«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2010-09-29 | #177, 2010-09-30 | #178, 2010-10-01


ԻՍԿ ԲՐԱՅԶԱՆ ՏՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՎԱՐՁՈՎ ԷՐ ՏՎԵԼ

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը օրեր առաջ հրապարակած իր «Այժմ Օբաման կարող է Բրայզային փոխարինել Բաքվում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածուով» հոդվածում մասնավորապես գրում է. «Սպիտակ տնից եւ պետքարտուղարությունից ստանալով հավաստիացումներ, որ ինքն է լինելու Բաքվում ԱՄՆ հաջորդ դեսպանը` Բրայզան, օդի մեջ արդեն զգալով նավթի ու գազի հոտը, իր տունը վարձով էր տվել ու կապել ճամպրուկները: Հուզմունքից նա կարծես մոռացել էր, որ արցախյան հակամարտության գծով ԱՄՆ միջնորդ եղած ժամանակ իր անպատասխանատու հայտարարություններով ու գործունեությամբ հակադրվել էր Վաշինգտոնի իր որոշ գործընկերներին ու այլոցՙ Կովկասում»: Սասունյանը նկատում է, որ Բրայզայի թեկնածությանը, հատկապես սկզբնական շրջանում, դեմ էին նաեւ Ադրբեջանում. «Ադրբեջանը դժգոհ էր, քանի որ նախ` ԱՄՆ-ը եւ Բրայզան Թուրքիային դրդում էին բացել Հայաստանի հետ սահմանը` առանց ղարաբաղյան հարցում որեւէ առաջընթացի, երկրորդ` Կոնգրեսը եւս 10 մլն դոլար էր հատկացրել Արցախին, չնայած Բաքվի խիստ առարկություններին, եւ երրորդ` Հայաստանի նախագահը հրավիրված էր Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության գագաթաժողովին, իսկ Ալիեւը` ոչ», նշում է Սասունյանը` հավելելով, որ Բրայզան լուրջ ընդդիմադիրներ ուներ նաեւ Օբամայի վարչախմբում, եւ միայն ներքին վեճերը հաղթահարելուց հետո Օբաման ներկայացրեց Բրայզայի թեկնածությունը` Սենատին, իսկ Բաքվին «համոզելու» համար «Օբաման Ադրբեջան գործուղեց պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4