«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2010-09-29 | #177, 2010-09-30 | #178, 2010-10-01


«Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՎԱՆԻ ՎԱՆՔԵՐՈՒՆ»

Աղթամարի Սուրբ Խաչի պատարագից հետո օրեր են անցել, լրագրողներս այնքան նյութ էինք քաղել բուն պատարագի օրը եւ դրանից առաջ, որ հետահայաց իմաստավորման անհրաժեշտություն այնուամենայնիվ կա, ինչը, հուսով եմ, դեռ կհասցնեմ անել, մանավանդ երեկ աչքովս ընկավ լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակումն առ այն, որ անցած կիրակի Աղթամարի Ս. Խաչում ոստիկանները արգելել են մոմավառությունն ու աղոթքը` ասելով, որ Ս. Խաչը ոչ թե եկեղեցի է, այլ թանգարան: Սա որպես Հայաստանից դիտողի գուցե ինձ զարմացներ, սակայն այն մարդուն, ով Թուրքիայում գտնվելու 1 շաբաթվա ընթացքում բազմաթիվ պաշտոնյաների ու տարբեր կառույցների ղեկավարների է հանդիպել, տեսել թուրքական երեսպաշտության ողջ պերճանքը, դա բնավ չի զարմացնում` Թուրքիան միայն ցուցադրաբար է այլասեր, երբ դա պետք է եվրոպաների աչքը խոթել, այլապես թուրքական իշխանությունը Ս. Խաչը գործող եկեղեցի կանվաներ ու կվերադարձներ Պոլսո հայոց պատրիարքությանը, եւ ոչ թե ոստիկան կդներ` աղոթելն արգելելու եւ հայերին այս պետության բնույթը մի լրացուցիչ անգամ հիշեցնելու համար:

Սակայն այսօր ուզում ենք այլ բանի մասին պատմել, ինչն, այնուամենայնիվ, դրական իմպուլսներ էր փոխանցել հատկապես Ստամբուլի հայությանը: Սեպտեմբերի 17-ին Վանի քաղաքային «Վան թայմս» թուրքերեն թերթը առաջին անգամ հայերեն միջուկ ունեցավ: Փաստորեն` 95 տարի ընդմիջումից հետո Վանում հայատառ թերթ էր լույս տեսնում: Հայատառ միջուկով «Վան թայմսը» սեպտեմբերի 19-ի պատարագին բաժանվում էր Աղթամար կղզի եկած հայ ուխտավորներին: Այս իրողության նախապատմությունը հետեւյալն է. «Վան թայմսի» խմբագրությունը պատարագից ամիսներ առաջ դիմել էր «Ակօսի» խմբագրություն` աջակցություն խնդրելով հայերեն թողարկման համար: Փոքրիկ խմբագրականում «Ակօսի» փոխխմբագիր Բագրատ Էստուկյանը գրել է. «Կ'արժեր թերթի փորձի էջերուն տպագրական գործիքեն դուրս գալու պահը վայելել: Ահա խենթի մը երազն էր, որ կիրականանար»: Թերթում նյութեր են զետեղվել առ այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ստացվելիք 100 հազար եվրո փոխհատուցումը Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքն օգտագործելու է բարեգործական` կրթական-մշակութային նպատակներով, պատմված է նաեւ սեպտեմբերի 15-ին Ստամբուլում կայացած Հրանտ Դինքի անվան մցանակաբաշխության մասին. մարդու իրավունքների խախտումների, խտրականության դեմ պայքարող անհատներին եւ կազմակերպություններին տրվող այս մրցանակները այս տարի տրվեցին իսպանացի հանահայտ դատավոր Բալթազար Գարսոն Ռեալին եւ Թուրքիայի «Գիտակցված բողոք» կազմակերպությանը:

Հայերեն էջերի շատ հետաքրքրական մի հրապարակման հեղինակը Զաքար Միլտանօղլուն է, որն իր «Ի՞նչ եղավ Վանի վանքերուն» հրապարակման մեջ քարտեզի վրա էր տեղադրել Վան քաղաքի վարչական սահմանների մաս կազմող 13 գյուղաքաղաքների տարածքում եղած 90 վանքերը: Հեղինակը նշում է, որ տարբեր աղբյուրներից օգտվելով` քարտեզում արտացոլել է միայն վանքերը (մեկ-մեկ նշվում են անուններն ու տեղագրության վայրերը), իսկ եկեղեցիները, որ քարտեզում չեն նշված, երեք անգամ ավելի են:

Հեղինակը չի պատմում այդ վանքերի ներկա վիճակի մասին, այն ենթադրելի է` դրանց մեծ մասն ավերակ կամ փլատակ է, հաճախ էլ միայն պահպանվել են մի քանի կոտրատված խաչքար, բայց Թուրքիայի քաղաքացի հեղինակի ողջ ասելիքը վերնագրի մեջ է կուտակված` «Ի՞նչ եղավ Վանի վանքերուն»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4