«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2010-10-05 | #181, 2010-10-06 | #182, 2010-10-07


«ԱՐԱՄԵ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ». ՆՈՐ ԸՆՏՐԱՆԻ»

Երեւանյան շատ սակավ մասնավոր պատկերասրահների շարքում «Արամե պատկերասրահն», անկասկած, պրոֆեսիոնալ է իր գործունեության մեջ: Ամիրյան փողոցի վրա այս պատկերասրահը հիմնադրվեց 2003 թվականինՙ կերպարվեստի աշխարհ արդեն մուտք գործած, արվեստի մենեջերական հակումներ ունեցող Արամ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ անմիջական ջանքերով: Ի սկզբանե, կայուն եւ որոշակի կոնցեպցիա եւ գեղարվեստական սկզբունքներ որդեգրած պատկերասրահը հաջողությամբ անցած այս տարիներին կարողացավ նպատակային աշխատել. այն էՙ իր շուրջը համախմբած եւ իր գաղափարների համակիր կերպարվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ նպաստել նրանց հանրային ավելի լայն ճանաչմանը Հայաստանում, նաեւ միջազգային արվեստի շրջանակներում` մասնակից դարձնելով մի շարք հեղինակավոր արտ-էքսպոների եւ անհատական ցուցահանդեսներ կազմակերպելով:

Համոզված, որ մասնավոր պատկերասրահների կենսունակության եւ արդյունավետ գործունեության գործոններից մեկը գեղանկարիչների տաղանդավոր ու մնայուն խումբ ձեւավորելն է, պատկերասրահի տնօրենը հատկապես այս ուղղությամբ է ջանքեր գործադրումՙ նրանց հետ փոխշահավետ համագործակցության սկզբունքով:

Մշակութային դաշտի առկայությամբ նույնիսկ ակամա է հնարավոր հետաքրքրություն առաջացնել անգամ կյանքի նյութականության մեջ խոր խրված, գեղագիտական պահանջմունքի պակաս ունեցող որեւէ հանրության շերտերում: Այս առումով էլ նպատակային է «Արամե պատկերասրահի» գործունեությունըՙ կերպարվեստային դրսեւորումների, նաեւ արվեստի շուկայական հարաբերությունների հանդեպ որոշակի վերաբերմունք ձեւավորելու տեսանկյունից:

Պատկերասրահի հետ համագործակցող նկարիչների մի մաս ներկա է մշտական էքսպոզիցիայում: Տեղացի արվեստագետներից բացի «Արամեն» կազմակերպել է նաեւ արտերկրում ստեղծագործող հայ արվեստագետների ցուցահանդեսներ, ինչպեսՙ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի եւ ներկայումս ԱՄՆ-ում բնակություն հաստատած գյումրեցի նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազի:

Հրատարակչական աշխատանքները եւս պատկերասրահի գործունեության մաս են կազմումՙ յուրաքանչյուր ցուցահանդեսին ուղեկցող կատալոգների, բուկլետների, ծավալուն պատկերագրքերի տեսքով: Գնահատելի է նաեւ հրավիրյալ հյուրերին հրավիրատոմսերի հետ կատալոգներ ուղարկելու պատկերասրահի գեղեցիկ սովորույթը:

Վերջին պատկերագիրքըՙ անգլերենով է եւ կոչվում է «Արամե պատկերասրահ. Նոր ընտրանի» («New masterpieces of Arame Gallery»): Այն ընդգրկում է 20 հեղինակների շուրջ 100 աշխատանքՙ նրանց հակիրճ կենսագրականով եւ ստեղծագործությունների ընտրանիով: Պատկերագիրքը բացում է ֆրանսահայ նկարիչ Ժանսեմըՙ մարդկային մարմինների իրեն բնորոշ գունաթափանցիկ քնարականությամբ ու գծապատկերի փխրունությամբ: Նրան հաջորդող հայաստանյան հեղինակների մի մասըՙ արդի կերպարվեստում ուրույն գույն ու գեղարվեստական մթնոլորտ բերած եւ հաստատված ստեղծագործողներ են:

Ռոբերտ Էլիբեկյանի գույնի մեղեդային միջավայրը մոգական ազդեցություն ունի, ուր կերպավորման թրթռուն-գերզգայիկ ելեւէջումները լուսավոր համանվագ են ստեղծում շուրջը: Սա երազի, ենթագիտակցական գեղեցկությունների դրսեւորումներ են, մերթ արտիստիկ, բեմական հանդերձավորումով, մերթ պալատական զարդարուն-ռոմանտիկ կեցվածքով կանացի էակների:

Ռուբեն Աբովյանի նկարչությունը վաղուց արդեն ընդունված է թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային արվեստի շրջանակներում. նա պատկերասրահի անփոխարինելի եւ մնայուն հեղինակներից է: Նմանապես Էմիլ Գազազը, որի ֆիգուրատիվ նկարչության դեֆորմացիաները, քանդակների այլաձեւությունը նրա գեղագիտության ինքնատիպ կոնցեպցիայի արտահայտություններն են:

Նկարչական իր առանձնահատուկ ձեռագիրն է ներկայացնում Սարգիս Համալբաշյանըՙ գունային հակադրությունների խառը ֆիգուրատիվ կոմպոցիզիաներով: Խիստ ոճի, ֆիգուրների երկրաչափական հստակ ձեւածավալների ու գունային մուգ տոնայնությամբ է բնորոշվում Արմեն Գեւորգյանի արվեստը:

Դասական արվեստում արդեն ընդունված չափանիշներին ու գունաֆոնավորման մեթոդների են հետեւում Կայծ Վանիկյանն ու Շոթա Ոսկանյանըՙ կատարման տեխնիկայի վարպետությամբ: Խայտաճամուկ, գեղգեղուն, գունային զվարթությանՙ Գաբրիել Մանուկյանի նկարչական աշխարհը հայացքդ վերադարձնում է մանկության հեքիաթներին:

Արդի հայ նկարչության աբստրակտ ձեւերի լավագույն կատարողներից է Վահան Ռումելյանը. իր տեսակի մեջ հետաքրքրական է Գագիկ Ղազանչյանի նկարչական մտածողությունըՙ իրականության եւ տեսիլքայինի, կոնկրետ ժամանակի եւ անծայրություն-անորոշության պատկերա-վերացարկման արտահայտություններովՙ սեւի ընդգծված գերակայությամբ:

Պատկերագրքի յուրաքանչյուր հեղինակ ստեղծագործական մի աշխարհ էՙ գույնի ու ձեւի իր սեփական մեկնաբանությամբՙ Ռուբեն Գրիգորյան, Տիգրան Մատուլյան, Տարոն Մուրադյան, Լիլիթ Սողոմոնյան, Տիգրան Բարխանաջյան, Ավետիք Չթչյան, Մարատ Մարգարյան, Արփինե Քեթզյան:

«Հայաստանը հարուստ է բարձրակարգ եւ տաղանդավոր գեղանկարիչներով, սակայն սակավաթիվ մասնավոր պատկերասրահների հնարավորությունները թույլ չեն տալիս ընդգրկելու բոլոր շնորհալիներին». Արամ Սարգսյանը կարծում է, որ պատկերասրահի գործունեությունըՙ ցուցահանդեսների ու նմանատիպ հրատարակությունների միջոցով կարող է նպաստել այս արվեստագետների ստեղծագործական հաջողություններինՙ ստեղծելով նրանց համար բարենպաստ միջավայր ու մթնոլորտ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4