«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2010-09-29 | #177, 2010-09-30 | #178, 2010-10-01


ՈՉ ՄԻԱՅՆ ՃԱՆԱՉՈՒՄ, ԱՅԼԵՎ ՀԵՆՑ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Ռազմավարական ազգային հայկական հետազոտությունների կենտրոնում (ՌԱՀՀԿ) երեկվա քննարկման նպատակն էր լսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ դրական եւ բացասական կարծիքները: Սակայն քննարկում-բանավեճ որպես այդպիսին չստացվեց, որովհետեւ բացի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներից, քննարկմանը չէին մասնակցում հրավիրյալ այլ կուսակցությունների եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը համոզված է, որ «Ժառանգության» ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը կուսակցությունների ու փորձագետների համար քննարկման հաճելի նյութ չէ, որովհետեւ նրանք խորությամբ չեն հասկանում խնդրի էությունը եւ վախենում են քայլ անել:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ԼՂ ստատուսը բանակցությունների քննարկման առարկա չէ, եւ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, սակայն շարունակում են բանակցել պաշտոնական Բաքվի հետ Ղարաբաղի ստատուսի համար:

Սարգսյանի մեկնաբանությամբՙ եթե իշխանությունների համար ստատուս քվոն առեւտրի առարկա չէ, ապա այդ հարցը պետք է հանել բանակցություններից` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արդյունքում բանակցություններում ստատուս քվոյի հարցը կփակվի: Նա վստահ է` ԼՂՀ-ն ճանաչելով շատ բան կփոխվի:

Օրինագծին դեմ արտահայտված քաղաքական գործիչների ներկայացրած փաստարկները, թե ճանաչման պարագայում Ադրբեջանը դուրս կգա բանակցություններից եւ ռազմական գործողությունների կդիմի, միջազգային հանրությունը բացասական կարձագանքի հայկական կողմի նախաձեռնությանը, Սարգսյանը համարում է անհիմն:

«Ադրբեջանին պատճառ հարկավոր չէ պատերազմ սկսելու համար: Նրանք ոչ միջազգային հանրությանը, ոչ էլ իրենք իրենց չեն կարող համոզել, որ ռազմական գործողությունների սկսումն արդարացված է: Նրանք համոզված չեն, որ պատերազմում կհաղթեն: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը` նրա տեսակետը երբեք չի կարելի միանշանակ ընդունել»: Սարգսյանը ներկայացնում է ՄԱԿ-ում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարցերի քննարկումը, երբ մասնակից երկրները մինչ քվեարկությունը դատապարտում էին Ռուսաստանին, սակայն քվեարկության ժամանակ Վրաստանի օգտին քվեարկողների թիվը շատ քիչ էր: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ հավելեց, որ Ղարաբաղի ճանաչման օրինագիծ ներկայացվել էր նաեւ 1992-ին: Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը` «Երբ ժամանակը գա, մենք կճանաչենք ԼՂՀ անկախությունը» Սաֆարյանն ասաց` «18 տարի է անցել: Ե՞րբ է գալու ճանաչման ժամանակը: Ոչ միայն ճանաչում, այլեւ այս պահին»:

Նա համոզված է` օրինագծի վերաբերյալ դեմ փաստարկներ չկան, եթե կան, շատ թույլ են: «ԼՂՀ-ի ճանաչումը ռիսկեր է պարունակում, սակայն օգուտներն ավելի շատ են: Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ պայմանավորվածություններ կան, ի՞նչ երաշխիքներ են ստացել իշխանությունները, որ այսպես հավատում են այն մարդկանց, ովքեր հավանության են արժանացնում Ադրբեջանի քայլերն ու երաշխավորում նրա տարածքային ամբողջականությունը»:

«Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում դրական եզրակացություն չէր ստացել: Սակայն խմբակցության պատգամավորներն այն համարել էին արտահերթ: Օրինագիծը խորհրդարանում կքննարկվի հոկտեմբերի 5-ին: Օրինագծի վերաբերյալ իշխող կոալիցիայի անդամները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու: Դաշնակցության պատգամավորներն էլ ասացին, որ օրինագծի գաղափարը լավն է, իրենք էլ են կողմ ԼՂՀ ճանաչմանը, սակայն պահը չէ, եւ եթե օրինագիծը դրվի քննարկման, ապա իրենք նույնպես դեմ կքվեարկեն:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4