«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2010-09-28 | #176, 2010-09-29 | #177, 2010-09-30


ՏԻԳՐԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԵՐԱԶԱՆՔԸ, ԱՐԱՅԻՆ ԽԱՆԳԱՐԵՑ ՎՆԱՍՎԱԾՔԸ

Հանդիպում Անթալիայից վերադարձած մեր ծանրորդների հետ

Անթալիայից հաղթանակած վերադարձած մեր ծանրորդներն այս օրերին ամենացանկալի հյուրերն են: Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալվել էին ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, պոկում վարժության ոսկե մեդալակիր Արա Խաչատրյանը, ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ու մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

  Սամվել Խաչատրյանն ամփոփելով մեր ծանրորդների ելույթները, ընդհանուր առմամբ գերազանց գնահատեցՙ հաշվի առնելով, որ տղամարդիկ եւ կանայք 4-ական վարկանիշ են բերել Հայաստանին: Գլխավոր արդյունքն աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումն էր, ինչը մեծ ոգեւորություն էր առաջացրել: Միեւնույն ժամանակ ֆեդերացիայի նախագահն իր դժգոհությունն արտահայտեց Գեւորգ Դավթյանից եւ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանից, որոնք մասնակցելով հավաքականի բոլոր հավաքներին, համապատասխան ձեւով նախապատրաստություն անցնելով, չկարողացան պատվիրված նախնական քաշը բարձրացնել ու 0 ստացան: Սամվել Խաչատրյանը նշեց, որ նրանց փոխարեն կարող էին Անթալիա տանել երիտասարդ ծանրորդների, սակայն վերջիններս ցածր տեղեր կգրավեին ու քիչ միավորներ կպարգեւեին հավաքականին: Այժմ նշված երկու ծանրորդները դուրս են մնացել հավաքականի կազմից: Նրանք պետք է անհատական ծրագրով մարզվեն եւ միայն ՀՀ առաջնությունում բարձր արդյունքներ ցույց տալու դեպքում կարող են կրկին ընդգրկվել հավաքականում:

  Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը նշեց, որ բառերով դժվար է նկարագրել իր զգացումները, որոնք պետք է ապրես ու զգաս: Անշուշտ, ինքը շատ երջանիկ է աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առիթով, ինչը նրա կյանքի գլխավոր երազանքներից մեկն էր: Մյուսըՙ 2012-ի Լոնդոնի օլիմպիադայի ոսկե մեդալի նվաճումն է: Բնականաբար, չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Տիգրանն առաջինը զանգահարել էր տուն եւ հարազատների հետ կիսել հաղթանակի մեծ բերկրանքը: Մայրը հետեւում է մրցումներին, սակայն երբ Տիգրանն է մոտենում ծանրաձողին, հայացքը հեռուստաէկրանից հեռացնում է կամ էլ դուրս է գալիս սենյակից: Այս անգամ էլ նա որդու փառահեղ ելույթը չէր դիտել, սակայն հեռուստաէկրանի մոտ հավաքվածների բացականչություններից հասկացել էր, որ Տիգրանն աշխարհի չեմպիոն է դարձել:

Իսկ Հայաստանից առաջինը զանգահարել ու շնորհավորել էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որին մեր ծանրորդներն ու ֆեդերացիայի նախագահն իրենց շնորհակալությունը հայտնեցին: Ի դեպ, պարոն Ծառուկյանը Տիգրանին այնպիսի նվեր է խոստացել, որը մինչ օրս ոչ մեկը չի ստացել:

  Արա Խաչատրյանն էլ նշեց, որ ոգեւորությունն իրոք շատ մեծ է: Նա եւս ոգեւորվել էր Տիգրանի չեմպիոն դառնալուց եւ շատ էր ցանկանում կրկնել նրա նվաճումը, սակայն ցավալի վնասվածքն անկատար թողեց Արայի երազանքը: Սակայն Արան չի վհատվել: Կարեւորը, որ ձեռքը չի կոտրվել, մկանն է կտրվել: Շուտով Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Արան բուժման կմեկնի Մոսկվա: Նա վստահ է, որ բուժումից հետո կրկին կմարզվի, լավ մարզավիճակ ձեռք կբերի ու կշարունակի պայքարը մեդալների համար: Արան ինքն էլ չի հասկացել, թե ինչպես պատահեց ցավալի միջադեպը: Նրա համար 201 կգ-ը թեթեւ քաշ էր, քանի որ մարզումների ժամանակ 210 կգ եւ ավելի էր բարձրացնում: Մրցման պահին իրեն նույնիսկ թվացել է, որ արդեն ֆիքսել է քաշը եւ ցանկացել է ծանրաձողն իջեցնել: Այդ պահին էլ գործիքը հարվածել է ձեռքին:

  Կարեն Գիլոյանը նշեց, որ փառահեղ է, երբ քո երկրի ներկայացուցիչը հաղթում է, կրկնակի հաճելի, որ դա տեղի է ունենում աշխարհի առաջնությունում, այն էլՙ Թուրքիայում: Նա խոստովանեց, որ իր մեջ վախ կար, երբ վերջին 2 մոտեցումներն էր կատարում չին ծանրորդը: Իսկ երբ չինացին տապալվեց, ոգեւորությունն այնքան մեծ էր, որ չէր կարող չբղավել, մանավանդ որ մարզադահլիճում մեծ թվով հայեր կային ինչպես Հայաստանից, այնպես էլ Բելգիայից, Հոլանդիայից, Ուրուգվայից եւ այլ երկրներից:

Սամվել Խաչատրյանն անդրադարձավ նաեւ քաշային նոր կարգերում հանդես եկած Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Գեւորգ Պողոսյանի ելույթներին: Նա նշեց, որ մարզիկի համար քաշային նոր կարգում առաջին մրցումները միշտ էլ դժվար են ընթանում: Ծանրամարտում մոտ 2 տարի է պահանջվում քաշային նոր կարգին հարմարվելու համար, մինչեւ օրգանիզմն ամրանա: Ֆեդերացիայի նախագահը հույս հայտնեց, որ հաջորդ տարի Խուրշուդյանն ու հատկապես Պողոսյանն իրենց ավելի վստահ կզգան քաշային նոր կարգերում:

Առջեւում Կիպրոսում կայանալիք մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, որին մեծ թվով հայ ծանրորդներ են մասնակցելու: Ֆեդերացիայի նախագահը հուսով է, որ Կիպրոսից մերոնք մեդալների հարուստ ավարով տուն կվերադառնան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4