Ամենեւին էլ պատահական չէ, որ բժիշկները սկսում են ստեղծագործել: Նման կարծիք է ձեւավորվում այն ժամանակ, երբ կարդում ես բժիշկ-գրողների ստեղծագործությունները:
Բժիշկները գործ ունեն մարդու մարմնի, կենսաբանության հետ, իսկ գրողները` հոգու: Այսպիսի կարծիք երեկ հայտնեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը «Հայ բժիշկները` հայ գրականության մշակներ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման ժամանակ: Բուժելով հիվանդինՙ կամա թե ակամա բժիշկները շփվում են նաեւ հիվանդի հոգեկան աշխարհին, տեղյակ լինում նրա հաջողությունների ու դժբախտությունների մասին: Օրինաչափ է, որ այդ ամենից հետո շատ բժիշկներ թղթին են հանձնում իրենց եւ իրենց հիվանդների զգացողություններն ու ապրումները:
«Հայ բժիշկները` հայ գրականության մշակներ» ցուցահանդեսը բացվել է Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանում: Ցուցահանդեսը հոգեբույժ Հարություն Մինասյանի «Հայ բժշկության թանգարանի» մասն է կազմում: Հարություն Մինասյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված են 145 հայ բժիշկ-գրողների աշխատանքները: Ցուցադրվող գրքերը 400 կտորից ավելի են: Բացի գրքերիցՙ ցուցափեղկերում դրված են նաեւ գրող-բժիշկների շուրջ 200 իրեր` ակնոցներ, սրվակներ եւ այլն:
Ցուցահանդեսը բացվել է Հարություն Մինասյանի ջանքերի շնորհիվ, առողջապահության եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ: «Հայ գրականության բնագավառում բժիշկները մեծ ավանդ ունեն», ասաց Հ. Մինասյանը:
Ներկայացված էին բժիշկ-գրողներ Ռուբեն Սեւակի, Ծերենցի, Նահապետ Ռուսինյանի, Զորի Բալայանի եւ շատ ուրիշների աշխատանքները: Իր ելույթում Հարություն Մինասյանը նշեց, որ հոկտեմբերի 4-ը բժշկի միջազգային օրն է, իսկ հոկտեմբերի 10 հոգեկան առողջության օրն է: Ցուցահանդեսը, բացվելով այս 2 կարեւոր օրերի արանքում, միաժամանակ նվիրված է Երեւանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին, նաեւ Հայաստանի բժշկության պատմության առաջին թանգարանի հիմնադիր, ակադեմիկոս Լեւոն Հովհաննիսյանի եւ նվիրյալ բժիշկ, գրող Ռուբեն Սեւակի ծննդյան 125-ամյակներին:
Պտղաբերության կենտրոնի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի խոսքով` ցուցահանդեսի գաղափարը շատ հետաքրքրական է. «Ուրախ կլինեմ, եթե սա շարունակական լինի: Լավ բժիշկը, բացի մարդու անատոմիան իմանալուց, պետք է կարողանա աշխատել նաեւ հիվանդի հոգեկան աշխարհի հետ: Բժիշկներս օրական 40-50 ճակատագրեր ենք տեսնում: Ամեն մի հիվանդի ճակատագրի մասին կարող ենք մի պատմվածք գրել»: Բժիշկ Համբարձումյանի «Ամերիկա, Աստված եւ սեր» աֆորիզմների գիրքը ցուցահանդեսում նույնպես ներկայացված է: Նրա գրքում ցետեղված են 1000-ից ավելի աֆորիզմներ: Բժիշկ Համբարձումյանը գիրքը գրել է 5 տարի առաջ:
Բժիշկ-գրողների աշխատանքները Ժող. արվեստի թանգարանում կցուցադրվեն մի շաբաթ:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ