երկու երկրների պետական օրհներգերը հնչելուց հետո բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Սիրիայի մշակույթի նախարար Ռիյադ Նասան Աղան : Անդրադառնալով հայ-արաբական` մասնավորապես հայ-սիրիական պատմամաշակութային առնչություններին` նախարարը նշել է, որ դրանք շատ խորն են եւ ունեն դարերի պատմություն: «Դեռ Օսմանյան խալիֆաները Հայաստանում մեծ հարգանքով էին վերաբերվում քրիստոնեական մշակույթին, ավելինՙ իրենց նպաստն էին բերում հայ-արաբական հարաբերությունների ամրապնդման հարցում»,- հավելել է նախարարը: Ռիյադ Նասան Աղան նշել է նաեւ, որ հայ-սիրիական քաղաքակրթական շփումը չի դադարել անգամ մեկ օր, ավելինՙ այն օրեցօր առավել ամրապնդվել է: Այդ հարցում մեծ տեղ հատկացնելով մշակույթին` նախարարը հույս է հայտնել, որ հայկական մշակութային օրերը կդառնան այդ շփման նոր հանգրվանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն իր խոսքում եւս անդրադարձ է կատարել հայ-արաբական մշակութային, գիտական առնչություններին եւ փոխազդեցություններին:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաեւ սիրիական հեռուստատեսության նկարահանած` «Հայաստանի Հանրապետությունն այսօր» կարճամետրաժ փաստագրական ֆիլմը: Ֆիլմում հիմնականում ներկայացված է Հայաստանի բնությունը, բնակչությունը, արվեստը, մայրաքաղաք Երեւանը: Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը:
Նշենք, որ պաշտոնական արարողությանը նախորդել էր Սիրիայի ազգային թանգարանում հայկական կիրառական արվեստի ցուցանմուշների, ինչպես նաեւ լուսանկարիչ Զավեն Սարգսյանի «Հայկական ճարտարապետությունը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Զավեն Սարգսյանի քառասունից ավելի լուսանկարները ներկայացնում էին հայկական միջնադարյան եկեղեցիներն ու այլ կոթողները (Էջմիածինը, Մարմաշենը), Հայաստանի տեսարժան վայրերերն ու խորհրդանիշները (Արարատ լեռը, Գառնի տաճարը, Հանրապետության հրապարակը): Ինչ վերաբերում է կիրառական արվեստի ցուցահանդեսին, ապա ազգային թանգարանի այցելուին հնարավորություն էր ընձեռված տեսնելու 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին թվագրվող հայկական ձեռագործ գորգերը, կարպետներն եւ սփռոցները, փայտե աղամանները եւ կավե անթոները:
«Հայկական մշակույթի օրերը» շարունակվել են Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի ելույթներով սեպտեմբերի 26-ին Դեր Զորում եւ սեպտեմբերի 28-ին Հալեպում:
Ինչպես հաղորդում է Khabar-armani.com կայքը, Սիրիայի մշակույթի փոխնախարար Ալի Կաիմը բարձր գնահատելով հայ-սիրիական հարաբերություններն, ինչպես նաեւ հայ համայնքի դերն ու ներդրումը Սիրիայի կյանքում` կարեւորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը` Հայաստանը եւ հայ ժողովրդին առավել լավ ճանաչելու տեսանկյունից: Փոխնախարար Ալի Կաիմը Khaba-rarmani.com կայքին հաղորդել է նաեւ, որ սիրիական կողմը մտադրություն ունի եւ քայլեր է ձեռնարկելու մշակութային համատեղ միջոցառումները շարունակելու ուղղությամբ: Այդ միջոցառումներից Ալի Կաիմն առանձնացրել է հայազգի Միսաք Պաղպուդարյանի ղեկավարությամբ Սիրիայի պետական սինֆոնիկ նվագախմբի համերգների անցկացումը Հայաստանում, արաբերեն եւ հայերն գրքերի թարգմանության կազմակերպումը:
Պատրաստեցՙ ԼԻԼԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ