Երկրորդ հազարամյակի վերջում սկսված եւ արագորեն թափ վերցնող անհատականության կորուստն ու մշակութային բազմազանության վերացումը մտավորականության մեծագույն խնդիրն է եւ դրան հակազդելը նրա հիմնական առաքելությունը: Իրավիճակը հիմնականում գլոբալ կորպորատիվ «նվաճումների» ուղղակի արդյունքն է:
Աշխարհը փոքրացել է: Յուրօրինականությունը, որով տարանջատվում են մշակույթներն ու հարստանում է մարդկային փորձը, կորստի անմիջական վտանգի տակ է: Եթե մի ժամանակ հսկայական աշխատանք, ժամանակ եւ միջոցներ էին հարկավոր մի վայրից մյուսը հասնելու համար, այսօր միայն ստեղնի մեկ հպումով անմիջական կապ է հաստատվում աշխարհամասերի հեռու կետերի միջեւ:
Հարաբերվելու (կապի) այս դյուրությունը երկկողմանի թուր է. մի կողմից, իր բոլոր առավելություններով հանդերձ, անընդհատ աճող տեխնոլոգիական զարգացումը սպառնում է «հարթեցնել» մշակույթների տարբերություններն ու միանմանեցնել անհատական յուրահատկությունները: Այն, ելնելով կորպորատիվ շահերից` անկաշկանդ տարածում եւ «սրսկում է» էժան եւ մակերեսային արժեքներ, արագ հաղորդակցություն, դյուրըմբռնելի պատգամներ եւ մասսայական ճաշակի նյութեր:
Ոմանք այս վիճակը արդարացիորեն որակում են «կործանիչ» եւ մշակութային ինքնությունը «այլանդակող» երեւույթՙ այն դաջելով «արեւմտամետություն», «այլասերություն» եւ նման բացասական ածականներով:
Հիմնական մտահոգությունը այս հեշտ կապի հավանական ազդեցությունն է զանազան մշակույթների եւ խմբերի ինքնության վրա: Մշակութային բոլոր դաշտերում էժան եւ անմիջականորեն հասանելի նյութերը ոչ միայն իջեցնում են արվեստի որակը, այլեւ նրանց միաձուլում են մեկ ընդհանուր եւ աննկարագիր կաղապարում:
Մյուս կողմից, կարելի է ասել, գլոբալ կապն ու հեշտ եւ արագ հարաբերությունը անպայման միատարրություն եւ ինքնության կորուստ չեն նշանակում, այլ մինչեւ անգամ կարելի է համարել ողջունելի երեւույթներ, քանզի օգնում են հանդիպել եւ ճանաչել իրար յուրահատկություններն ու ատրիբուտները, սովորել նոր տեխնիկաներ, մոտեցումներ եւ այլն, եւ այդպիսով հարստացնել անձնականը:
Հետաքրքրական է տեսնել, թե նույն երեւույթը ինչպե՞ս է դրսեւորվում տարբեր պայմաններում եւ շրջապատներում: Ինչպե՞ս է նույն «գործիքը» օգտագործվում տարբեր միջավայրերում: Ինչպիսի՞ տարբերություններով է նույն նյութը, ասենք, նույն երաժշտությունը կատարվում աշխարհի տարբեր անկյուններում: Տարբերությունը ինչի՞ց կարող է բխել: Արդյո՞ք դա մշակութային ինքնության խնդիր է, անհատ արվեստագետի խառնվածքի հետեւա՞նք, թե՞ գուցե այդ երկուսի որոշակի խառնուրդ...
Ինքնության կորուստը կանխելու համար հարկ է միջամտել եւ լրջորեն առնչվել այս երեւույթին: Մեզ հեղեղելու փոխարեն, պիտի նրա հզոր պոտենցիալը օգտագործել զարգացման եւ մշակույթի հարստացման համար: Առաջնորդող եւ օրինակ հանդիսացող անձինք պետք է արտաքին ազդեցությունների եւ ներքին ատրիբուտների միջեւ գտնեն եւ գործադրեն օպտիմալ հավասարակշռություն (խառնուրդ): Սա հնարավոր է միայն լուրջ աշխատանքով եւ հարատեւ հետեւողականությամբ: Դա նաեւ պայմանավորված է առաջնորդելու ծանր պատասխանավության ստանձմամբ, ամբողջ դժվարություններով հանդերձ:
Պետք է առաջադեմ տարրերը ժամանակակից տեխնոլոգիաների «գրոհը» ընդունեն իրապաշտորեն եւ պասիվորեն անձնատուր լինելու փոխարեն այն շահագործեն ի շահ անհատականության պահպանման եւ առաջադիմության:
Էլեկտրոնային մեդիայի «հեղեղը» միաժամանակ թե՛ ջախջախիչ է եւ թե՛ ողջունելի: Նրա միջոցով պետք է մշակութային ինքնությունը մղել առաջ եւ այն հարստացնել առաջին հայացքով «օտար» թվացող երեւույթներով: Պետք չէ խուսափել նոր տեխնոլոգիաներից, նրանց մերժել, դուրս մղել ու մեկուսանալ: Մեկուսացումը պարտության նախադրյալ է: Եթե չմիջամտենք, ապա կոմերցիոնիզմն ու տափակությունը, որոնք հեշտությամբ մատչելի են եւ ողողված ցածր ճաշակով ու էժան արժեքներով, ղեկը կվերցնեն եւ «կսրբեն» ամեն ինչ, որը հատուկ է ու տարբեր...
Զուգահերաբար, մշակութային եւ գեղագիտական դոգմաները պետք է քանդել: Սա հավանաբար առաջադիմության եւ նորարարության ամենահիմնական նախապայմանն է:
Արվեստագետներին, տաբուները հաղթահարելու մեջ օժանդակելու հետ համընթաց, պետք է ոգեւորել հավատալու ուրույն ինքնությանն ու կյանքի եզակի փլիսոփայությանը: Միաժամանակ նրանց պիտի առաջնորդել հասկանալու եւ ընկալելու ուրիշներին` նրանց եզակիությունն ու տարբեր լինելու հանգամանքը: Հանդուրժողականությունը առաջադիմության մյուս պայմանն է:
Շատ են առանց անհատականության կորստի մշակութային սահմանների հատման նմուշները, հատկապես երաժշտության եւ սինեմայի բնագավառներում: Այս ասպարեզներում աշխատող շատ վարպետներ ստեղծել են իրենց հատուկ եւ ուրույն մշակույթի արմատներից սնված ինքնատիպ աշխատանքներ, հակառակ որ հիմնական նյութը կամ միջոցները մնացել են անփոփոխ:
Օրինակի համարՙ սինեմայի տեխնիկան կամ երաժշտության նոտաները նույնն են, իսկ արդյունքներըՙ միանգամայն տարբեր: Ակիրա Կուրոսավան, Ինգմար Բերգմանն ու Սերգեյ Փարաջանովը ( եւ նման մի շարք այլ արվեստագետներ) այս երեւույթի ցայտուն օրինակներից են: Նրանք ասպարեզ են մտելՙ իրենց հետ բերելով իրենց մշակույթների հարուստ շտեմարանից սիմվոլներ, ձեւեր, մոտեցումներ, փիլիսոփայություն, եւ ոչ միայն դարձել են հստակ ներկայություն, այլեւ բացել են անհամար դռներ ու ծառայել են որպես օրինակ այլ արվեստագետների եւ ընդհանուր հանրության համար:
Անհրաժեշտ է դրսեւորել կարողություն եւ վճռականություն: Մշակված եւ անմշակ ինքնության անկաշկանդ կապի առկայությունը պարտադրում է աչալրջորեն պահպանել այն, ինչը ժամանակին հազվագյուտ էր եւ ձեռք է բերվել մեծ դժվարություններով:
ԷԴՈՒԱՐԴ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ