Եռօրյա այցով Խոսրովի արգելոց այցելած «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպանություն» նախաձեռնող խումբն ականատես է եղել արգելոցի բնապահպանական եւ տարածքում բազմաթիվ հուշակոթողների անմխիթար վիճակին: Արշավախումբը եղել է արգելոցի տարածքում գտնվող անվանական համալիրներում` Հավուց Թառում եւ Աղջուց վանքում:
Նախաձեռնող խմբի ղեկավար Վահագն Փիլիպոսյանը փաստում է, որ սրբավայրերը պղծված են եւ գտնվում են անմխիթար վիճակում: «Ահավոր տեսարան էր հատկապես Հավուց Թառում: Եկեղեցու ներսում խորոված էին արել: Ամենուրեք տաք, հենց նոր մարած մոխիր էր, խորանում ալկոհոլի կիսադատարկ շշեր եւ կեղտոտ սպասք էին մնացել: Դա խայտառակություն էր: Եթե ուզում ենք մեր այսօրվա հասարակության իրական դեմքը տեսնել, պետք է գնալ Հավուց Թառ վանք»: Փիլիպոսյանի փոխանցմամբՙ Հավուց Թառը քայքայման եզրին է: Փլուզման եզրին է գտնվում նաեւ Աղջոց վանքը: Արշավախումբն այցելել է նաեւ Կաքավաբերդ ամրոց: «Ամրոցում հանդիպեցինք վայրի քարայծերի: Չէինք սպասում, որ Խոսրովի անտառում քարայծեր մնացած լիներին, սակայն ուրախությունը կարճ տեւեց: Արշավախմբի անդամները կրակոցի ձայներ լսեցին: Դա դժվար թե թռչնաորս լիներ: Կաքավաբերդը միակ տեղն է, ուր վայրի քարայծեր կան, եւ որսորդները դժվար նման բարդ տեղանքում թռչնի որսի եկած լինեին», ասաց նա:
Տպավորություն է ստեղծվում, որ Խոսրովի արգելոցը հայտնվել է սեւ ցուցակում եւ ով որքան կարողանում էՙ իր մասնաբաժինն է փորձում ունենալ:
Մի քանի տարի առաջ, կառավարության որոշման համաձայն, Խոսրովի արգելոցում Գիլան տեղանքն անվանվեց արգելավայր, եւ 200 հա հողատարածք հատկացվեց «Հովազաձոր» ՍՊԸ-ին` այնտեղ ռեստորանային համալիր կառուցելու նպատակով: Շինարարական աշխատանքների հետեւանքով արգելավայրում բազմաթիվ ծառեր էին հատվել: Թեպետ այժմ շինարարությունը որոշ ժամանակով դադարեցված է, սակայն կառույցը չի ապամոնտաժվել:
Հ. Հ.